Մի ուրվական է շրջում Ադրբեջանում…
Advertisement 1000 x 90

Մի ուրվական է շրջում Ադրբեջանում…

Մի ուրվական է շրջում Ադրբեջանում… Եվ դա ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավում նոր վերադասավորումների ուրվականն է, իր կատակերգական նախաբանով հանդերձ: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը «մասնագիտացել» է սեփական վերահսկողության տակ գտնվող տարածքների «ազատագրմամբ»: Ավելի ճշգրիտ` այդ խեղկատակությանը սկիզբ է դրվել 2016թ.-ի ապրիլյան պատերազմից հետո, երբ սեփական զինուժի հսկայական կորուստներն ու ձախողումները թաքցնելու նպատակով Ադրբեջանի ղեկավարությունը հանկարծ «հիշեց», որ «ազատագրել» է 1994թ.-ից ժամանակավորապես իր իսկ վերահսկողության տակ գտնվող Չոջուկ Մարջանլին:

Ադրբեջանական հասարակության որոշ մասը հավատաց այդ ստին, իսկ որոշ մասն էլ ձևացրեց, իբր, հավատում է դրան: Այնուհետև, ինչպես ասում են` ախորժակն ուտելուց է բացվում: Սեփական ժողովրդին, ինչպես նաև միջազգային հանրությանը փորձ արվեց 2017թ.-ին ներկայացվել «Զահրա շոու» թրիլլերը, ինչի շնորհանդեսը հայկական կողմի ներկայացրած հիմնավոր փաստերի շնորհիվ ձախողվեց: Դրանից հետո «Հասանով & Դարգյախլի Pictures» կինոստուդիան կրկին ձեռնամուխ եղավ մարտաֆիլմերի արտադրությանը, ինչի վառ ապացույցն էր 2018թ.-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում «Գյուննուտի փառահեղ օպերացիան», երբ կրկին «ազատագրվեցին» ժամանակավորապես բռնազավթված Նախիջևանի տարածքները: «Խեղկատակություն – 2019» կինոփառատոնն անցկացվում է ՀՀ Տավուշի մարզին սահմանակից, Հարավային Կովկասի ապօրինի ռազմաքաղաքական միավորում հանդիսացող Ադրբեջանի ժամանակավոր բռնազավթման տակ գտնվող տարածքներում: Սակայն, ուշագրավ է, որ այս անգամ մարտաֆիլմի նկարահանմամբ զբաղվում է «Էլչին Գուլիև & Brothers» կինոստուդիան:

Եվ այսպես, օրերս Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, խորհրդարանի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հայտարարել էր, որ ԱՀ ՊՍԾ սահմանապահ զորքերի կողմից Ղազախի և Աղստաֆայի ուղղությամբ մարտական դիրքերի առաջ բերումը սկսված գործընթացի շարունակությունն է: Ս.Նովրուզովը չէր «մոռացել» նշել, որ հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում «ադրբեջանական» գյուղ կա, որը հրկիզված է և Ադրբեջանը պետք է պատրաստ լինի ազատագրելու «իր հողերը»: Շեշտել է, որ ԱՀ բանակի զարգացումն ակնհայտ է և այն լիովին համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: Խոսքերն ավելորդ են` անքննելի են մտքերը Ս.Նովրուզովի: Ինչևէ, Ս.Նովրուզովին հիշեցնենք, որ իր իսկ նշած ուղղությամբ 1990-ականներին հայկական կողմն ազատագրել է դեռևս խորհրդային տարիներին ապօրինի կերպով ի հայտ եկած 2 անկլավներ` Բարխուդարլու, Սուֆուլու և Յուխարի Ասկիպարա գյուղերով հանդերձ: Դե ի՞նչ, ջանաբ Նովրուզով, հաջորդ անգամ, ստելուց առաջ, փոքր ինչ վերհիշեք ոչ վաղ անցյալը և գոնե մեկ հպանցիկ հայացք գցեք քարտեզին:

Ս.Նովրուզովի հայտարարությունից բառացիորեն 1 օր անց կրկին հորիզոնում է հայտնվում իրեն ռազմական փորձագետ համարող, պահեստազորի գնդապետ Շաիր Ռամալդանովը: Մեկնաբանելով պաշտպանության նախարար Զ.Հասանովի` առաջնագիծ կատարած այցերը, նա  հայտարարում է, որ եթե սպառվի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակը, ապա Ադրբեջանն իրավունք ունի և ի վիճակի է իրականացնել «հակաահաբեկչական գործողություններ»` «բռնազավթված տարածքներն ազատագրելու» համար: Ընդհանրապես, սույն ձախողակը սկսում է «փայլուն» մտքեր արտահայտել այն ժամանակ, երբ Զ.Հասանովը հայտնվում է ծանր կացության մեջ: Զ.Հասանովն իրականում հայտնվել է ծանր կացության մեջ, քանի որ էժանագին մարտաֆիլմեր նկարահանելու հեղինակային իրավունքը փաստացիորեն իրենից խլել են և նվիրել այն ՊՍԾ պետ Է.Գուլիևին: Եվ պատահական չէ, որ Ս.Նովրուզովը սկսում է գովաբանել ՊՍԾ սահմանապահ զորքերին, իսկ 1 օր անց, Շ.Ռամալդանովը սկսում է գովաբանել Զ.Հասանովին։ Իսկ թե ինչպես է Շ.Ռամալդանովը պատրաստվում «բռնազավթված տարածքներն ազատագրել», դա թողնում ենք 1990-ականներին նրա ձեռք բերած «հարուստ» փորձին: Հանուն ճշմարտության նշենք, որ այդ ժամանակահատվածում նա իրոք, մեծապես նպաստել է բռնազավթված տարածքների ազատագրմանը` իր ենթակա զորամասով փախուստի դիմելով ազերիների բռնազավթած հայկական տարածքներից:

Վերը նշված «դիրքային պատերազմին» փորձում է վերջ տալ Է.Գուլիևը` հայտարարելով, որ ՀՀ-ի հետ պետական սահմանի պահպանության և պաշտպանության նպատակով ՊՍԾ սահմանապահ զորքերի կազմում առանձին սահմանապահ «Ղազախ» դիվիզիա ստեղծելու վերաբերյալ նախագահ Ի.Ալիևի հրամանը հանդիսանում է ՊՍԾ-ի գործունեությանը տրված բարձրագույն գնահատականը: Բնական հարց է ծագում` Ի.Ալիևն այլևս չէ՞ր գնահատում, չէ՞ր վստահում այդ տեղամասում տեղակայված ՊՆ ստորաբաժանումներին:

Ըստ էության, դա ևս մեկ նախանշան է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավում կովբոյի դերը վերապահված է Է.Գուլիևին, ինչի վառ ապացույցն էր Ի.Ալիևի կողմից նրան «Ռաշադաթ» (Քաջություն) շքանշանով պարգևատրելը:

Որքան էլ տարօրինակ հնչի, Զ.Հասանովին օգնությունը հասավ անսպասելի ուղղությունից` հայերից: Է.Գուլիևի ու նրա շուրջ համախմբված պնակալեզների քաղցր ինքնախաբեությանը վերջ տվեց հայկական կողմը` հայտարարելով, որ ՀՀ ԶՈՒ-ն կարողացել են ԱՀ հետ սահմանին 140 հա տարածք ազատագրել և վերահսկողության տակ են վերցրել Վրաստան-Ադրբեջան ավտոմայրուղին: Ուշագրավ է, որ հայկական կողմի հայտարարությունից միայն 2 օր անց ԱՀ ՊՆ-ն ինչ-որ լղոզված մեկնաբանություն է անրել` նշելով, որ հայկական կողմի պնդումներն անհիմն են և «միայն ծիծաղ են առաջացնում»: Ստացվում է, որ 2 օր ադրբեջանական կողմը «ծիծաղից» այնքան է թուլացել, որ չի կարողացել կենտրոնանալ ու որևէ հոդաբաշխ բացատրություն տալ սեփական հասարակությանը: Դե, ի՞նչ, հայկական կողմն այսուհետ էլ պատրաստ է «ծիծաղեցնել» առանց այդ էլ տխուր ու բարդույթներով տառապող ադրբեջանցիներին, պարզապես, հազիվ թե այդ «ծիծաղն» առողջարար լինի նրանց համար: Սակայն, այդ «ծիծաղել պատմության» մեջ առկա է մեկ շատ կարևոր նրբություն` հայկական կողմի պնդումները փորձել է հերքել ԱՀ ՊՆ-ն, մինչդեռ, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հիմնականում հաջողության են հասել ՊՍԾ սահմանապահ զորքերի պահպանության տեղամասում: Դա պատահականությու՞ն է, թե` հստակ դերաբաշխում: Իրականությունն այն է, որ ադրբեջանական կողմը հստակ տեղյակ է իրավիճակի մասին և իրենց համար դառն իրականությունը հերքելու անշնորհակալ պարտականությունը վերապահել է ՊՆ-ին, որպեսզի, հետագայում ադրբեջանական հասարակության լայն խավերը լիաթոք ծիծաղեն ոչ թե Է.Գուլիևի, այլ` Զ.Հասանովի վրա: Անկեղծ ասած, Զ.Հասանովը նման առիթներ բազմիցս է ընձեռել:

Կոնստանտին Ազարյան
«Արմենպրես»



Նման նյութեր