…Դժվար է գտնել 50-60-ական թվականների հայաստանյան հայտնի դեմքերից մեկին, որը չիմանար Մոսկվայի Կուտուզովի պողոտայի 37 շենքի N:172 բնակարանը: Հարությունյանների հյուրընկալ օջախը դարձել էր Մոսկվայի և Երևանի քաղաքական գործիչների, մտավորականների և արվեստի մարդկանց հանդիպման վայր, Հայաստանի մշակույթի մի տեսակ տուն` այս վերջինի պաշտոնական բացակայության պայմաններում: Այստեղ Հայաստանից եկած հյուրերը առիթ էին ունենում հանդիպելու Անաստաս և Արտեմ Միկոյանների, Բաղրամյանի, Խաչատրյանի, Իսակովի, մարշալ Բաբաջանյանի, Պավել Լիսիցյանի, Կարո Հալաբյանի, Սուրեն Քոչարյանի, ակադեմիկոս Ենիկոլոպյանի, Առնո Բաբաջանյանի, քանդակագործ Նիկողոսյանի, նկարչուհի Ասլամազյանի և ուրիշ երևելի մոսկվացիների հետ: Սխալ կլիներ կարծել սակայն, որ Հարությունյանն իրեն շրջապատել էր միայն մեծություններով: Նա հեռու էր փառասիրությունից և միշտ նեցուկ էր կանգնում մարդուն` անկախ նրա հասարակական դիրքից ու աստիճանից: Նա հատկապես ուշադիր էր երիտասարդների նկատմամբ: Անահիտ Մուշեղովնան հիշում է, որ Համո Ակիմովիչը միշտ իրեն հորդորում էր հոգատար վերաբերվել Հայաստանից եկած երիտասարդների նկատմամբ, «որպեսզի նրանք հեշտ տանեն օտարությունը»: «Եթե ուրիշներն ինձ մոռանան, երիտասարդները չեն մոռանա»,- ասում էր նա: Եվ նրանցից շատերին է օգնել Հարությունյանը դուրս գալու կյանքի մեծ ճանապարհ, օրինակ` հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին կամ Լյուքսեմբուրգում Ռուսաստանի դեսպան Էդուարդ Մալայանին:
…Հարությունյանի կապվածությունը հայրենիքի հետ նոր բովանդակություն ստացավ, երբ նա 30 տարի ընդմիջումից հետո կրկին այցելեց Հայաստան: Այցելությունը բեկումնային եղավ նրա կյանքում` բոլոր իմաստներով: Մոսկվայից ժամանած պատվավոր հյուրին Երևանում ընդունում են, ինչպես որ հարկն է` պաշտոնական հրավերներ, հանդիպումներ, այցելություններ: Երևանի հախճապակու գործարանում Հարությունյանին ընծայում են իրենց արտադրած սափորը, որը նրան է հանձնում գլխավոր ինժեներ Անահիտ Թումանյանը` մեծ բանաստեղծի թոռնուհին: Դեռատի կնոջ գեղեցկությունը ցնցում է Հարությունյանին: Հարությունյանը սիրում էր Թումանյանին, անգիր գիտեր նրա ստեղծագործություններից շատերը: Սակայն նա այցելում է Թումանյանի նորաբաց տուն-թանգարանը ոչ միայն անմահ բանաստեղծին հարգանքի տուրք մատուցելու համար: …Այստեղ նա կրկին հանդիպում է Անահիտին և առաջարկում իր սիրտն ու ձեռքը: Վերջինս շփոթված ասում է, որ ինքն ամուսնացած է, ունի երեխա, ինչին հյուրը պատասխանում է ֆրանսերեն երկու բառով. «Coup de Foudre» (բառացիորեն «Կայծակի հարված») և թարգմանում. «Սեր առաջին հայացքից»: Շատ չանցած Անահիտը տեղափոխվում է Մոսկվա, և նրանք ամուսնանում են:
Երևանում Հարությունյանը տեղեկանում է պոետի ընտանեկան ողբերգության մասին` այն, որ 37-ին նրա երեք որդիները՝ Համլիկը, Արեգը և Մուշեղը, բռնաճնշվել են: Առաջին երկուսը գնդակահարվել են ԽՍՀՄ-ի տարբեր բանտերում, Մուշեղը վախճանվել է մեկ տարի անց թոքաբորբից: Վերադառնալով Մոսկվա` նա բողոքարկում է նրանց դատավճիռը` դիմելով երկրի գլխավոր դատախազ Ռուդենկոյին, խնդրում վերանայել Թումանյանների գործը: Թանգարանում ծանոթացա Հարությունյանին հասցեագրված Խորհրդային Միության Գլխավոր զինվորական դատախազության` 1955թ. հունիսի 2-ի, N:10804-09 թվակիր նամակին, որով` ի պատասխան նրա բողոքարկման, հայտնվում է գործը կարճելու և նրանց ռեաբիլիտացիայի` արդարացման մասին: Ավելի վաղ նմանօրինակ բողոքարկումով Գլխավոր դատախազություն էր դիմել Թումանյանի կինը` Օլգա Թումանյանը: Մերժել էին: Երիտասարդ ընթերցողին հարկ է իմանալ ստալինյան դժնդակ դարաշրջանի պատմությունը` հասկանալու համար, թե ինչպիսի քաղաքացիական արիություն է ունեցել Հարությունյանը այն տարիներին նման քայլի դիմելու համար: Ի դեպ, երբ նա գրում էր այդ նամակ-բողոքը Ռուդենկոյին, դեռևս ամուսնացած չէր Անահիտի հետ:
Հիշյալ այցելության ժամանակ կայանում է Հարությունյանի անձնական ծանոթությունը Մարտիրոս Սարյանի հետ, որը սկիզբ է դնում նրանց երկարամյա, հուզիչ բարեկամությանը: Մինչ այդ դիվանագետը և Վարպետը արդեն ունեին նամակագրություն: Հարությունյանը բարձր էր գնահատում սարյանական արվեստը, և երբ վերջինս մեղադրվում էր ժդանովյան ապաքաղաքացիության մեջ, Մոսկվայում ձեռք է բերում նրա վաղ շրջանի 15 կտավ, այդ թվում՝ «Քայլող կինը» (գտնվում է Սարյանի պատկերասրահում), «Կարմիր ձին», «Ջրհորի մոտ» և այլ գլուխգործոցներ: Նա Մոսկվայի Արբատ փողոցի հայտնի «Անտիկվար» խանութի մշտական հաճախորդն էր, որտեղից հիմնականում գնում էր Սարյանի, Այվազովսկու, Բաշինջաղյանի, Ալաջալովի, Գառզուի կտավները: Նամակներից մեկում Հարությունյանը «շտապում է» հայտնել Վարպետին, որ «իրեն բախտ է վիճակվել հայթայթել նրա 1914 թ. կտավներից մեկը, որի վրա պատկերված են փարթամորեն ծաղկած երկու խնձորենիներ»: «Գիշերը, աշխատանքից վերադառնալով տուն,- գրում է նա,- երկար հիանում եմ այդ բնանկարով, որն առլեցուն է ցնծացող գարնան կյանքի ուրախությամբ: Սկսում ես վերհիշել հայկական գյուղի փթթող այգիները, պատանեկությանդ տարիները, սիրտդ լցվում է խանդաղատանքով, և հավատում ես, որ ինքը` կյանքը, ծաղկող գարուն է, և երախտիք ես տածում նկարչի նկատմամբ, որն արարում է նման կտավներ: Ի սրտե մաղթում եմ, որ Ձեր տաղանդը ծաղկի մշտապես` Արարատյան դաշտի խնձորենիներին հար և նման»: Կարդում ես և շոշափելիորեն տեսնում հայրենիքով, նրա բնությամբ գերված դիվանագետի բանաստեղծական ոգին: 70-ին` գամված Կրեմլի հիվանդանոցի մահճակալին, նա հայերենով գրում է Վարպետին. «Շատ սիրելի, մեծարգո, մեր հարազատ Մարտիրոս Սերգեևիչ ջան: Դուք գիտեիք, որ ես ուզում էի նորից գալ Երևան` մասնակցելու Ձեր ծննդյան 90-ամյակի տոնակատարությանը: Չէի պատկերացնում, որ այդ օրը մենք միասին չենք լինելու, և չէի կարողանալու ջերմորեն սեղմել ու համբուրել Ձեր հանճարեղ ձեռքը, որն այդքան երջանկություն է պարգևել մարդկանց»: Հարությունյանը գիտեր, որ դատապարտված է, բայց ասում է. «Խոսք եմ տալիս, որ Ձեր ծննդյան 100-ամյակը միասին կանցկացնենք: Զուռնա-դհոլով հայոց սարերի մեր սիրած մեղեդիները կհնչեցնենք: Թող Աստված պարգևի այդ բախտավորությունը բոլորիս»: Անհնար է անտարբեր կարդալ նաև Մարտիրոս Սարյանի նամակները Հարությունյանին, որոնք փիլիսոփայական-խոհական և գեղագիտական մտքի փայլատակումներ են, համահունչ արվեստագետի կերտվածքներին: «Ողջունում եմ ի սրտե, գրկում եմ իմ իմաստուն բարեկամին և մաղթում առողջություն և հաջողություններ»,- գրում է նա Հարությունյանին: Վարպետն իր ամենանվիրական մտորումներն ու զգացմունքները կիսում է նրա հետ, պատմում իր ծրագրերի և ստեղծագործական մտահղացումների մասին: «Անվերջ սիրելի Համո Ակիմովիչ: …Ուզում եմ Ձեզ գրել ամեն ինչի մասին, արտահայտել գեթ աննշան մասն այն ամենի, ինչ պտտվում է իմ գլխում և հուզում ինձ»: Սարյանը նրան անվանում է «իդեալական», «հազվագյուտ մարդ»: Հարությունյան-Սարյան նամակագրությունը, որը էպիստոլյար` նամականու ժանրի դասական օրինակ է, իրենից ներկայացնում է երկու մեծերի խորիմաստ և իմաստալից երկխոսություն:
Ինչպես ասվեց, Հարությունյանը արվեստների` հատկապես գեղանկարչության մեծ սիրահար էր: Նրա սարյանական կտավների հավաքածուն հասնում էր տասնյակների: Մի առիթով Բաղրամյանը կատակով ասել է. «Այսքան Սարյան շատ է մի ընտանիքի համար»:
Հաճախ եմ հանդիպել դիվանագետների, որոնց «թուլությունը» գեղանկարչությունն է: Ինքս էլ եմ տառապում այդ «հիվանդությամբ»: Նրանց մեծ մասը կտավներ է հավաքում գեղագիտական հաճույքի համար: Բայց կան դիվանագետներ, որոնք հավաքածուն օգտագործում են այլ նպատակներով: Գրոմիկոյի առաջին տեղակալ, հետագայում ԳՖՀ-ում դեսպան Վլադիմիր Սեմյոնովը, օրինակ, որը ներկայումս բնակվում է Գերմանիայում, իր հավաքածուից վաճառում է Պիկասո, Շագալ, Մալևիչ, Կանդինսկի, ինչը ես բնական եմ համարում. Աստծուն՝ Աստծուն, Կեսարինը` Կեսարին: Հարությունյանն այս առումով ևս մինչև վերջ մնացել է անաղարտ: Նա սիրով է տրամադրել իր անձնական սարյանական գլուխգործոցները Խորհրդային Միությունում և արտասահմանում ցուցադրելու համար: Ցավալի է, որ այդ հարուստ հավաքածուն դեպքերի բերումով այսօր գրեթե փոշիացել է:
Հարությունյանը կապված է եղել անցյալ դարի անվանի հայերից շատերի հետ: Դժբախտաբար չեն պահպանվել նրանց փոխանակած նամակները: Արամ Խաչատրյանի հետ նրա մշտական նամակագրությունից մնացել է մի նամակ: «… Մենք (նկատի ունի իրեն և կնոջը` Նինային.- Ա.Ն) ուզում ենք ասել Ձեզ, որ Դուք արտակարգ մարդ եք, մենք Ձեզ շատ ենք սիրում, և Ձեզ հետ հաղորդակցվելը մեզ մեծ բերկրանք է պարգևում»:
Հարությունյանի կապը Հայաստանի և հայաստանցիների հետ, ինչպես նաև նրա հայրենասիրական հայացքները նոր ձև և բովանդակություն են ստանում 60-ականների երկրորդ կեսին, ինչը որոշակի հետևանք էր թողնելու նրա հետագա դիվանագիտական կարիերայի համար:
Պատմում է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: «Առաջին իսկ հանդիպման ժամանակ Համո Ակիմովիչը ցնցող տպավորություն թողեց ինձ վրա: Որպես քաղաքական գործչի` իմ կայացման մեջ, ես ամբողջովին պարտական եմ նրան: Մենք` Մոսկվայում սովորող, հայրենասիրական ոգով տոգորված մի խումբ ուսանողներ, որոշեցինք Ապրիլի 24-ին բողոքի և պահանջատիրական ցույց կազմակերպել թուրքական դեսպանության առջև: Բոլորս ոգեշնչված էինք 65-ի երևանյան դեպքերով: Շատ էինք ջահել և՛ տարիքով, և՛ քաղաքականապես, ու մեզ խորհուրդ տվեցին հանդիպել Մոսկվայի ամենախելացի ու անվանի հայերից մեկի` Համո Ակիմովիչ Հարությունյանի հետ, հարցնել նրա կարծիքը այդ մտահղացման վերաբերյալ: Մեծ դժվարությամբ իմացանք հասցեն և երեքով, առանց նախազգուշացման, գնացինք նրա տուն: Դռան շեմին տեսնելով հայ ուսանողների, Համո Ակիմովիչը մեզ ներս հրավիրեց, ուշադիր լսեց, սկզբում ոչինչ չասաց, կինը սեղան բացեց՝ հայկական կոնյակով: Հետո, հավանաբար համոզվելով, որ մենք ռոմանտիկ ենք, իսկ մեր ցանկությունները` անկեղծ, և որ ՊԱԿ-ից չենք, նա մեզ անակնկալի բերեց իր խորհրդով: «Այն, ինչը որոշել եք, շատ կարևոր է հայ ժողովրդի համար: Անպայման կազմակերպեք ցույցը: ՊԱԿ-ը կարող է ձեզ ձերբակալել: Մի փոքր էլ կարող եք նստել, ոչինչ, երիտասարդ եք: Իսկ ձեր արածը կմնա»: Դրանից հետո երբեք, որևէ քաղաքական գործչի նման համարձակություն ես չեմ տեսել»: Ցույցը կազմակերպվում է, որի շուրջ բորբոքված կրքերը ավագ սերնդի ներկայացուցիչները պետք է որ հիշեն: Քաղաքական ակցիան ավարտվում է, սակայն նրա և մի խումբ հայ երիտասարդների կապերը Հարությունյանի հետ շարունակվում և ամրապնդվում են: Նա տառացիորեն զբաղվում է Մոսկվայում սովորող ուսանողների քաղաքական և հոգևոր դաստիարակությամբ: Ծանոթացնում է դիվանագիտության հիմունքներին, մինչև անգամ տալիս արարողակարգի դասեր. ինչպես օգտվել սեղանի սպասքից, ինչպես ուտել, ինչպես խմել և այլն: Դասերն իզուր չեն անցնում: Համո Ակիմովիչի թաղումից հետո, նրա տանը հավաքված օտարերկրյա դիվանագետները զարմանքով էին հետևում սեղանի առջև հայ երիտասարդների պահվածքին: Սակայն ավելի կարևոր էր Հարությունյանի ազդեցությունը երիտասարդների աշխարհըմբռնման ձևավորման վրա: Հարությունյանը նրանց հանձնարարում է մասնագիտական գրականություն` փիլիսոփայության, միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, գաղափարախոսության, արտաքին հետախուզության խնդիրների վերաբերյալ, քննարկում և վերլուծում կարդացվածը: «Քաղաքականությունը և դիվանագիտությունը լուրջ գիտություններ են, նուրբ արվեստներ, որոնց տիրապետումը պահանջում է տքնաջան աշխատանք և համակարգային ուսուցում: Դա կօգնի ձեզ հաղորդակցվելու այլ ժողովուրդների հետ, ըմբռնելու նրանց մտածելակերպը, բարքերն ու սովորույթները, հասու լինելու նրանց գաղտնիքներին»,- ասում է նա: Դիվանագետն աշխատում է թուրքերի նկատմամբ ատելություն տածող, ծայրահեղ ազգայնական հովերով տարված երիտասարդների վրեժխնդրությունը դնել այլ` բանականության հունի մեջ: Բացատրում է, որ զբաղվել քաղաքականությամբ` չի նշանակում՝ բարիկադների արյունալի դիմակայություն: Մինչև ուղն ու ծուծը լինելով հայրենասեր` Հարությունյանը մերժում է ագրեսիվ, ջղագրգիռ քաղաքականությունը և Հայաստանի ապագան տեսնում է նրա ժողովրդի համակողմանի տնտեսական ու հոգևոր զարգացման, եվրոպական քաղաքակրթության և համաշխարհային հանրությանը նրա սերտաճման մեջ: Դա հաստատում է նաև Մանուկյանը, երբ ասում է. «Շփվելով Համո Ակիմովիչի և նրա միջոցով Անաստաս և Արտեմ Միկոյանների, մարշալներ Բաղրամյանի և Բաբաջանյանի հետ, մենք տեսնում էինք, որ ինտերնացիոնալիզմի գաղափարախոսությունը նրանց համար կեղծ գաղափարախոսություն չէր: Նրանք գտնում էին, որ ԽՍՀՄ-ը հավերժ է, և ազգային հարցերին վերաբերվում էին ոչ այնպես, ինչպես որ մենք կուզեինք»: Այդուհանդերձ, կապերը շարունակվում են: Վազգեն Մանուկյանը, ներկայիս «Այժմ» թերթի գլխավոր խմբագիր Լյուդվիգ Խաչատրյանը և վաղամեռիկ ազգայնական Վրեժ Համբարձումյանը կապող օղակ էին դիվանագետի ու հայ երիտասարդների միջև` Մոսկվայում և Երևանում: Երբ պաշտոնական Մոսկվան մերժում է Հարությունյանի և Բաղրամյանի խնդրանքը հայկական դպրոց հիմնելու վերաբերյալ, այն բացվում է նրանց ուժերով` հասարակական հիմունքներով: 1967 թ. Հարությունյանը հանդես է գալիս Մոսկվայի պետական համալսարանում կազմակերպված բազմամարդ հայկական երեկոյին, իսկ ամեն անգամ Երևան այցելելիս` «Հայ մշակույթի ակումբի» (հետագայում այն «Ղարաբաղ» կոմիտեի հիմքը դարձավ) կազմակերպած միջոցառումներին: Նա վերջին անգամ լինում է Երևանում` Թումանյանի ծննդյան 100-ամյակի տոնակատարության օրերին: Հարությունյանը պատգամում է իր երիտասարդ բարեկամներին. «Պահպանե՛ք երեք կառույց` Սուրբ Էջմիածինը, Գիտությունների ակադեմիան և Սփյուռքահայության կոմիտեն»: Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն վերացվեց Հայաստանի անկախությունից անմիջապես հետո, Ակադեմիան շատ հեռու է համաբարձումյանների և մերգելյանների գիտությունների կաճառ լինելուց: Չափազանցություն չի լինի ասել, որ գիտությունը և ուսումնական համակարգը կանգնած են լուրջ խնդիրների առջև, իսկ ֆունդամենտալ` հիմնարար գիտությունները, որոնք եղել են երկրի պարծանքը, պարզապես մարում են: Ինչ վերաբերում է եկեղեցուն, չնայած ժողովրդի մեջ հավատի վերածննդին, այն ևս բարվոք վիճակում չէ: Սրբ. Էջմիածնի և Անթիլիասի միջև գոյություն ունեցող ազգավտանգ պառակտումը և հակամարտությունը շարունակվում ու խորանում է, հուսադրող քիչ բան կա հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների հարաբերություններում, հանրապետությունը ողողված է խայտաբղետ աղանդներով, իսկ էջմիածնական բարձր դասի քաղաքականացված և ընդգծված իշխանամետ դիրքորոշումը խորհրդարանական և նախագահական վերջին ընտրություններում լրջորեն խաթարեցին ազգի հավատն ու նվիրվածությունը դեպի իր հոգևոր կենտրոնը` Հայաստանում և սփյուռքում:
Հ.Գ. Ինձ սովորեցրել են դիվանագիտական գրավոր և բանավոր խոսքում հնարավորինս խուսափել մակդիրներից, հատկապես, ածականի գերադրական աստիճանից: Իրոք, այն, ուժեղացնելու փոխարեն, թուլացնում է խոսքի ներգործությունը՝ առաջացնելով թերահավատության զգացողություն` դրանց օբյեկտիվ լինելու մեջ:
Սա գիտակցելով հանդերձ` հայցում եմ ընթերցողի ներողամտությունը, եթե Հարությունյանի առումով խախտել եմ դիվանագետի համար այդ չգրված օրենքը: Խախտել եմ, քանզի նա ինձ համար դիվանագետի իդեալ է, որին կցանկայի հավասարվել: Եվ կարծում եմ` ոչ միայն ես: Հարությունյանը նախատիպն է հանդիսանում հայ այն մտավորականության և քաղաքական գործիչների, որոնց դեռ ծնելու է ժողովուրդը այս հարյուրամյակում:
Ականավոր դիվանագետի, մեծ հայրենասերի և քաղաքացու սիրտը դադարեց բաբախելուց 1972-ի ապրիլի 2-ին: Նա թաղված է Նովոդևիչի գերեզմանոցում, Նիկիտա Խրուշչովի շիրմից ոչ շատ հեռու:
Համազասպ Հարությունյանի ծննդյան 100-ամյակը նշվեց մի քանի բարեկամների շրջանակում, Կուտուզովի պողոտայի բնակարանում:
«Իսկ Հայաստանում ոչ ոք չհիշեց նրան»,- ասաց Հարությունյանի այրին, որը անցյալ տարի գնաց միանալու ամուսնուն:
10/09/2009