«Պողոսը, Ամուլսարն ու հանրաքվեն». Լիլիթ Գալստյան
Advertisement 1000 x 90

«Պողոսը, Ամուլսարն ու հանրաքվեն». Լիլիթ Գալստյան

Լիլիթ Գալստյանի հրապարակումը

«ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողիվի նախագահ Բաբկեն Թունյանն, հավանաբար ի մտո ունենալով Ամուլսարի առնչությամբ հանրաքվե կազմակերպելու Դաշնակցության առաջարկությունը, իր տարակուսանքն է հայտնում, անկեղծորեն, առանց կաշկանդանքի գրելով, թե ինչու պիտի իր «հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես»։

Ասեմ, որ Բաբկեն Թունյանին, անձնապես չեմ ճանաչում, թեև տարիներ շարունակ կարդացել եմ, գնահատել և հավատարժան համարել իր տնտեսական վերլուծությունները։ Հիմա էլ, այն քիչ լսվողներից է․․․

Ինչևէ, այսօր խորհրդարանական մեծամասնությունը՝ Իմ քայլը խմբակցությունը ներկայացնող պատգամավորը աննպատակահարմար է գտնում «անգրագետների» հանրաքվեի ճանապարհով խնդրի հրապարակայնացումն ու համախոհական որոշում ընդունելը։

Պրն. Թունյանն հավանաբար մոռանում է, որ այդ «անգրագետների» հոծ բազմություններն ու նրանց ընտանիքներն են իր թիմին՝ քայլողներին, ձայն տվել՝ նրանց դեմքերն իսկ տեսած չլինելով, նրանց ազգանուններն ու նրանցից ծպտուն իսկ լսած չլինելով։ Հազարներով ձայն են տվել, որ իրենց անունից որոշումներ կայացնեն։ Տվել են սոսկ Փաշինյանի պատկերի ու խոստումների ներքո․ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ․․․։

Ի դեպ, բավական երկար ժամանակ քայլած պատգամավորներն իրենց ելույթներն անվերապահորեն սկսում էին «մենք՝ ժողովիդի ընտրյալներս» նախերգանքով։ ՀՀ սահմանադրությունը նրանց վստահել է ամենակարևորը՝ իշխանություն ձևավորելու քվեն, հիմա նրանք անգրագետ են ու և, ինչպես դուք եք գրում, այս կարևոր հարցում ձեզանից մեծ դեր չպիտի ունենան։

Ձեզ հետ մի հարցում կհամաձայնեմ՝ քաղաքական ուժը պիտի հստակ ձևավորած գաղափարախոսություն ունենա, բանաձևեր, տեսակետներ, մոտեցումներ, տվյալ պարագայում դրա անունը՝ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է։ Բայց ձեր քաղաքական ուժը, կառավարությունը չունի այդ տեսլականը, քայլերի հաջորդականությունը, ծրագրերի հստակությունը։ Հա՝ ախր դուք մերժում եք գաղափարախոսությունները։ Բայց ձեր թիմը չգիտի նաև «Ինչ անել»-ը և չի պատկերացնում «Ինչպես անել»-ը։

Ո,ւ եթե անգամ ձեր հարևան Պողոսը գրագետ լիներ՝ խմբավար, ուսուցիչ, հաշվապահ կամ ուսանող, ինքը չէր էլ կարող իմանալ և պարտավոր էլ չէր իմանալ Ամուլսարը սուլֆիդային է, թե՝ ոչ, հանքավայրի օքսիդացման գոտին որտեղից է սկսվում, հանքավայրերի դասակարգման միջազգային նորմերով այն ինչպիսին է, Սևանի և Ջերմուկի կեսաբազմազանությանն ուղղված ռիսկերը որոնք են։ Սա ոչ միայն անգրագետ Պողոսին, այլև շատ շատերին չէր հետաքրքրի․ կապրեր ժողովուրդն իր ապահով ու երջանիկ կյանքով, ձեզ վստահելով իր անունից և իր համար որոշումներ ընդունելու իրավունքը և մեծ «դերը»։

Այո կվստահեր, եթե կորցրած չլիներ հավատը։ Իսկ հավատը կորցնելու հիմքեր կան և այն տեսանելի է․ չի կարելի նախընտրական շրջանում այլ խոստումներ տալ, իրականում այլ վարքագիծ դրսևորել, չի կարելի միևնույն խնդրի շուրջ միմյանց հակասող տարբեր տեսակետներ հայտնել, պարզապես չի կարելի խիստ կասկածելի ծագումնաբանությամբ փորձագիտական կազմակերպության եզրակացությունը դարձնել ՀՔԾ-ի քրեական գործի կառճման հիմք ու վերջինս էլ հրապարակել իբրև բնապահպանական եզրակացություն։ Հենց այս վարքագիծն է հազարավոր Վալոդների ու մոտ մաշեցնում իշխանության վարկանիշն ու բարոյական լեգիտիմությունը։ Երկարատև պոպուլիզմն անգամ անհետաքրքիր է ու ձանձրալի
Եթե ակնհայտորեն, հուսահատեցնող անճարակությամբ Երևանը չեք կարողանում պարզ կենցաղային աղբից մաքրել ու քաղաքային իշխանությունն անզոր է լիբանանյան Սանիտեք կազմակերպության դեմ, այդ ինչպե՞ս եք կարողանալու կառավարել սևանամերձ ու ջերմուկամերձ աղետաբեր պոչամբարների ռիսկերը։ Պոչամբարների պարագայում, ինչպես Երևանում քիթդ փակելով ու առնետների վրայով տուրիստների հետ թռնելով չես պրծնի։

Ամուլսարի պարագայում զոհասեղանին ազգային անվտանգության՝ սոցիալական համերաշխության, երկրի կայուն զարգացման, բնական ռեսուրսների ողջամիտ շահագործման, երկրի կենսաբազմազանության և տարածաշրջանի էկոհամակարգի պահպանման խնդիրներն են։ Այս բոլոր ռիսկերի թերագնահատումը կարող է ճակատագրական ու անշրջելի լինել մեր պետության ապագայի համար։

Այո, որպես բնական ռեսուրսներով սահմանափակ, դեպի ծով ելք չունեցող, օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ մարտահրավերներ դիմագրավող երկիր, չենք կարող չզարգացնել հանքարդյունաբերությունը։
Բայց այն նախևառաջ կառուցված պիտի լինի ազգային և պետական շահի վրա ․ ՕՏԱՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐ ՊՈՉԱՄԲԱՐԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ԵՐԿԻՐ ՉՈՒՆԵՆՔ։

Հանրությունը պիտի հստակ իմանա, թե ինչ հանքարդյունաբերական քաղաքականություն է որդեգրել նոր իշխանությունը, վերջինիս՝ տնտեսական, սոցիալական, բնապահպանական գինը ո՞րն է, և արդյոք ինքն ուզում է՞ այդ գինը վճարել։

Հենց այս պատճառով, ժողովրդի հետ պետք է անկեղծ խոսել, հավատարժան, բազմակողմ փորձաքննություն իրականացնել, ներկայացնել բոլոր ռիսկերը՝ թե բացասական, թե դրական, գնալ հանրաքվեի»։



Նման նյութեր