Մեր հասարակությանն էլ թեմա տաս, որից իրենք չեն հասկանում ու քաշվես մի կողմ․․․ հա կքննարկեն։
Ու արդեն երկու օր է, քննարկում են, թե ով էր գրել Վանեցյանի տեքստը։ Դրանից էլ մի էնպիսի պատմություն են սարքում, մարդ կմտածի, թե իրենց ասես ֆեյսբուքյան կիսագրագետ երկու տող գրելուց էնկողմ որևէ բան շարադրի, կկարողանան՝ ոսկեղնիկ հայերենով։
Դպրոցի երրորդ դասարանի շարադրությունների մակարդակը չգերազանցող ստատուսչիները կլորացած աչքերով՝ կարդա՝ գրառումներով, քլնգում են մի մասնագիտություն, որի գոյությունն իրենց համար արդարացնում են «ռեգլամացիա» բառով։ Ասեմ, իմանաք, հարգելի՛ համապատասխան մասնագիտական հմտություններ չունեցող և գիտելիքից ավելին չպահանջող մարդիկ, գոյություն ունի շատ հարգի, բարձր վարձատրվող, հստակ հմտություններ, գիտելիք, փորձ ու ձիրք պահանջող մասնագիտություն, որը կոչվում է PR, ու դրա ֆունկցիաներից մեկն էլ տեքտերի ու ելույթների պատրաստումն է՝ սփիչռայթինգը։ Վերոնշայլ չափորոշիչները, կարծեմ, ակնարկում են, որ այն ոչ թե բոլորին չի հասու, այլ խիստ սակավաթիվ որակյալ մասնագետներ կան ամբողջ աշխարհում, ոլորտում էլ պահանջարկը շատ մեծ է։
Այս մասնագիտության կարիքը եղել է հնագույն ժամանակներից, որովհետև․
ա/ հեչ պարտադիր չի, որ բոլորը կարողանան իրենց մտքերը ճշգրիտ ու դիպուկ ձևակերպել, ամեն մարդ իր ուժեղ կողմն ունի,
բ/ ի տարբերություն շրջանառության մեջ դրված կարծիքի՝ պարտադիր չէ, որ մասնագիտորեն գրված տեքստը լինի պոպուլիստական։ Գուցե՝ որոշակի մանիպուլյատիվ տեխնիկաների կիրառությամբ, բայց հաստատ՝ դիտուկ,
գ/ ձեզնից քանի՞ հոգի կարող է լայն հասարակության կամ տեսախցիկի առաջ կանգնել ու չդողացով ձայնով ու հանպատրաստից գոնե 1 լիարժեք ու գրագետ նախադասություն ասել։ Պրակտիկ լրագրող ընկերներս կհաստատեն ասածս,
դ/ պետական-քաղաքական գործիչը կամ բիզնեսմենը կարող է սարսափելի, վատ, անըմբռնելի բանավոր ու գրավոր խոսք ունենալ, նույնիսկ չտիրապետել մայրենի լեզվին, բայց լինել բարձր արդյունավետություն ու հաղթանակներ գրանցող։ Պատմությունը դրա հազարավոր օրինակներ ունի։ Խոսք vs գործ բանաձևում ես որ հաստատ կընտրեի գործը, թեև խոսքի մաքրության մանյակ եմ։
Հիմա ո՞րն է խնդիրը։ Այն, որ մարդը դիմել է մասնագետի, որ ասելիքը տեղ հասցնի, թե՞ այն, որ ասելիքը ցավեցրել է։ Այ հենց դրա համար էլ, ով էլ, որ գրել է, շատ լավ է արել, որովհետև եթե նուրբ տարբերակները ձեզ չեն սթափեցնում, պետք է մզզացնել, ինչն էլ պրոֆեսիոնալ սփիչռայթեռները անում են մեծագույն հաճույքով ու տեղը տեղին։
Մի բան էլ․ ցավոք, վերջին շրջանում պետության ամենաբարձր ատյաններից հայերենի նկատմամբ այնպիսի ոտնձգություններ են տեղի ունենում, որ ակամայից ուզում եմ ասել․ «Կլինի՞ չխոսեք, չգրեք ու ձեր մտքի «գոհարները» չմերկացնեք։ Համ մեզ օգուտ կլինի, համ ձեզ՝ վերջում չեք դատվի»։
Հրաչուհի Միրզոյանի ֆեյսբուքյան էջից: