Նա ինձ բավականաչափ չի սիրում
Այս հարցում փաստարկներն անօգուտ են: Նա չի սիրում, և վերջ: Եվ ամենևին կարևր չէ, որ նա ամեն օր երեկոյան և աշխատանքային օրերին կողքիդ նստած է եղել, միասին դիտել եք քո սիրելի շոուն կամ օգնել է ձեր երեխաների համար ընթրիք պատրաստել, նա ձեզ չի սիրում, քանի որ որոշել է շաբաթ օրը ընկերներին հանդիպել: Մի՞թե կարող էր այդպես վարվել: Չէ՞ որ ես ամբողջ օրը երեխաների հետ եմ, իսկ ահա նա հանկարծ որոշել է մի աբողջ երեք ժամ ընկերների հետ անցկացնել:
Կանայք հաճախ են մեկ ակնթարթում մոռանում ամեն լավ բան, բավական է տղամարդը մեկ անգամ ինչ-որ բան այնպես չանի, ինչպես նրանք են ցանկանում: Ընդունեք այն փաստը, որ տղամարդիկ անձնական տարածքի կարիք ունեն, ինչպես և կանայք: Նրան թույլ տվեք զարգանալ, սպորտով զբաղվել, ձկնորսության գնալ, կարևորը նրան վստահելն է ու հասկանալը, որ նրա սիրտը ընդմիշտ ձեր հետ է:
Ինքը մոգոնել, ինքն էլ վիրավորվել է
Կանանց կարող ես հաց չտալ, բայց վիրավորվելու առիթ կտաս: Մինչ տղամարդը հանդիպման է, իսկ հեռախոսը մոռացել է մեքենայի մեջ և այդ պատճառով չի պատասխանել կնոջ 5 զանգերին, նա արդեն որոշում է, որ տղամարդն իր հետ անկեղծ չէ, քնում է այլ կնոջ հետ և իրեն փոխարինող է փնտրում: Մինչդեռ նա ընդամենը հեռախոսափողը չի վերցրել, քանի որ աշխատավայրում էր, իսկ հեռախոսը անձայն ռեժիմի էր դրված, օրինակ, մեքենայի մեջ: Կանայք իսկապես լուն ուղտ են դարձնում: Նրանք իրենց բնույթով ձանձրացող են և խնդիրներ են փնտրում այնտեղ, որտեղ դրանք չեն կարող լինել: Տղամարդը կնոջ հետ է, և դա ամենագլխավորն է: Կանգնած ջրում ստորգետնյա հոսանքներ փնտրելու անհրաժեշտություն չկա: Հապճեպ եզրակացությունները միշտ վտանգավոր են, չէ՞ որ մետաղադրամը երկու կողմ ունի, իսկ դու արդեն քո տղամարդու նկատմամբ դատավճիռ ես կայացրել: Քիչ երևակայիր և ավելի շատ հենվիր փաստերի վրա:
Իսկ պատասխանը լռությունն է
Կանանցից շատերը պետք է ընդունեն այն փաստը, որ տղամարդիկ կանանց նման շատախոս չեն: Օրվա ընթացքում կանայք հարցեր են տալիս, սակայն ի պատասխան չեն ստանում բազմաթիվ մակդիրներից մի բառ: «-Բորշը հավանեցի՞ր: -Այո՛: Ի՞նչ է նշանակում այո-ն: Ամեն ինչ վա՞տ էր, անհա՞մ, ես աղի՞ էի պատրաստել: Մենք արդեն հորինել ենք, թե նրան ինչը դուր չի եկել: Չնայած նա արդեն հստակ պատասխանել է մեր հարցին:
Տղամարդկանց քչախոսությունը և ոչ զգացմունքայնությունը դեռևս կնոջը չսիրելու ցուցիչ չէ: Պարզապես նրանք արդեն մեկ անգամ իրենց ընտրությունը կատարել են և առայժմ չեն պատրաստվում այն փոխել: Եթե նրանք դադարեն ձեզ սիրել, դուք այդ մասին առաջինը կիմանաք: Տղամարդուց անիրական բաներ մի՛ պահանջեք: Նրանց ընդունեք այնպիսին, ինչպիսին են:
Կռահիր՝ ինչ եմ ուզում
Կանանց իրենց բնույթին հարիր հատուկ է կյանքը բարդացնելու հատկությունը, որի մեջ իրենց հոգին են դնում: Կանայք սիրում են հանելուկներով խոսել՝ հուսալով, որ իրենց մտքերը կկարդան: Չնայած մանկությունից գիտեն, որ Ձմեռ պապիկ չկա, արքայզները չեն գալիս արքայադուստրերի ետևից, իսկ մտքերը կարդալ ոչ մեկն էլ ունակ չէ: Սակայն կանայք համառորեն սպասում են, որ տղամարդիկ կկարողանան կռահել իրենց ցանկությունները. «չէ՞ որ սիրում են իրենց»: Այո՛, սիրում են, բայց իրենց հատուկ սիրով: Հրաշքների չպետք է սպասել, հատկապես տղամարդկանցից: Նրանք պրագմատիկ են և ռացիոնալ: Խնդրեք ուղղակիորեն և այդ ժամանակ ամեն ինչ կստանաք:
Կլինեմ 10 րոպեից
Իրենց կարգի բերելու համար կանանց առնվազն մի երկու ժամ է հարկավոր: Իսկ տղամարդկանց զանգը. «պատրաստ եղիր, 10 րոպեից կլինեմ» կանանց անհարմար վիճակի մեջ է դնում: Դուք ի՞նչ է՝ իսկապե՞ս կարծում եք, թե կատարյալ մանիկյուրը, դիմահարդարումը, ժանյակավոր ներքնաշորերը կախարդական փայտիկի մեկ հարվածով են երևան գալիս: Կանանց ժամանակ է հարկավոր սանրվածքի, հետաքրքիր ներքնաշոր ընտրելու և մթնոլորտ ստեղծելու համար: Ավելին ե՞ք ուզում, ուրեմն նախապատրաստվելու ժամանակ տվեք: Քո տղամարդը պատրաստ է քեզ այնպիսին ընդունել, ինչպիսին ես: Նա կարող է չնկատել, որ մազերդ լվացված չեն, չնայած քեզ համար անլվա մազերն աղետ են: Նա կարող է նոր գնումը միայն այն դեպքում նկատել, եթե դրա արժեքն իր աշխատավարձի մեկ երրորդ մասն է կազմում: Ոչ թե այն պատճառով, որ դու նոր կոշիկ ես հագել, այլ որովհետև նրան քարտից գումար հանելու հաղորդագրություն է ուղարկվել: Նրա համար միևնույն է, թե ինչ զգեստ ես հագել, կարևորը, որ զգեստ հագել ես: Կանանց համար, սակայն, այդ ամենը նրա կողմից անուշադրություն է: Նրան թվում է, թե 10 րոպեն բավական է զգեստը, կոշիկները հագնելու, մազերը սանրելու և նրա մեքենային ընդառաջ դուրս գալու համար: Ընդունեք դա և սովորեք մշտապես շքեղ տեսք ունենալ:
Խանդում է/չի խանդում
Կանանց շատ դժվար է սիրաշահել: Եթե խանդում է՝ չի վստահում: Եթե չի խանդում՝ չի սիրում: Կանա՛յք, վայելեք պահը, ձեր տղամարդը ձեզ է ընտրել, նշանակում է դուք եք նրա իդեալը: Վայելեք պահը և երջանիկ եղեք, որովհետև նա ձեր կողքին է:
Կատարյալ տղամարդիկ չկան, սակայն մենք շատ ենք ուռճացնում: Նրանք մեզ սիրում են, չնայած նաև շեղվում են: Այո՛, նրանք հաճախ են ստում, մոռանում կարևոր ամսաթվերը, իրենց սերը ցույց չեն տալիս այնպես, ինչպես մենք կցանկայինք, սակայն նրանք այդ ամենը դիտավորյալ չեն անում: Չէ՞ որ մենք էլ կատարյալ չենք, միմյանց ներենք մեր անկատարելությունները: Պարզապես երջանիկ լինենք հենց այսօր:
Ձեր սիրեցյալներին ասեք, թե նրանք որքան կարևոր են ձեզ համար, և ձեր հարաբերություններն օրեցօր ավելի կխորանան և ջերմ կդառնան: