Որոշ մթերքների մշտական օգտագործումը կարող է օգնել պահպանել տղամարդկանց վերարտադրողական առողջությունը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։
Վերարտադրողական խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում առաջին հերթին բացառել կամ գոնե սահմանափակել տրանսճարպերի օգտագործումը։ Հարվարդի համալսարանի հետազոտությունը վկայակոչելով՝ լրագրողները տեղեկացնում են, որ տղամարդկանց մոտ, ովքեր կանոնավորապես օգտագործում են տրանսճարպեր, սերմնաբջջի խտությունը նվազում է մոտ մեկ երրորդով։
Խորհուրդ է տրվում կրճատել նաեւ ճարպոտ կաթնամթերքները, քանի որ դրանք բացասաբար են ազդում սերմնաբջիջների շարժունության վրա։ Դրանց փոխարեն առաջարկվում է օգտագործել ճարպազերծված կաթ կամ կաթի բուսական տեսակներ։ Սակայն սոյայի կաթը թույլատրվածների ցուցակ չի մտնում, քանի որ պարունակում է այսպես կոչված «բուսական հորմոններ»։
Տղամարդկանց առողջության պահպանման համար օգտակար կարող են լինել ծովամթերքները, օրինակ՝ ոստրեները հարուստ են ցինկով, որը կարեւոր դեր է խաղում տղամարդկանց բեղունության համար։
Տղամարդկանց նաեւ խորհուրդ է տրվում ամենօրյա սննդաբաժնում ներառել կանաչ եւ կարմիր բանջարեղեններ, բուսական յուղ, յուղոտ ձուկ եւ ընկույզներ։ Չհագեցած ճարպաթթուները «նպաստում են անկենսունակ, անոմալ սերմնաբջիջների քանակի նվազմանը»։