Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կյանքի բոլոր ոլորտներում կան արդյունքը զրոյացնող գործոններ։ Ակադեմիական և կառավարման ոլորտում արդյունքը զրոյացնող գործոններից է գրագողությունը։ Եթե հիմնավորվում է գրագողությունը, ապա այն զրոյացնում է կրթության-գիտության ոլորտի պաշտոնյայի մնացած արժանիքները։ Եթե 5000-ը բազմապատկեք 70000-ով, հետո 26999-ով, հետո 0-ով, ստանում եք 0։ Իհարկե, դաժան կանոն է։ Ես հավատում եմ, որ Ռուբեն Հայրապետյանը ցանկանում էր կարգի բերել բուհը, նոր շունչ հաղորդել, բայց նրա ընդդիմախոսները գիտեին արդյունքը զրոյացնող կանոնի մասին։ Նախարարն էլ հաշվի նստեց կանոնի հետ։
Մարդկայնորեն հասկանում եմ ուսանողներին։ Բայց հիշենք կյանքի մեկ այլ կանոն. գիշերվան հաջորդում է ցերեկը։ Մեր կրթական համակարգը շատ հիվանդ է։ Եվ որոշակի ցնցումներ են պետք այն առողջացնելու համար:
PS. Կարող եք հարցնել, թե ինչո՞ւ է կանոնը ընտրողաբար կիրառվում։ Պատասխանը պարզ է. կանոնը կիրառվում է այն մարդկանց հանդեպ, ովքեր հանգիստ չեն նստում տեղները։»։