Նիկիտա Պավլովիչն իր այս տարիքում այնպիսի զբաղված գրաֆիկ ունի, այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ ամեն օր ուզում ես գլխարկդ հանել նրա առջև ու խոնարհվել»,- հասցնում է ինձ հետ կիսվել Նիկիտա Սիմոնյանի օգնական Օլգան՝ մինչ կբարձրանայինք վերելակով և ինձ կուղեկցեր նրա աշխատասենյակ։
1998 թ-ից Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի աշխատասենյակն ընդգծված համեստ է՝ Մոսկվայի կենտրոնում տեղակայված մի քանի հարկից բաղկացած միության հարուստ ինտերիերի ֆոնին։ Լեգենդար ֆուտբոլիստի և վաստակավոր մարզչի անցած փառահեղ ուղու մասին այստեղ հուշում է միայն համեստ ստենդը, թեև ՌՖՄ թանգարանում տեղ գտած շքեղ գավաթներն ամեն քայլին են վկայում ֆուտբոլում ունեցած նրա մեծ ավանդի մասին
Նիկիտա Սիմոնյանն այսօր ոչ միայն առաջին փոխնախագահի պարտականություններն է կատարում, այլև Միության Տեխնիկական տնօրենն է, մարզիչների լիցենզավորման հանձանաժողովի նախագահը։ Մեծ եռանդով նախագահում է նաև «Կաշվե գնդակ» ֆուտբոլային ակումբը, որի անդամների թիվը մոտավոր հաշվարկներով կարող է հասնել մինչ 1 մլն․-ի։
Մեր ֆուտբոլի՝ փառահեղ «Արարատ-73»-ի էջը կերտած մարզչին հայերս հատուկ ջերմությամբ ենք վերաբերվում։
ArmSport.am-ը Նիկիտա Սիմոնյանի հետ հանդիպումը նախաձեռնել էր մեծանուն գործչի 93-ամյակի առթիվ։ Զբաղվածության պատճառով հանդիպումը համընկավ մեկ այլ հաճելի իրադարձության հետ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Նիկիտա Սիմոնյանին կհանձնի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը։
– Երբ ես զանգում էի հարցազրույցի համար պայմանավորվելու, մտածում էի՝ հիմա կլսեմ, որ Նիկիտա Պավլովիչը աշխատանքի չի՜ գալիս․․․չգիտենք կհամաձայնվի ձեզ հետ հանդիպել, թե ո՜չ․․․․ և շատ հաճելի զարմացա, երբ ասացին՝ մեկնել եք հավաքականի հավաքներին։
– Դե․․․ ես հիմա այստեղից պետք է մեկնեմ մրցաշարի բացման։ Տանը ես կարող եմ գտնվել միայն շաբաթ-կիրակի, այն էլ՝ ոչ միշտ։ Լինում է, որ շաբաթ-կիրակի էլ եմ զբաղված։ Դա նախևառաջ խաղերն են, հավաքներն են, բացի այդ տարբեր հրավերներ եմ ստանում, տարբեր միջացառումների եմ մասնակցում։
– Իսկ ինչպե՞ս է Ձեր առողջությունը։ Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում այս տարիքում այսքան լավ տեսք ունենալ, այդքան խիտ գրաֆիկ։
– Կարծում եմ դա առաջին հերթին գեներն են, և, իհարկե, նաև իմ աշխատանքը։ Այս տարի արդեն 73 տարին է լրանում, որ աշխատում եմ։ Աշխատանքն ինձ համար, իհարկե, շատ մեծ խթան է։
– 1973 թ․ Ձեր ղեկավարությամբ «Արարատը» դարձավ Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր։ Հաջորդ տարի մրցաշարում իջավ մինչև 5-րդ տեղը, որից հետո Դուք հեռացաք ակումբից․․․
– Դրա համար ես ունեցել եմ իմ անձնական պատճառները, բայց չեմ ցանկանում այդ մասին բարձրաձայնել։ Եղել են պատճառներ, դրանք նաև տան հետ էին կապված։ Դա 5-րդ տեղն իջնելու պատճառով չէր։ Թեև այդ ժամանակ թիմն ի վիճակի էր հանդես գալու շատ ավելի բարձ հորիզոնականներում, բայց ոչ՝ 5-րդ։ Այնտեղ կային այլ խնդիրներ, որոնք նույնպես չեմ ուզում հնչեցնել։
– «Արարատում» ու՞մ էիք ավելի շատ սիրում։
– Բացարձակապես բոլորին․․․ բոլորին հավասարապես սիրել եմ։ Իհարկե, առանձնացնել կարող եմ հատուկ տաղանդներին․ Արկադի Անդրեասյան, Էդուարդ Մարկարով, բայց նրանց բոլորին մարտի էր տանում Զանազանյան Հովհանննեսը, դե իհարկե նաև մյուս բոլոր տղաները… Ալյոշան Աբրահամյան, որ դարպասի մոտ էր:
Ամբողջությամբ՝ armsport.am