Զրույց Gucci-ի ցուցադրության մասնակից՝ հայ մոդել Արմինե Հարությունյանի հետ. vnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Զրույց Gucci-ի ցուցադրության մասնակից՝ հայ մոդել Արմինե Հարությունյանի հետ. vnews.am

Զրուցել ենք մոդել, դիզայներ Արմինե Հարությունյանի հետ, որն առաջին հայուհին է, որը մասնակցել է Gucci-ի ցուցադրությանը:

Արմինե, կպատմե՞ս քո մասին:

Նկարիչների ընտանիքից եմ, ու մեծացել եմ Քոչար 13 հասցեում: Շենքում բոլորը նկարիչներ են, և ես միշտ այդ մթնոլորտում եմ եղել, և վարակված եմ եղել շուրջբոլորը տիրող գեղեցկությամբ: Պապիկս՝ Խաչատուր Ազիզյանը և տատիկս՝ Սարգսյան Սվետլանան նկարիչներ են և երկուսն էլ նկարչություն են դասավանդում: Պապիկիս հայրը նույնպես նկարիչ էր, բացի այդ մայրս, թեպետ բժիշկ է, ևս նկարում է:

Մի պահ անգամ ինձ թվաց, որ կլացեմ, բայց շուտ ուշքի եկա, ներսս լցվեց հզոր ուժով և գույներով:

Դե ես էլ ընդունվեցի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և այստեղից էլ սկսեց նորաձևության հանդեպ հետաքրքրությունս:

Կմանրամասնե՞ս:

Ընկերուհիներով միշտ էլ երազում էինք նորաձևության մասին, քննարկում էինք ոլորտը, բաց չէինք թողնում նորությունները, փորձում էինք միշտ տեղեկացված լինել: Քոլեջում կային նորաձևության դասեր և դրանց ընթացքում էլ էինք ակտիվ մասնակցություն ունենում:
Շատ լուսանկարիչ և դիզայներ ընկերներ ունեմ, և օգնում էի նրանց ավարտական աշխատանքներում. նկարահանվում էի նրանց հագուստներով:

Բեմի մասին երազե՞լ ես:

Ես միշտ եմ բեմում եղել: Մանկուց բալետի եմ գնացել, դաշնամուրի դասընթացների էի հաճախում, երգչախմբում էի երգում: Ընդունվել եմ նաև Թատերական ինստիտուտի Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչության բաժին: Ես միշտ եմ եղել բեմում, երբեք դրանից դուրս չեմ ապրել:

Իսկ Gucci-ն…

Gucci-ն սիրեցի այն ժամանակվանից, երբ Ալեսանդրո Միկելեն սկսեց զբաղվել բրենդով: Խենթի պես սիրում էի, բայց պատկերացնել անգամ չէի կարող, որ մի օր երազանքս իրականություն կդառնա:
Ես պարզապես հավատում էի այն մտքին, որ երբ մի բանը շատ ես ցանկանում, այն կյանքի է կոչվում, բայց մտքովս երբեք չէր կարող անցնել, որ ինձ հետ նման բան տեղի կունենա:

Մոդելային կարիերայի մասին երազե՞լ ես, և այստեղից էլ հարց, որը վստահ եմ բազմիցս է հնչել՝ Gucci-ի ցուցադրությանը մասնակցությանդ մասին կպատմե՞ս:

Երբեք, ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ երբեք չեմ կենտրոնացել այն մտքի վրա, որ կցանկանայի հենց մոդել լինել: Պարզապես ցանկանում էի նորաձևության մեջ լինել և ինչ-որ մեծ բանի մի մասը դառնալ:

Պետք չէ մյուսներին կրկնօրինակել, ձգտել նմանվել նրանց, քանի որ ինքնատիպությունից կարևոր և գեղեցիկ ոչինչ չկա:

Ինչ վերաբերում է Gucci-ին, ասեմ, որ պատրաստվում էի ԱՄՆ մեկնել, սակայն վիզա այդպես էլ չստացա: Որպեսզի մի փոքր ցրվեմ և տրամադրությունս բարձրացնեմ, որոշեցի, որ իմ սիրելի խմբերից մեկի համերգին պետք է ներկա գտնվեմ: Քանի որ համերգը Բեռլինում էր, ուղևորվեցի Գերմանիա:  Ընկերուհուս՝ Քրիստինեի հետ եմ մեկնել, որն ի դեպ նույնպես շատ լավ դիզայներ է: Երազում էի այդ համերգին լինել, շատ ոգևորված էի, սպասելիքներով լի էի: Համերգից հետո քայլում էինք փողոցով, գիտես շատ հոգնած էինք, քանի որ համերգն ուշ էր վերջացել և մենք էլ ջանք չէինք խնայել, որ լիաթոք վայելենք։

Մեզ միացան Երևանի մեր ընկերները: Միասին լավ ժամանակ էինք անցկացնում և ի զարմանս ինձ մոտեցավ մի աղջիկ և խնդրեց լուսանկարել: Տարօրինակ էր ինձ համար այդ քայլը և ես հետաքրքրվեցի, թե նպատակը որն է: Պատասխանեց, որ նորաձևության սկաուտ է, նոր և տարբերվող դեմքեր է փնտրում և իմ դեմքը նրան շատ է հետաքրքրել և նա ցանկանում է ինձ լուսանկարել:

Համաձայնվեցի, լուսանկարվեցի, կոնտակտներով փոխանակվեցինք, և երբ արդեն Երևանում էի գրեց ինձ և հարցրեց, թե արդոք հաջորդ օրը կկարողանամ մեկնել Gucci-ի ներկայացուցիչների հետ հանդիպման, որոնք ինձնով հետաքրքրված էին: Պատասխանեցի, որ չեմ կարող, քանի որ մեկ օրում վիզա վստահաբար չեմ կարողանա ստանալ: Պատասխանեց, որ շատ են ցանկանում ինձ տեսնել, և հրավիրում են Cruise հավաքածուի քասթինգին: Ես իրոք չէի կարող մեկնել, և մեկ օր անց այդ աղջիկը նորից գրեց, և ասաց, որ կարող եմ մասնակցել սեպտեմբերին կայանալիք գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությանը:

Մայրիկիս և Թերլեմեզյանի ընկերներիս հետ Իտալիա էինք մեկնում: Շատ քաղաքներում եղանք, բացառությամբ Միլանի: Այս անգամ ուղևորվեցի Միլան և ասեմ, որ արժեր. այն ֆանտաստիկ էր:

Խենթի պես սիրում էի, բայց անգամ պատկերացնել էլ չէի կարող, որ մի որ երազանքս իրականություն կդառնա:

Արմինե, վախեր կայի՞ն:

Իհարկե վախեր ունեի: Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, բոլորն այնքան հետաքրքիր էին կերպարային առումով, յուրաքանչյուրին նայելիս անբացատրելի հաճույք էի ստանում: Հայտնվեցի թատերաբեմում և գիտակցեցի, որ վախենում եմ, վախենում եմ չընտրվեմ: Անկեղծ եթե ասեմ, ձեռնունայն հետ վերադառնալու դեպքում շատ կտխրեի:

Ընտրվեցի, և միայն այդժամ հանգստացա:

Ի՞նչ տվեց քեզ այս փորձը: 

Ի դեմս մասնակիցների և մասնագետների շատ լավ ընկերներ ձեռք բերեցի, եղա ետնաբեմում, և ասեմ, որ այն, ինչ կատարվում է վարագույրի այն կողմում, հիասքանչ է: Բացի դա Ալեսանդրո Միկելեի կողքին եղա, հանդիպեցի և գրկեցի Ջարեդ Լետոյին: Մի խոսքով այս հեքիաթն ինձ շատ փոխեց և տպավորց:

Ամենակախարդական պահը…

Ամենակախարդական պահը հենց պոդիումի վրա էր: Երբ պահը եկավ և հայտնվեցի մարդկանց և տեսախցիկների առջև, աչքերս սկսեցին մրմռալ, ներսումս անբացատրելի բաներ էին կատարվում, էներգիայի տարափ էի զգում: Մեզ լուսանկարում էին, ուշադիր զննում: Մի պահ անգամ ինձ թվաց, որ կլացեմ, բայց շուտ ուշքի եկա, ներսս լցվեց հզոր ուժով և գույներով:

Ի՞նչ կասեիր բոլոր երազկոտ աղջիկներին:

Եղեք բնական, հավատարիմ մնացեք սեփական «ես»-ին: Պետք չէ մյուսներին կրկնօրինակել, ձգտել նմանվել նրանց, քանի որ ինքնատիպությունից կարևոր և գեղեցիկ ոչինչ չկա: Պետք է փորձես լավ զգալ սեփական մարմնումդ, սիրես այն և հպարտանաս ինքդ քեզնով:

Զրուցեց՝ Մարիամ Սուքիասյանը
Լուսանկարները՝ Աշոտ Ավագյանի

vnews.am