Գթասիրտ մարդասպանություն
Advertisement 1000 x 90

Գթասիրտ մարդասպանություն

Ինը տարի բանտում մնալուց հետո 2007-ի հունիսի երկուսին Ջեք Գևորգյանն ազատ արձակվեց: Բանտային տարիները նա օգտագործել էր ոչ թե զղջման, այլ «գթասիրտ մարդասպանության» իր մեթոդը գովազդելու համար` վստահ, որ ինքը հարյուրից ավելի անբուժելի հիվանդ մարդկանց «երջանիկ մահով» աշխարհից հեռանալու հնարավորություն է տվել:

Նա, ով դպրոցական տարիներին երազում էր բեյսբոլի մեկնաբան դառնալ, ծնողների հորդորով ընտրել էր բժշկի խոստումնալից մասնագիտությունը: Ծնողները, սակայն, չէին կարող ենթադրել, որ ապագայում իրենց որդին կկոչվի «Դոկտոր մահ» և կդառնա ամերիկյան, ինչո՞ւ չէ, նաև համաշխարհային առողջապահության հիմնական թշնամիներից մեկը:

Ջեքը բժիշկ-պաթոլոգ էր, ով խորությամբ ուսումնասիրում էր հիվանդությունները` պարզելու, թե ինչպես են դրանք առաջանում: Երևի այդ հետազոտությունները դրդեցին Ջեքին ստեղծել առաջին ժամանակակից Թանատրոնը (հունական դիցաբանության մահվան աստված Թանատոսի անունից է), ինչի համար նա կոչվեց «Դոկտոր մահ»:

Սահմռկեցուցիչ այս մականունը նա ստացել էր մինչև մեքենա ստեղծելը: Դեռ ուսանողական տարիներին Ջեքն անսովոր փորձեր էր կատարում: Մահացած մարդկանց աչքերը լուսանկարելով՝ ուզում էր որոշել, թե երբ է մահը տեղի ունեցել, և հավատում էր, որ այդ «ճշգրիտ» գիտությունն արժեքավոր ինֆորմացիա կտա հիվանդությունների մասին:

Գևորգյանի նախագծած մեքենան գործում է շատ արագ և ցավ չի պատճառում մարդուն: Երակին ամրացող ներարկիչը նախ քնաբերով անգիտակից վիճակի մեջ է գցում մարդուն, ապա՝ թույնի փոքր չափաբաժնով հասցնում սրտի կաթվածի: Այս ամենը Ջեքն անվանում է «անցավ ինքնասպանություն»:

Մահվան մեքենան Գևորգյանն առաջին անգամ օգտագործեց հիսունչորսամյա Ժանետ Ադկինսի մահն արագացնելու համար: Միչիգան նահանգի իշխանությունները նրան համարեցին մարդասպան, բայց բավարար փաստեր չունենալով՝ մեղադրանք չհարուցեցին:

Գևորգյանն ուներ կողմնակիցներ: Դեթրոյտցի ռադիոլրագրող Մայք Ուելլեսը բժշկի հետ հարցազրույց վարելիս ասել էր. «Ես ծեր մարդ եմ և անհրաժեշտության դեպքում առաջինը կլինեմ, ով կդիմի Գևորգյանի օգնությանը»: Նրա կարծիքով՝ ամեն մարդ իրավունք ունի վարվել ինքն իր հետ՝ ինչպես ուզում է:

Բայց կողմնակիցները շատ չէին. հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ էր Գևորգյանին: Նրանց կարծիքով՝ այս մեթոդը մեկին քո կյանքը վերցնելու իշխանություն է տալիս:
Անտեսելով հասարակության կարծիքը և օրենքի հետ կապված խնդիրները` Գևորգյանը շարունակեց օգնել հիվանդներին: 1994-ին նրան կրկին մեղադրեցին, դարձյալ անարդյունք: Քանի դեռ Միչիգան նահանգի օրենսգրքում չկար աջակցվող ինքնասպանությունը դատապարտող օրենք, Գևորգյանը կարող էր ազատորեն շարունակել իր գործը:

Ջեքի իրավաբանական խումբը պնդում էր, որ նա չի կարող մեղավոր ճանաչվել, եթե փորձում է մեղմացնել և արագացնել հիվանդի տառապանքները:

1995-ին Միչիգանի օրենսգրքում փոփոխություն կատարվեց, որը դատապարտում էր աջակցվող ինքնասպանությունը` նախատեսելով տասը տարվա ազատազրկում և 10.000 դոլար տուգանք: Գևորգյանը շարունակում էր պնդել, թե իրավացի է` այդպիսով մարտահրավեր նետելով իշխանություններին: Նրա նպատակը մեկն էր. աջակցվող ինքնասպանությունները դարձնել օրենքով թույլատրելի:

1998-ի սեպտեմբերի 17-ին Թոմաս Յոք անվամբ մի մարդու օգնելիս՝ Ջեքը որոշեց անձամբ սեղմել մեքենայի կոճակը: Այդ պահը նա նկարահանեց և ուղարկեց «60 րոպե» հեռուստատեսային շոուին: Գթասիրտ մարդասպանության այդ ակտը տեսան ամբողջ աշխարհում: Մեկ ժամ չանցած Գևորգյանն արդեն բանտում էր. նրան մեղադրում էին առաջին կարգի մարդասպանության համար:

Ազատությունը զոհելով` նա ուզում էր ցնցել ավանդական առողջապահության հիմքերը և ապացուցել, որ մարդկանց կյանքը տառապանքների հաշվին երկարացնող բժիշկներն ընդամենը նյութական ու ֆինանսական շահեր են հետապնդում, իսկ աջակցվող ինքնասպանությունը մարդուն ազատում է ցավից ու տառապանքից, պետությանն էլ՝ լրացուցիչ ծախսերից:

Նանե Պասկևիչյան

«3 Միլիոն»