Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամուլսարի հանքի հետ կապված մի քանի հրապարակավ դիտարկումներ.
1. ՀՀ քաղաքացիների հետ պետք է մշտապես լինել անմիջական կապի մեջ, անկախ նրանից՝ քրեական գործ կա հարուցված, թե ոչ։ Եթե, ասենք, երկու կամ մեկ շաբաթ առաջ իր այսօրվա այցելությունը կատարած լիներ ՀՀ վարչապետը, մինչ երևանյան ցույցերը, բոլորովին այլ մթնոլորտում կանցնեին հանդիպումները և քննարկումները և երկխոսության արդյունավետությունն ապահովված կլիներ։
2. Իսկ ինչու՞, բացի վարչապետից, գործադիր իշխանության այլ ներկայացուցիչներ՝ նախարարները, չեն գնացել կամ չեն գնում քաղաքացիների հետ նման ուղղակի շփումների և քննարկումների, պարզաբանումների։ Այս մասին, երևի թե, իրենք պետք է մտածեն, և հասկանան պատճառները, և իրենց մեջ ինքնախոստովանելուց հետո, ինքնաճանաչվելուց հետո, փորձեն փոխեն գործելակերպը։ Անընդհատ վարչապետի հովանու ներքո չեն կարող մնալ պատսպարված։
3. Առանձին և անչափ կարևոր հարց է ԱԺ «Իմ քայլը» պատգամավորների բացառիկ պասիվությունը և չայցելելը, չհանդիպելը, չերկխոսելը քաղաքացիների հետ։ Անբացատրելի, անընդունելի պահվածք է։
4. Քաղաքացիների նկատմամբ հարգանքը, անկախ նրանց մասնագիտական, կրթական և այլ կարողություններից, պետք է դրսևորվի ոչ միայն նախընտրական ժամանակաշրջանում, այլ առավելապես և շարունակաբար ընտրություններից հետո։ Պետք է հիշել, որ քվեարկության ժամանակ քվեն՝ իշխանությունը, հանձնել են Ձեզ, պատգամավորներին վստահելով, ոչ թե ըստ Ձեր մասնագիտական կամ կրթական կարողությունները ստուգելուց հետո։
5. Վերջապես, վերը նշված խնդիրները չէին առաջանա, եթե ի սկզբանե, չգերակայեր հանքի շահագործման միտվածությունը։
Հանքի շահագործման օգտին որևէ փաստարկ չկա, բացի ենթադրյալ տնտեսական օգուտներից, որի մեջ զուտ մեթոդապես չեն հաշվարկվում Ամուլսարի ողջ էկոհամակարգի պահպանմամբ տուրիզմի զարգացման տնտեսական ավելի իրական, թե կարճաժամկետ, թե հեռանկարանային օգուտները, որոնք կստանա ոչ թե միայն մեկ կազմակերպությունը՝ հանձինս Լիդիանի, այլ շատ ավելի մեծ թվով փոքր և միջին ծառայություններ մատուցող ձեռնարկություններ, որոնք կան և կստեղծվեն և կզարգանան տուրիզմի զարգացման հայեցակարգի ձևավորման, ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման դեպքում։
Ամուլսարի հանքի շահագործումը որևէ երկարաժամկետ կամ կարճաժամկետ օգտակարություն չունի»։