ՄԵՐ ԴՊՐՈՑԸ
Ղրիմի պատերազմի սկզբում՝ 1853 թ. աշնանը, Մեծ Ղարաքիլիսայում (ներկայումս՝ Վանաձոր), Կարապետ քահանայի ջանքերով, բացվեց ծխական դպրոց: Ես անդրանիկ աշակերտներից էի։
Ինչպես ամենուրեք, մեր դպրոցի ծրագրում էլ ընդգրկված էր սաղմոս, ժամագիրք, ավետարան ու Չամչյանի քերականությունը: Եւ այդ մարգարիտները մանուկների գլուխը լցնելու համար տերթոդիկյան դպրոցի բոլոր սարսափներն ու ծեծի բոլոր տեսակները անբաժան էին մեր դպրոցից:
Ջրօրհնեքն ու Զատիկը մեզ ամենեւին չէին ուրախացնում: Իսկապես սկսվում էին մեր չարչարանքի օրերը, տաժանակիր աշխատանք էր պահանջվում. մեծ տոների «Դանիելը» եւ մյուս գրքերը անգիր անել եւ եկեղեցում անգիր ասել: Կատարելապես նահատակվում էինք ու ֆիզիկապես մաշվում, մինչեւ որ կարողանում էինք վարժապետի երեսը պարզ անել: Անգիր էինք անում բոլոր «փոխերն ու քարոզները» եւ տիրացություն անում:
Ժողովուրդն էլ դպրոցի առաջադիմությունը հենց դրա մեջ էր հասկանում եւ այդ էր պահանջում: Թոթովախոս մանուկի՝ եկեղեցում առաջին անգամ «համբարձի» ասելն անսահման ուրախություն էր պատճառում ծնողներին։ Եթե դրա հետ էլ սովորում էր «նիսիա ի վեր առի, պարտ եմ» գրելը, արդեն ամեն ինչ կատարյալ էր:
Տերթոդիկյան տիպի դպրոցում վեց տարի շարունակ մաշելով իմ մատաղ սիրտն ու հոգին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում շուտով մոռացա իմ դպրոցական կյանքի տխուր անցյալը: Այստեղ Հայոց լեզվի ուսուցիչը Գարեգին Մուրադյանն էր: Նրա մասին շատ էինք լսել եւ սրտատրոփ սպասում էինք նրան աշակերտել: Վերին աստիճանի քաղցրաբարո, քաղաքավարի, համակրելի մարդ էր: Իր ընկերական սրտաբաց վարմունքով գրավել էր ամբողջ աշակերտության սիրտը:
Կրոն դասավանդում էր Ստեփան քահանա Մանդինյանը: Սկզբում մի կերպ տանելի էր այդ մարդը իր ճոռոմաբանությամբ, սակայն երրորդ դասարանից արդեն անտանելի դարձավ: Նրան չէինք հարգում, չէինք լսում, չէինք սովորում, սովորելու էլ ոչինչ չկար: Երրորդ դասարանում նա կրկնում էր անցյալ տարվանը այլ բառերով, երկարացնելով: Հարցերին կամ չէր պատասխանում, կամ տալիս էր ընդամենը մեկ պատասխան. «Ողորմությամբ Աստուծոյ»:
Գոհ չէինք նաեւ գրաբարագետ Առաքել վարժապետից: Մինչեւ որ աշակերտները նրա վերարկուն արտաքնոց չձգեցին՝ չհեռացավ դպրոցից:
Ֆրանսերենի դասատուն պոլսեցի Մարկոս Աղաբեկյանն էր՝ «Կռունկ» ամսագրի խմբագիրը: Տարօրինակ մարդ էր նա. դասարանում հաճախ քնում էր ցիլինդրը գլխին, որը ճակատի քրտինքը սրբելիս էր միայն վերցնում: Նա ավանդում էր նաեւ Հայոց պատմություն, որ բավականաչափ տիրապետում էր։ Հայոց պատմության մի հարուստ շտեմարան էր եւ լիուլի բավարարում էր աշակերտների հարցերին:
Թույլ էր աշխարհագրության ուսուցիչ Գեւորգ Աբովյանը: Ծայրահեղ ռուսատյաց էր. կառավարության վրա հարձակումներին գրեթե վերջ չկար: Ռուսներին նա անվանում էր «սոխ». այս բառը շատ գործածական էր ռուսների վերաբերմամբ գրեթե ամենուրեք: Նրան արձակեցին: Նա անհայտացավ եւ շուտով դիակը Քուռ գետի ափին՝ քաղաքից դուրս գտան ու թաղեցին:
Բնագիտության ուսուցիչը, որ Դորպատի համալսարանն էր ավարտել, կատարելապես իր դերումն էր. Գաբրիել Խատիսյան, Ալեքսանդր Խատիսյանի հորեղբայրը: Նրան լսում էինք ամենայն հետաքրքրությամբ եւ ուշադրությամբ:
Երբ դպրոցի տեսուչ դարձավ Հովսեփ Փանդոյանը՝ ուսուցչական կազմը լրացրեց այլ արժանավոր ուսուցիչներով: Հոգաբարձուներից մեկը սրախոսել էր. «Եթե ուշադրություն չդարձնենք աշակերտների բողոքին, երեւի մեր վերարկուներն էլ արտաքնոց ուղարկեն․․․»։
ԽՈՐԵՆ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ԽԱՆԶԱԴՅԱՆ, Հուշեր ու տպավորություններ,
Մեծ Ղարաքիլիսա (Վանաձոր), 1919 թ.
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: