Սեփական հավաքածուում ավելի քան 230 նկար ունեցող հայաստանցի կոլեկցիոներ, արվեստի քննադատ Թաթուլ Առակյանն իր հավաքածուից ընտրել և ցուցահանդեսով ներկայացրել է ժամանակակից և դասական աբստրակցիոնիստ նկարիչների ավելի քան 30 գործ: «Արմենպրես»-ի հետ զրույցում աբստրակցիոնիզմի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրության և իր հավաքածուի մասին պատմեց Առակյանը:
«Հավաքածու սկսել եմ հավաքել 1987-88 թթ, 1991 թվականին բացեցի պատկերասրահ, որն այն ժամանակ ներկայացնում էր արդի նկարչության գրեթե բոլոր դրսևորումները: Տարիներ հետո՝ 1997-ին ավելի նեղացրեցի հեղինակների և նկարչական ուղղության շրջանակը, սկսեցի ներկայացնել միայն աբստրակցիոնիզմ: 1997-ից մինչև այսօր աբստրակցիոնիզմի բոլոր դրսևորումները, գրեթե բոլոր հեղինակներին ներկայացրել եմ: Դրան զուգահեռ ես երբեք անտարբեր չեմ անցել տարբեր ուղությունների ներկայացուցիչների կողքով»,-պատմեց կոլեկցիոները:
Առակյանը Գերմանիայում, Ֆրանսիայում անգամ շարունակում է ցուցահանդեսները: Այս պահին Հայաստանում պատկերասրահ չունի, մոտ 230-240 նկարներից բաղկացած հավաքածուի մի մասը պահում է տանը:
Նա հիշեց` Խորհրդային Միության տարիներին ոչ մի ցուցահանդեսի պաշտոնապես ներկայացված չէին լինում աբստրակցիոնիզմի գործեր: «Ես համարում էի, որ այն հանիրավի հետ էր մղված, և ժամանակն էլ հնարավորություն էր տալիս ըստ արժանվույն ներկայացնել աբստրակցիոնիզմը Հայաստանում: Իմ առաջ խնդիր դրեցի հնարավորինս ներկայացնել աբստակցիոնիզմի ամբողջ դաշտը, կազմակերպեցի 6 ցուցահանդես` «Աբստրակցիոնիզմի զարգացման դինամիկան Հայաստանում ` 70-90-ականներին»: Այդ ընթացքում ցուցադրեցի մոտ 30 հեղինակի գործեր, իմ կարծիքով՝ ներկայացրեցի ամբողջ դաշտը»,-պատմեց կոլեկցիոները:
Նրա կարծիքով` աբստրակցիան շատ ավելին է, քան առարկայական աշխարհին զուտ հակադրվելը: «Այսքան տարիների ընթացքում գոնե հասա նրան, որ պատկերասրահ եկողների գերակշիռ մասն այլևս չի հարցնում, թե ինչ է պատկերված»,-նշեց Առակյանն ու հավելեց` մոտ 200 հոգի հավանել է այդ արվեստն ու ձեռք բերել նկարներ. ինքը դա համարում է առաջխաղացում, իր փոքրիկ ներդրումը:
Ցուցահանդես անցկացնելու առաջարկ ստացել է «Նովա Արտ» պատկերասրահ-սրճարանի տնօրեն, Լիբանանում գործող «Զարթոնք»-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանից: Առակյանն այս ցուցահանդեսում ներկայացրել է իր հավաքածուից ժամանակակից, նաև ավագ սերնդի աբստրակցիոնիստ նկարիչների գործերը:
Սևակ Հակոբյանը նշեց` ինքն աբստրակտ ոճի նկարչությունը ևս շատ է սիրում: «Նովա Արտ»-ում մարտից ի վեր կազմակերպել են երիտասարդ նկարիչների ցուցահանդեսներ, այս անգամ ցանկացել են փոքր-ինչ ֆորմատը փոխել, ներկայացնել հավաքածու, որի մեջ կան թե դասական նկարիչների, թե ժամանակակից նկարիչների գործեր: