Կրեմ, բայց ոչ դեմքի
Advertisement 1000 x 90

Կրեմ, բայց ոչ դեմքի

Հայկական խոհանոցային իրականության մեջ  վերջին տարիներին մեծ տեղ են զբաղեցնում կրեմ ապուրները, դրանք հասցրել են անգամ հայկական երանգներ ստանալ․ որոշ ապուրների մեջ ավելացնում են բաստուրմա, հայկական կանաչեղեն, ոմանք անգամ մեր ավանդական սպասն են սկսել կրեմ ապուրի տեսքով պատրաստել։

Հայ գուրմանները կրեմ ապուրներից հատկապես նախընտրում են բրոկոլիով, սնկով ու հավով կրեմ ապուրները՝ դրանք ամենաշատն են տարածված մեր ռեստորաններում։ Բայց սա չի նշանակում, որ «էկզոտիկ» համադրությունները չեն ընդունվում։ Ընդունվում են, այն էլ՝ ինչպես, ուղղակի մի փոքր ավելի շատ ժամանակ է հարկավոր։

Կրեմ ապուրները համարվում են երիտասարդ ուտեստ՝ խոհարարական հարյուրավոր, անգամ՝ հազարավոր տարիների կյանքում։ Եվ գուցե հիմա դժվար է պատկերացրել, բայց սկզբնական շրջանում կրեմ ապուրները եղել են․․․խմիչք։ Հարավում դրանցով  ծարավն էին հագեցնում, ոչ թե կիրառում որպես սնունդ, և մատուցում էին սառը։ Իսկ այ հյուսիսում կրեմ ապուրներն օգտագործում էին էլի որպես ըմպելիք՝ արդեն տաք վիճակում՝ տաքանալու համար։

Կրեմ ապուրների հայրենիքը Ֆրանսիան է․ այսպես են կարծում շատերը։ Բայց իրականում նրանք սխալվում են։ Չնայած Ֆրանսիան  խոհարարական աշխարհում մեծ հեղինակություն է վայելում, կրեմ ապուրները ֆրանսիացի խոհարարների ստեղծագործությունը չեն, և իրականում կրեմ ապուրների մայրաքաղաքը արևելքն է։ Եվ  այս ուտեստը  արևելյան երկրներում վայելում էին մի քանի հարյուր տարի առաջ՝ մինչ կրեմ ապուրը հայտնի կդառնար եվրոպական երկրներին։

Բայց ինչ խոսք, հենց ֆրանսիացիներն էին, որ  կրեմ ապուրը դարձրին աշխարհահռչակ՝ տալով նրան հենց այն տեսքն ու համային համադրությունը, որին այսօր սովոր է մեր քիմքը։ Արևելյան երկրներում ընդամենը մի քանի տեսակ կրեմ ապուր կար, դրանք  առանձնապես չէին փայլում համային հետաքրքիր լուծումներով։ Իսկ ֆրանսիական խոհանոցը, օգտվելով արևելյան «տեխնոլոգիաներից», ստեղծեց մեզանում հայտնի պանրային, սնկային, սոխով, ձկով և այլ կրեմ ապուրները․ բազմազանությունը շատ է, կրեմ ապուրներ կարելի է պատրաստել գրեթե ամեն ինչից, պետք է միայն երևակայություն և խոհանոցային գիտելիքների տարրական իմացություն։

Հավատացեք, իսկապես արժե կրեմ ապուր եփել սովորել, էլ չենք ասում՝ համտեսելու մասին։ Դրանք ոչ միայն համեղ են, այլ նաև՝ օգտակար։ Նախ, կրեմ ապուրները շատ ցուցված են ստամոքսի խնդիրներ ունեցող մարդկանց․ դրանք ավելի «փափուկ» են, ու, օրինակ, գաստրիտի դեպքում չեն ցավեցնում ստամոքսը։ Ավելին, կրեմ ապուրները մածուկի դեր են կատարում ստամոքսում՝ «քսվելով» ստամոքսի պատերին՝ այդպիսով սննդի այլ՝ ավելի կոշտ տեսակների մարսումն ավելի թեթև դարձնելով։

Չմոռանանք, որ կրեմ ապուրների մեծ մասը կա՛մ բանջարեղենային է, կա՛մ պարտադիր բանջարեղեն է պարունակում։ Իսկ բանջարեղենի օգտակարության մասին ավելորդ է խոսել։ Դե պատկերացրեք՝ որքան ավելի համեղ ու օգտակար  կդառնա ապուրը, եթե դրա մեջ մի քանի տեսակ բանջարեղեն խառնեք։ Ի դեպ, սա նաև լավ տարբերակ է փոքրիկների չսիրած բանջարեղենով օրգանիզմը թաքուն սնելու համար․ընդամենը պետք է ապուրի հիմնական բաղադրիչների հետ մի փոքր էլ խառնել այն կարևոր ու օգտակար բանջարեղենից, որը փոքրիկը չի սիրում, և վերջ, նա անգամ չի նկատի ձեր «օգտակար խարդախությունը»․ հենց սրա համար են կրեմ ապուրներ սիրում հատկապես մայրիկները։

Բացի սրանից,  կրեմ ապուրները քիչ կալորիական են՝ շնորհիվ նույն այդ բանջարեղենի։ Դրանց մեջ գրեթե երբեք չեն ավելացնում կարագ, շատ ձեթ, այլ յուղեր, հենց դրա համար էլ հնարավոր է հաճախ կրեմ ապուրներ ուտել ու քաշ չավելացնել, միայն թե չմոռանաք դրանց մեծ մասում պարունակվող  սերուցքն ընտրելիս վերցնել ցածր տոկոսայնությամբ յուղոտ սերուցք։

Կրեմ ապուրները թեթև են, բայց նաև՝ հագեցնող։ Հենց դրա համար դրանք հաստատուն ու մնայուն տեղ կզբաղեցնեն ձեր կյանքում։

blog.menu.am