ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համար նորություն էր կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրաժարականի դիմումի բովանդակության որոշ հատվածներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ավինյանը` անդրադառնալով հոկտեմբերի 18–ին Պետրոսյանի հրաժարականին ու դրա մասին ներկայացրած նրա պարզաբանմանը։
Հայտնել էինք, որ Պետրոսյանը գրել էր, որ այլևս չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել է միշտ։ Նա նաև հայտնել էր, որ քաղաքաշինության բնագավառում հետընթաց կա՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների (ի դեպ, վերջինս այս պահին հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը) քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների։
«Ես խոսել եմ Պետրոսյանի հետ մինչև դիմումը գրելը, և նա ներկայացրել է իր հակասությունները նախկին և ներկա քաղշինի ղեկավարների հետ։ Պետրոսյանի հայտարարության` «կոռումպացվածության հասնող թայֆայականության» հատվածն ինձ համար նորություն էր, քանի որ ինձ հետ հանդիպման ժամանակ նա նման հարց չի առաջադրել»,–ասաց փոխվարչապետը։
Ընդհանուր առմամբ, ըստ նրա` Պետրոսյանի տրամաբանությունն իր համար ընդունելի չէ, քանի որ դա նույնն է, ինչ առողջապահության նախարարը հրաժարական տա, ինչ է` չի համաձայնում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ։
Ավինյանի խոսքով` կադաստրի կոմիտեն հստակ գործառույթներ ունի, և կոմիտեի նախագահի պաշտոնը հնարավորություն չէր տալիս քաղաքաշինության ոլորտում որոշակի գործունեություն ծավալել։ Ավինյանը ենթադրում է` Պետրոսյանը հենց սրանից էլ հիասթափված է։
Հարցին` արդյո՞ք Ավինյանը տեսնում է իր մեղքի բաժինը Պետրոսյանի հրաժարականի առնչությամբ, նա պատասխանեց` ոչ, քանի որ նրա դիմումն անհասկանալի էր իր համար։
Մեկ այլ հարցի` հնարավո՞ր է, որ Պետրոսյանն այլ պաշտոնի անցնի, փոխվարչապետը պատասխանեց` նման հարց չի քննարկվել։
«Անկախ այս ամենից, ես Պետրոսյանի աշխատանքը բավականին դրական եմ գնահատում»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Պետրոսյանը հրաժարականի հայտարարության մեջ ներկայացրել էր ամբողջ եղելությունը և նշել, որ այն ունի միայն մասնագիտական պատճառներ՝ տարվող ոլորտային քաղաքականությամբ պայմանավորված և, որ ոչ ոք չփորձի այնտեղ ինչ-ինչ քաղաքական նկատառումներ կամ ընտանեկան-ազգակցական կապերով պայմանավորված պատճառներ փնտրել: