Աշխարհում հայտնի «Մտքի ֆաբրիկանները (կամ ուղեղային կենտրոնները)» ակտիվորեն մշակում են այսպես կոչված ժողովրդական բարեփոխումների սցենարներ, որոնք հայտնի են «գունավոր հեղափոխություններ (ԳՀ)» անվանումով: Դրանք այսօր քննադատվում են և՛ անարդյունավետության, և՛ բազմամակարդակ անորոշության հաստատման համար: «ԳՀ» շուրջ ծավալված քաղաքական բանավեճում Հարվարդի համալսարանի Քենեդու անվան Պետական կառավարման դպրոցի ԶԼՄ-երի և հանրային քաղաքականության կենտրոնի պրոֆեսոր Ժոզեֆ Ս. Նայն շրջանատեց «փափուկ ուժի», «ճկուն իշխանության հզորություն» եզրույթները՝ հիմնավորելով այսպես կոչված «փափուկ ուժի» (soft power) տեսության տեխնոլոգիան: Ուշագրավ է այն փաստը որ Ժոզեֆ Ս. Նայի այս տեսությունը և՛ ակադեմիական, և՛ գործնական քաղաքականության արդյունք է: Ժոզեֆ Ս. Նայը Բ. Քլինտոնի վարչակազմում աշխատել է Պենտագոնի ղեկավարի` միջազգային անվտանգության գծով օգնականի պաշտոնում, 1993-1994թթ. գլխավորել է ԱՄՆ հետախուզության ազգային խորհուրդը:
Ժ. Նայը եղել է Եռակողմ հանձնաժողովի գործադիր կոմիտեի անդամ, պարբերաբար մասնակցել է Միջազգային հարաբերությունների կոմիտեի նիստերին: Նա եղել է տնօրեն Արևելք-Արևմուտք անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտում և Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտում: Օբամայի օրոք ներգրավվել է երկու նոր հետազոտական նախագծերում` «Հանուն նոր ամերիկյան անվտանգության» և «ԱՄՆ ազգային անվտանգության բարեփոխումներ»: Դոկտոր Նայի տեսական դրույթները ունեն հստակ գիտավերլուծական ու կիրառական նշանակություն, և ուղղված են Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ-ի, հեգեմոնիայի ընդլայնմանը: Իմիջայլոց, նման անցումները գիտությունից քաղաքականություն, քաղաքականությունից հետախուզություն և հետախուզությունից գիտություն, Արևմուտքում լայնորեն տարածված պրակտիկա է, որի բացառիկ նպատակը այս կամ այն էլիտար խմբերի շահերի առավելագույնս լայնորեն առաջ տանելն է: Այս համատեքստում Նայի «SOFT POWER»–ը վճռական դեր խաղաց սառը պատերազմում և որոշակիորեն դրսևորվում է 21-րդ դարում, քանի որ իշխանության (կամ՝ ազդեցության) այս տեսակը անմիջականորեն կապված է տեղեկատվական հեղափոխության հետ, տեղեկատվության բուն ծավալի աճի, ինչպես նաև Համացանցի շնորհիվ այդ տեղեկատվության տարածման լայնամասշտաբության և արագության հետ: Հանդես գալով ռազմական ուժի կիրառումից հեռանալու օգտին Ժոզեֆ Նայը առաջարկում է հարկադրել ներքին փոփոխությունների առաջխաղացումը՝ նորմերի և արժեքների մանիպուլյացիաների ճանապարհով: Նայը գտնում է, որ Արևմուտքի ներքին նվաճումների և միջազգային ձեռբերումների ցուցադրումը հաղորդակցության բազմաթիվ ալիքների միջոցով ամենայն հավանականությամբ, շահավետ կլինի ԱՄՆ-ի և Եվրոպայի համար: «Գրավչությունը» կարող է վերաբերվել քաղաքական արժեքներին (ժողովրդավարություն, ազատություն, արդարություն), մշակութային արտեֆակտերին (փոփ-երաժշտություն, արվեստ) և սպառման առարկաներին (Մակ Դոնալդս, բջջային հեռախոսներ): Հիմնական ռազմավարությունը քաղաքացիների նորմերի և արժեքների մանիպուլյացիաների ճանապարհով ներքին փոփոխությունների առաջմղումն էր: «Մեր ուժի կիրառումից օգուտ են քաղելու ավելի շուտ այն երկրները, որոնք ամենաշատն են մոտեցել ազատականության, բացախոսության և ինքնավարության գլոբալ նորմերին, որոնց առավել հասանելի են հաղորդակցման բազմաթիվ ուղիները և որոնց նկատմամբ վստահության մակարդակը մեծանում է դրանց ներքին և միջազային նվաճումների հաշվին»: Այն չափումներով ԱՄՆ և Եվրոպայի իշխանությունները խիստ զգալի առավելություններ ունեն: Այն տեսակետի վրա հիմնված արտաքին քաղաքականությունը իր մեջ ներառում է քաղաքացիական հասարակության միավորումներին աջակցման օգտագործումը ավտորիտար պետություններում խաղաղ և օրինական միջոցներով վարչակարգի փոխարինում իրականացնելու նպատակով: Այս դիրքորոշմանը հետևողականորեն հարում էին ԱՄՆ բոլոր վարչակազմերը: 2005 թ. Ջորջ Բուշը իր երդմնակալության զեկույցում հստակորեն հասկացնել տվեց, որ «ժողովրդավարական շարժումների և ինստիտուտների ծիլերի որոնումը և աջակցումն ամեն մի ազգության մեջ` ահա թե ինչում է ԱՄՆ քաղաքականության էությունը»:
Ամբողջությամբ՝ mmmargaryan.wordpress.com