Հայկական լեռնաշխարհի Նեմրութները. armgeo.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական լեռնաշխարհի Նեմրութները. armgeo.am

Հայկական լեռնաշխարհն ունի երկու համանուն լեռ՝ Նեմրութները, որոնք երբեմն շփոթում են միմյանց հետ: Նեմրութներն գտնվում են իրարից ուղիղ գծով 315 կմ հեռավորության վրա: Առաջինը մեծ Նեմրութն է, որը գտնվում է Վանա լճի մոտ, և կապվում է Հայոց անվանադիր նախնի Հայկի հետ: Հետագայում Հայկին փոխարինեց և գերագույն աստված դարձավ Արամազդը, որի պաշտամունքը կենտրոնական դիրք էր գրավում նաև Նեմրութ լեռան սրբավայրում, որն էլ համարվում է երկրորդ Նեմրութը: Երկրորդ Նեմրութը գտնվում է Հայկական կամ Արևելյան Տավրոսի լեռներում, որը Կոմմագենե երկրի բարձրագույն գագաթն է:

Վանա Նեմրութ (Սարակն)

Նեմրութը (Սարակն) երիտասարդ բազմածին հրաբուխ է, որը գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Վանա լճի արևմտյան ափին: Բարձրությունը կազմում է 2935 մ, հիմքի շրջագիծը՝ մոտ 50 կմ: Հրաբխի գագաթը իրենից ներկայացնում է խոշոր կալդերա, որի մեջ լիճ է գոյացել: Գագաթից բացվում է հրաշալի տեսարան դեպի խառնարանը: Այն գտնվում է 2500 մ-ի վրա, որն ամենամեծն է ողջ Հայկական լենաշխարհում 8 կմ տրամագծով, որի արևմտյան մասում խառնարանային լճերն են 9 քառ. կմ մակերեսով, որոնցից փոքրի ջերմաստիճանն ավելի բարձր է: Խառնարանի պատերը կախված, զառիթափ ժայռերով են՝ միչև 300 մ բարձրությամբ, կազմված թթու կազմի լավաներից: Խառնարանից ու լանջերից դուրս են գալիս տաք գազեր, ջրեր և գոլորշիներ: Հարավ-արևելյան լանջերը զառիթափ են, արևմտյանը` զառիկող իջնում են դեպի Մշո դաշտ:

Նեմրութի խառնարանը

Առաջներում Նեմրութը արտավիժել է բազալտային լավաներ: Այս լավաներով է փակվել Վանա լճի գոգավորությունը, և առաջացել է լիճը: Նեմրութն այժմ էլ համարվում է գործող հրաբուխ: Վերջին ժայթքումը ըստ Ֆ. Օսվալդի տեղի է ունեցել 1441 թ.:

Նեմրութի առասպելը

Ըստ առասպելի Նեմրութ անունով մի թագավոր կար՝ շատ գոռոզ մի մարդ, որը ցանկացել է լեռան վրա երկինք հասնող մի ամրոց կառուցել: Եվ իրոք կառուցում է հրաշալի մի ամրոց, որ տեսնողները հիանում էին: Ավելի գոռոզանալով՝ թագավորը լարում է աղեղը, և նետն ուղարկում երկինք, որպեսզի աստծուն ոչնչացնի և ինքը պաշտվի նրա փոխարեն: Աստված տեսնելով թագավորի գոռոզությունը, իր զայրույթն արտահայտում է լեռան ստորերկրյա ուժեղ ցնցումներով: Այդ կործանիչ ցնցումները միանալով երկնքից ուղարկված հզոր փոթորիկին, քարը քարի վրա չթողնելով՝ ավերում են ամրոցը: Փոշին տարածվում է մինչև Ուրֆա քաղաք:

Մինչև հիմա էլ Տարոնի, Մուշի ժողովուրդը, եթե ուզում են մեկին անիծեն, ասում են. «Քու թոզըն Ուրֆա ելնի»:

Այսօր էլ Դատվան գյուղի ձորակում երևում է քար ու ավազ կրող ուղտերի քարացած քարավանը: Իսկ մռայլ, անժպիտ, մաղձոտ մարդիկ մինչև հիմա էլ որակվում են Նեմրութ-նմրութ անունով:

Այս առասպելը հանդիսանում է քրիստոնեության արգասիք ամբարտավան թագավորի մասին, որը պատժվեց, երբ փորձեց աստծուն սպանել մարդու մեջ:

Ամբողջությամբ՝ armgeo.am



Նման նյութեր