Տոկիոյի Tokyo Motor Show ավտոսալոնը, որն այս տարի անցկացվում է 46-րդ անգամ, հոկտեմբերի 23-ին բացվել է Big Sight ցուցահանդեսային համալիրում, որը գտնվում է քաղաքի նավահանգստային մասում: Ինչպես հայտնել են կազմակերպիչները, այս անգամ այստեղ ներկայացված են շուրջ 180 տարբեր ընկերություններ, ներառյալ ինչպես ավտոարտադրողները, այնպես էլ դետալների ու սարքավորումների մատակարարները:
Առավել ընդգրկուն ստենդները ներկայացրել են ճապոնական առաջատար կոնցեռնները՝ Toyota-ն, Nissan-ը, Honda-ն եւ Mazda-ն, իսկ ահա օտարերկրյա ընկերություններից Տոկիո են ժամանել միայն Renault-ը եւ Mercedes-Benz-ը: Ներկայիս ավտոսալոնի հիմնական թեման դարձել է «Բացելով ապագան» նշանաբանը: Այդ կապակցությամբ ընկերությունները հիմնական շեշտը որոշել են դնել կոնցեպտների եւ էլեկտրամոբիլների վրա՝ նպատակ ունենալով դրանք շուկա հանել 2020 թվականից հետո:
Առաջին անգամ ավտոսալոնն անցկացվում է միանգամից մի քանի հարթակներում, որոնք միմյանց միացված են հատուկ գոտիով, որտեղ կարելի է մասնակցել ավտոմեքենաների թեստ-դրայվների կամ փորձարկել տարատեսակ էլեկտրական հեծանիվներ ու մոտոցիկլետներ եւ ինքնավար այլ փոխադրամիջոցներ:
Tokyo Motor Show-ի կազմակերպիչներն այս տարի ջանացել են ապահովել առավելագույնս ընդարձակ լսարան՝ անհրաժեշտ բոլոր պայմաններն ստեղծելով տարբեր կատեգորիաների այցելուների, այդ թվում՝ սահմանափակ հնարավորություններով մարդկանց եւ այն հյուրերի համար, որոնք գալիս են երեխաների հետ: