«Վարչապետի կոռեկտ միջամտությունը մեղմացրեց իրավիճակը… Հուսով եմ, որ փոքրիկ ապտակն ինչ-որ մի օր չի փոխակերպվի մեծ թաթալոշի»
Advertisement 1000 x 90

«Վարչապետի կոռեկտ միջամտությունը մեղմացրեց իրավիճակը… Հուսով եմ, որ փոքրիկ ապտակն ինչ-որ մի օր չի փոխակերպվի մեծ թաթալոշի»

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետը մի լավ հատկություն ունի՝ շուտ է կողմնորոշվում։ Եթե նա ճիշտ ժամանակին չմիջամտեր հնդիկների մասին հնչող անթույլատրելի խոսակցությանը, ապա վստահաբար կարող էին շատ բարդ հետևանքներ լինել։ Իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատունը համապատասխան հայտարարություն կտարածեր, իսկ Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանն էլ, ամենայն հավանականությամբ կհրավիրվեր այդ երկրի ԱԳՆ։ Կարծում եմ, հասկանում եք, թե հայտարարությունն ինչ բովանդակություն կունենար և որքան կվնասեր Հայաստանի միջազգային հեղինակությանը։

Բայց վարչապետի կոռեկտ միջամտությունը մեղմացրեց իրավիճակը։ Հիմա կսահմանափակվենք այնքանով, որ ԱԳՆ-ի ու Հնդկաստանի դեսպանատան ներկայացուցիչները ներքին կարգով մտքեր կփոնականեն՝ կատարվածը որակելով որպես անմեղ թյուրիմացություն կամ էլ ոչ միտումնավոր անախորժություն։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ։

Ամիսներ առաջ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանն Իրանի Իսլամական Հանրապետությանը պիտակեց որպես ավտորիտար, և այն դեպքում երբ վերջին տարիներին ու ամիսներին Իրանը պարբերաբար ենթարկվում է տեղեկատվական և քարոզչական հարձակումների։ Իհարկե Իրանի կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չհնչեց, բայց ներքին հանդիպումների ժամանակ Հայաստանի ներկայացուցիչներին վստահաբար համապատասխան դիտողություններ արել են, իսկ մերոնք էլ ամեն կերպ փորձել են արդարանալ՝ դիտարկելով դա որպես անմեղ թյուրիմացություն կամ էլ ոչ միտումնավոր անախորժություն։

Ինչպես Իրանը, այնպես էլ Հնդկաստանը Հայաստանի կարևոր գործընկերներն են, իսկ համանման անմեղ թյուրիմացություններն ու ոչ միտումնավոր անախորժությունները, եթե չեն փչացնում, ապա գոնե ստվեր են գցում գործընկերային փոխհարաբերությունների վրա։ Առաջին հերթին հենց վստահության իմաստով, քանի որ վստահությունը միջպետական համագործակցության մեխն է։ Իսկ ընդհանուր առմամբ միջազգային հարաբերություններում սրանք փոքրիկ ապտակներ են, որոնք մենք անընդհատ ստանում ենք։

Հուսով եմ, որ փոքրիկ ապտակն ինչ-որ մի օր չի փոխակերպվի մեծ թաթալոշի։ Դե ըստ հերթականության Իրանից ու Հնդկաստանից հետո գալիս է Չինաստանը։ Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կկատարվի, եթե պետության ներկայացուչներից որևէ մեկը կանգնի ու Չինաստանին պիտակի որպես բռնապետական պետություն։ Միտքը եզրափակելով՝ ուզում եմ մի կետի վրա էլ կանգ ռանել։

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ՀՀ որևէ քաղաքացի կամ էլ քաղաքացիների խումբ Հնդկաստանում փորձանքի կամ էլ անախորժ պատահարի մեջ են հայտնվում։ ՀՀ ԱԳՆ-ն բնականաբար փորձելու է որևէ կերպ միջամտել, քանի որ պետությունը պատասխանատու է իր քաղաքացիների համար։ Չի բացառվում, որ Հնդկաստանի ներկայացուցիչները Հայաստանի իրենց գործընկերներին դռան կողմը ցույց տան՝ հիշեցնելով պարոն Վերմիշյանի ոչ կոռեկտ վարքագիծը։ Միջպետական փոխհարաբերությունները չափազանց բարդ են ու խճճված։ Հաճախ խնդիրներն անմիջապես տեսանելի ու ընկալելի չեն լինում, բայց ինչ-որ մի օր ամենաանհարմար պահին՝ մղվում առաջնային պլան։

Ամեն դեպքում պետք է զգույշ լինել, իսկ ԱԳՆ-ն էլ պետք է պաշտոնյաներին բացատրի, որ Հայաստանը լուսնի վրա մոլորված հեռախոսի բուտկա չէ, մեզ հետևում են և այս կամ այն պետության մասին խոսելիս արժե մի փոքր մտածել»։

Վարչապետը մի լավ հատկություն ունի՝ շուտ է կողմնորոշվում։ Եթե նա ճիշտ ժամանակին չմիջամտեր հնդիկների մասին հնչող…

Gepostet von Կարպիս Փաշոյան am Donnerstag, 24. Oktober 2019



Նման նյութեր