ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողությունն սկսվել է լռության րոպեով
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողությունն սկսվել է լռության րոպեով

Սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին նվիրված արարողությունն առավոտյան ժամը 8:46-ին (Երեւանի ժամանակով 16:46-ին) սկսվել է լռության րոպեով:

Սգո միջոցառումը տեղի է ունենում Մանհեթենի հարավում One World Trade Center-ի մերձակա հուշահամալիրի տարածքում, որը կառուցվել է այն վայրում, որտեղ կանգնած Էին ահաբեկչական գործողությունների հետեւանքով ավերված Համաշխարհային առեւտրական կենտրոնի (ՀԱԿ) երկվորյակ աշտարակները:

18 տարի առաջ այդ պահին «Ալ Քաիդա» խմբավորման ահաբեկիչների կողմից առեւանգված ինքնաթիռներից առաջինը մխրճվեց ՀԱԿ-ի հյուսիսային աշտարակի մեջ: Ի հիշատակ այդ ողբերգական իրադարձության հնչել են Նյու Յորքի եկեղեցիների զանգերը, իսկ հուշահամալիրի առջեւի հրապարակում ահաբեկչական գործողությունների հետեւանքով 2983 զոհվածների հարազատներն ու մերձավորները, ներառյալ 1993 թվականին ՀԱԿ-ում կատարված ահաբեկչությունը, սկսել են ընթերցել նրանց անունները:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է խոնարհել պետական բոլոր հիմնարկությունների դրոշները ի հիշատակ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի: Համապատասխան որոշումը լույս սեպտեմբերի 11-ի գիշերը հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

«Ես՝ Դոնալդ Թրամփս, Միացյալ Նահանգների նախագահը, 2019 թվականի սեպտեմբերի 11-ը հռչակում եմ Հայրենասերի օր,- ասված է տեքստում:- Ես կոչ եմ անում ԱՄՆ-ի բոլոր դեպարտամենտներին, գերատեսչություններին եւ պետական հիմնարկներին՝ Հայրենասիրության օրը խոնարհել Միացյալ Նահանգների դրոշը ի նշան 2001 թվականի սեպտեմբերի 11-ին զոհվածների հիշատակի»:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության մահապարտ զինյալներն ԱՄՆ-ում առեւանգեցին մարդատար ինքնաթիռները եւ դրանցով մխրճվեցին Նյու Յորքում Համաշխարհային առեւտրային կենտրոնի երկու աշտարակների եւ Պենտագոնի շենքի (Վիրջինիայի նահանգի Առլինգտոնի օկրուգ) շենքի մեջ: Աշխարհում այդ խոշորագույն ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվեց մոտավորապես երեք հազար մարդ, վիրավորվեց ավելի քան վեց հազար հոգի:



Նման նյութեր