Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացնում է «Կարմիր խնձոր»-ի ավանդական պատմությունը.
«Հարսն ու փեսան ամուսնական առաջին գիշերից հետո, հաջորդ օրվա լուսաբացին նախ բարձրանում են տան կտուրին ու երկրպագում արևին: Վասպուրականի հայերի մոտ նաև պահպանվել է արևի երկրպագության երգը.
-Էգ /այգ/ բարև, ա՛յ էգ, բարև,
Էգն արևուն տանք բարև,
Տա թագավորին շատ արև,
Վահե՛, Վահե՛:
Էգ բարև, այ էգ, բարև,
Էգն արևուն տանք բարև,
Տա՛ թագուհուն շատ արև,
Վահե՛, Վահե՛…
Այնուհետև նորապսակներն ազապների ուղեկցությամբ գնում են գերեզմանոց, քանզի արդեն առագաստ մտած հարսը պետք է խոնարհվեր ու երկրպագեր փեսայի նախնիների շիրիմները:
Այստեղ հետաքրքիր խորհուրդ կա. չէ՞ որ հարսը հայրական տնից դուրս գալուց առաջ՝ խոնարհվել է հայրական օջախին, հրաժարվել նրանից, ապա խոնարհվել տղայի տան օջախին՝ ընդունելով այդ տոհմին, իր պատկանելությունը:
Ամուսնական առագաստից հետո, իր մեջ կրելով նոր տոհմի սաղմը, գնում է խոնարհվելու տղայի նախնյաց գերեզմանին՝ այդկերպ անտես մի պորտալարով ապահովելով սերունդների միջև կապը:
Գերեզմանի հետդարձի ճանապարհին, փեսան նիզակ է խրում հողի մեջ, որի վրա հարսն իր ձեռքով կարմիր խնձոր է ամրացնում: Խնձորի վրա սկզբից կրակում է փեսան: Եթե կրակոցը դիպուկ է՝ հարսը նրան գոտի է նվիրում: Եթե փեսան խնձորին չի կպչում՝ հերթով կրակում են ազապները: Առաջին դիպուկ նշանառուին հարսը խալաթ է նվիրում՝ որպես բարեկամության նշան: Սովորաբար, հենց նա էլ դառնում է ապագա նորածնի քավորը»: