«Body and Soul» ամսագրում հրապարակված հետազոտությունների արդյունքների համաձայն՝ նախաճաշին պաղպաղակ ուտելը նպաստում է ձեր ինտելեկտուալ զարգացմանը։
Այս մասին տեղեկանում ենք www.cluber.com.ua կայքից։
Հետազոտությունն անց էր կացվել Տոկիոյի Քերինի համալսարանի պրոֆեսոր Յոշիխիկո Կոգայի կողմից։ Փորձարարության մասնակիցների կեսն ամեն առավոտ երեք ճաշի գդալ պաղպաղակ էր ուտում։ Կամավորների երկրորդ կեսը նախաճաշում էր սովորական կերպով։
Նախաճաշից հետո բոլոր մասնակիցները համակարգչի վրա թեստեր էին լուծում։ Ինչպես պարզվեց, այն կամավորները, ովքեր պաղպաղակով էին նախաճաշում, առավել անկաշկանդ էին։ Նրանց մոտ լարվածություն չէր նկատվում։ Բացի դրանից, նրանց մոտ նկատվում էր ուշադրության լավագույն կենտրոնացում և, համապատասխանաբար, նրանք կարող էին առավել արագ մշակել ստացված ինֆորմացիան ու թեստեր լուծել։
Պրոֆեսոր Կոգան ասում է, որ պաղպաղակը բարերար ազդեցություն է գործում ուշադրության կենտրոնացման վրա ու բարելավում է ուղեղի աշխատանքը։
Կոգան ֆիզիոլոգիայի ոլորտում լայն ճանաչում ունեցող մասնագետ է։ Նա մի շարք կլինիկական փորձարարություններ է կատարել և հետաքրքիր արդյունքներ է ստացել։ Ավելի ուշ նա կրկնեց իր հետազոտությունը՝ սառը ջուր օգտագործելով։ Հետազոտության մասնակիցներին արթնանալուց անմիջապես հետո առաջարկում էին մի բաժակ սառը ջուր խմել։
Այս դեպքում նույնպես ուշադրության կենտրոնացում նկատվեց։ Սակայն ցուցանիշները ոչ այնքան վառ էին արտահայտված, որքան նախաճաշին պաղպաղակ ուտելու դեպքում։
Իհարկե, պաղպաղակի մեջ, որը մենք պաշտում ենք մանկությունից, ինչ-որ առանձնահատուկ բան կա։ Լիովին հնարավոր է, որ ողջ գաղտնիքը կայանում է այս քաղցրեղենի հանդեպ մեր էմոցիոնալ արձագանքի մեջ։
Այնպես որ, վայելեք պաղպաղակ, բայց չափի մեջ։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը