«Անկախությունից ի վեր ոչ մի արտգործնախարար այդքան խեղճացած չէր եղել, որքան Զոհրաբ Մնացականյանը»
Advertisement 1000 x 90

«Անկախությունից ի վեր ոչ մի արտգործնախարար այդքան խեղճացած չէր եղել, որքան Զոհրաբ Մնացականյանը»

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC-ին մեղմ ասած չափազանց անհաջող էր։ Մնացականյանը չկարողացավ ի ցույց դնել Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, որը կիրառվում է Հայկական երկու հանրապետությունների նկատմամբ։ Ասվածի մեջ որևէ չափազանցություն չկա, քանի որ միայն ահաբեկչական էություն ունեցող ռեժիմը կարող է հերոսացնել քնած սպային կացնահարողին, արդեն իսկ սպանված զինվորին գլխատողին և խաղաղ բնակչության նկատմամբ վայրագություններ իրականացնողներին։ Ամբողջ աշխարհն է տեսել դաժանորեն սպանված ու խոշտանգված տատիկի ու պապիկի հայտնի լուսանկարը։

Նախարարը չկարողացավ ըստ պատշաճի ներկայացնել այս ամենը, ինչպես նաև՝ ֆիզիկական անվտանգության պարտադրանքը, քանի որ դիմադրության բացակայության դեպքում արցախահայությունը դատապարտված է էթնիկ զտումների և ցեղասպանության։ Այս ձախողման համատեքստում Մնացականյանին շատ կարող ենք քննադատել, նույնիսկ կարող ենք դնել նրա հետագա պաշտոնավարման հնարավորության հարցը, բայց հանուն արդարության չենք կարող նաև չնշել, որ նախարարի ձախողման առաջնային պատճառներից էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևողականության և քաղաքական կոռեկտության բացակայությունը։

2019 թ․ օգոստոսին, երբ Փաշինյանը ստեփանակերտյան հայտնի հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է և վերջ», ես մի հոդված գրեցի՝ փորձելով հիմնավորել, որ այդ հայտարարությունը լուրջ խնդիր է դառնալու։

Մասնավորապես գրել եմ հետևյալը․ «Արժե խոսել վարչապետի անզգույշ և անհեռատես վարքագծի մասին։ Սա, իհարկե, պատիվ չի բերում պետական ու քաղաքական գործչին։ Գավառական հայրենասիրության և կենացասության համատեքստում ժողովրդագրական հիմնախնդիրների մասին խոսելը դեռ հասկանալի է, բայց նույն տրամաբանության և մեթոդի շրջանակներում Արցախի հարցի դիտարկումը ոչ միայն հասկանալի չէ, այլ նաև դատապարտելի է։ Եթե Հայկական բանակի գեներալներն ու սպաները միացում վանկարկեն, ապա դա ոչ միայն հասկանալի, այլ նաև ողջունելի կլինի։ Իրականում դա Հայաստանի քաղաքացիների մեծագույն երազանքն է, որից ժողովուրդը երբեք չի կարող հրաժարվել։

Բայց այս պարագայում խնդիրը մի փոքր այլ է: Հայաստանի վարչապետը՝ որպես Հայաստանի և Արցախի անվտանգության և շարունակական գոյության երաշխավոր, պետք է քաղաքական զսպվածություն և հեռատեսություն դրսևորի, հակառակ պարագայում մենք կարող ենք ոչ միայն հեռանալ այդ երազանքը կյանքի կոչելու հնարավորությունից, այլև վերջնականապես կործանել այն։

Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Արցախը Հայաստան է. բոլորն էլ գիտեն դրա մասին, բայց Հայաստանի վարչապետը ի լուր աշխարհի դրա մասին կարող է հայտարարել միայն այն ժամանակ, երբ ձեռքի տակ կունենա առնվազն Հայաստանի ու Արցախի միավորման ճանապարհային քարտեզը։ Իսկ եթե նա չունի այդպիսի ճանապարհային քարտեզ, ապա հանուն Արցախի անվտանգության՝ պարտավոր է խոհեմություն և հեռատեսություն դրսևորել։ Քանի՞ կոպեկ արժե Փաշինյանի այդ հայտարարությունը, եթե վաղը նա Ադրբեջանի և համանախագահների հետ բոլորովին ուրիշ հարթության մեջ է բանակցելու։ Իսկ եթե նրան հարցնեն, թե ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը, ի՞նչ է պատասխանելու։

Արցախը ժամանակին ազատագրվել է առանց ամպագորգոռ հայտարարությունների ու մարտնչող կենացների։ Արցախը ազատագրվել է լուռ ու հետևողական աշխատանքի միջոցով։ Արցախի անկախությունն ու Հայաստանի հետ միացումը նույնպես կյանքի է կոչվելու լուռ և հետևողական աշխատանքով, իհարկե, ծափահարություններ ու վանկարկումներ չճանաչող աշխատանքի։ Իսկ ցանկացած անզգույշ հայտարարություն մեկ քայլ նահանջ է այդ մեծ ճանապարհից։ Ինքներս մեզ հարց տանք․ երբ պաշտոնապես հայտարարում ենք, թե Արցախը Հայաստան է, արդյոք մոտեցնո՞ւմ, թե ավելի շատ հեռվացնում ենք երկու հայկական պետությունների միավորման գործընթացը։ Արցախը պետք է զերծ լինի քաղաքական պոպուլիզմի դրսևորումներից, այն որևէ մեկի հանրահավաքային խաղալիքը չի կարող դառնալ, Քոչարյանի բերանը փակելու համար ազգային խնդիրը չպետք է շահարկվի, քանի որ խաղասեղանին դրված է մի ամբողջ ժողովրդի անվտանգության հիմնախնդիրը»։
Վերիջին հարցին ուզում եմ պատասխանեն բոլորը․ «Երբ պաշտոնապես հայտարարում ենք, թե Արցախը Հայաստան է, արդյոք մոտեցնո՞ւմ, թե ավելի շատ հեռվացնում ենք երկու հայկական պետությունների միավորման գործընթացը»։

Վերադառնանք նախարար Մնացականյանին, որը չկարողացավ որևէ լուրջ պատասխան տալ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության վերաբերյալ հարցին։

Ավելին՝ ոչ միայն չկարողացավ մեկնաբանել, այլ նաև չկարողացավ շրջանցել։ Իսկապես չափազանց լուրջ խնդիր է, երբ արտգործնախարարը չի կարողանում հիմնավորել իր կառավարության ղեկավարի արտաբերած միտքը։ Նշանակում է, որ պետությունը տեղում չէ, կառավարման համակարգը թերի է, իսկ ազգային հիմնախնդիրների պարագայում ո՛չ քաղաքական օրակարգ կա և ո՛չ էլ ռազմավարություն։ Իսկ եթե նախարարը BBC-ի հետ հարցազրույցում չի կարողանում մեկնաբանել պետության ղեկավարի խոսքերը, ապա պատկերացրեք, թե ինչ դժվար իրավիճակում է հայտնվում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ հանդիպումներում, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի գործընկերների հետ բանակցություններում։

Հետգրության փոխարեն տրամաբանական մի հարց է առաջանում․ Ստեփանակերտյան պոպուլիզմի անզուսպ պոռթկումը ի՞նչ տվեց հայկական երկու հանրապետություններին։ Թերևս ոչինչ։ Վարչապետը շախ և մատ արեց իրեն հող հանձնելու մեջ մեղադրող մի քանի կիսագրագետ ռազմահայրենասերների, իսկ պետությունն էլ հայտնվեց չափազանց բարդ իրավիճակում։ Անկախությունից ի վեր ոչ մի արտգործնախարար այդքան խեղճացած չէր եղել, որքան՝ Զոհրաբ Մնացականյանը»։

ՀՀ արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC-ին մեղմ ասած չափազանց անհաջող էր։ Մնացականյանը չկարողացավ ի…

Gepostet von Կարպիս Փաշոյան am Freitag, 25. Oktober 2019



Նման նյութեր