ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
Կիլիկյան Հայաստանում ամուսնա-ընտանեկան հարաբերությունները կարգավորվում էին եկեղեցական իրավունքով ու Սմբատի «Դատաստանագրքով»։ Ամուսնության համար անհրաժեշտ էին հետեւյալ պայմանները.
ա) Սեռ.
Ամուսնություն կարող էր լինել միայն հակառակ սեռերի միջեւ։ Միեւնույն սեռին պատկանող անձանց միջեւ ամուսնությունը համարվում էր անօրինական ու հանցավոր։
բ) Մենամուսնություն.
Ամուսական միության մեջ գտնվողը չէր կարող առանց ապահարզանի նորից ամուսնանալ: Հարճ պահողին եկեղեցին հետապնդում էր։
գ) Հոգեկան հիվանդության բացակայություն
դ) 1243-ից սկսած ամուսնացողների միջեւ յոթը «պորտ» (սերունդ) հեռավորություն
ե) Միեւնույն դավանանքին պատկանելություն.
Սա քաղաքական նկատառումներից ելնելով հաճախ անտեսում էին։
զ) Ամուսնացողների երկկողմ համաձայնություն.
Անհրաժեշտ էր նրանց կամավոր համաձայնությունը, հակառակ պարագայում ամուսնություն չէր գրանցվում։
է) Ամուսնական չափահասություն.
1243 թ. Սսի եկեղեցական ժողովի յոթերորդ կանոնը պահանջում էր, որ ամուսնանալիս փեսացուն լինի 14 տ, իսկ հարսնացուն՝ առնվազն 12 տարեկան։ Սմբատի «Դատաստանագիրքով» միայն 15 տարեկանը լրանալու դեպքում տղամարդն իրավունք ուներ ամուսնանալու ու ասպետների շարքն անցնելու:
Համեմատության համար նշենք, որ հրեաները սեռահասուն տարիք էին սահմանել տղաների համար 13 տարի ու 1 օր, աղջիկների համար՝ 12 տարի ու 1 օր, հռոմեացիները համապատասխանաբար՝ 14 տ ու 12 տ, հույները՝ 15 տ ու 13 տ:
Լինում էին դեպքեր, երբ քաղաքական նկատառումներից ելնելով՝ չէր պահպանվում ամուսնության համար օրենքով սահմանված նվազագույն տարիքը: Այսպես, Լեւոն Մեծագործը 1210 թ., 60 տարեկան հասակում, ամուսնացավ Կիպրոսի թագավորի քրոջ հետ, ով ընդամենը 11 տարեկան էր: 1222 թ. Լեւոն Ռուբինյանի յոթնամյա դուստր Զապելին ամուսնացրին Անտիոքի իշխան 18-ամյա Ֆիլիպի հետ։ Երբ չորս տարի անց Զապելին ամուսնացրին Հեթումի հետ՝ երկուսն էլ անչափահաս էին, ընդ որում Զապելն ամուսնուց տարիքով մեծ էր եւ Հեթումին մանուկ էր անվանում։ Հայտնի է, որ նրանց 12-ամյա որդին՝ Լեւոնը (1270-1289), ամուսնացել է Լուսինյանների 7-ամյա արքայադստեր հետ:
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: