Գագիկ Համբարյանը ֆեյսբուքում գրել է.
«Մի քանի օր առաջ ուղիղ եթերով լսում էի «Երկխոսության մեդիա կենտրոն»-ի կողմից կազմակերպված «Կհրաժարվե՞ն բուհերը հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների պարտադիր ներառումից» թեմայով քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին պատմաբան, ազգագրագետ և Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը… Գրական հայերենով մի հոդաբաշխ նախադասություն կազմել չկարողացող ռեկտորը փորձում է իր` օդից վերցրած մոտավոր պատկերացումներով խոսել «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման մասին: Անձը, հանրային հարթակն օգտագործելով, փորձում է անընդմեջ շեղվել բուն քննարկումից և ուզում է ցույց տալ, որ իբր պատկերացում ունի բուհի կառավարումից:
Թերևս մյուս երկու բանախոսները կարող են չիմանալ, սակայն պարոն Սերոբյանին խորհուրդ է տրվում ևս մեկ անգամ փորձել կարդալ ու հասկանալ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում ամրագրված 10-րդ հոդվածի 3-րդ կետը. «Բարձրագույն կրթության կրթական ծրագրերը բուհի կողմից կառուցվում են ստանդարտի, ՈԱՇ-ի և ՈՈՇ-ների մակարդակների նկարագրիչների պահանջներին համապատասխան»: Իսկ ՈԱՇ-ում հստակ ամրագրված է` ուսանողը պետք է կարողանա. Բակալավր:
«Գիտակցել անձնական պատասխանատվությունը ազգի և պետության հանդեպ, հետամուտ լինել ժողովրդավարական սկզբունքերի իրագործմանը, ազգային և համամարդկային արժեքների տարածմանը: Տվյալ ոլորտին առնչվող տեղեկատվությունը, փաստարկները, գաղափարները, խնդիրները և դրանց լուծումները մասնագիտական և ոչ մասնագիտական հանրությանը ներկայացնելու և բացատրելու հմտություններ»։ Մագիստարատուրա: «Գործել` զուգակցելով հայոց ազգային արժեհամակարգն ու պատմա-մշակութային փորձը համամարդկային արժեքների հետ»: Այսինքն` վերոնշյալ պահանջը ցույց է տալիս, որ երկու առարկաների դասավանդումն էլ անխուսափելի է բուհում, իսկ ի՞նչ անվամբ և բովանդակությամբ` կորոշի մասնագիտական ամբիոնը: Գուցե այս վերջնարդյունքը ֆիզիկայի ուսուցիչ Երվանդ Սերոբյանը կարողանա «Ֆիզիկայի» դասընթացո՞վ համալրել, ինչպես մեկնաբանեց՝ եթե ֆիզիկայի դասին խոսեն ֆիզիկոս Նոբելյան մրցանակակիրներից, ապա հայրենասիրության հարցը կլուծվի, սա զավեշտ է, ավելին` ողբերգություն է:
Հետաքրքիր է, ո՞ր ֆիզիկոսների անունները տալով է Շիրակի մարզի կրթական ոլորտի Կոլումբոս Սահակ Մինասյանի «աշակերտ»՝ ոչ պակաս կրթական գործի Ամերիգո Վեսպուչի Երվանդ Սերոբյանը հայրենասիրություն դաստիարակում ուսանողների մոտ… Խոսում է մի մարդ, որը լավ կլիներ իր դասերը պարապեր, ֆիզիկայի բաժնի համար ուսանողներ ներգավվեր բուհ, որը փակման առաջ է կանգնած, բայց ամպագոռգոռ հայտարարություններ է անում մասնագիտական առարկաներից և կրթական ծրագրերի որակից: Ամբողջ խնդիրը հենց այն է, թե ովքեր են լինելու բուհերի ռեկտորները, արդյոք չկայացած ու բարձրագույն կրթության համակարգի հետ կապ չունեցողները, թե՞ խորը պատկերացում և սրտացավություն ունեցողները: Պարոն Սերոբյանի համար կարևորն այն է, որ նախարար Արայիկ Հարությունյանի աչքը մտնի ու Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինի…
Պարոն Սերոբյանին խորհուրդ է տրվում ևս մեկ անգամ կարդալ օրենքի նախագիծը և հասկանալ, որ ՄԿԾ-երը կազմում են ամբիոնները, այլ ոչ թե ռեկտորները, որ վերջինս թույլ տա կամ չտա որևէ առարկայի դասավանդումը բուհում… Խնդրի սիրողական մակարդակի լուծումից, բարձրագույն կրթական համակարգի պատկերացումներից խոսում է մի մարդ, որը մինչև հիմա ուսումնական պլանն ու դասաբաշխումը չի տարբերում իրարից, ով Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի խորհրդի նիստին լուրջ դեմքով հայտարարում էր, որ բուհի կանոնադրությունը ապագայի համար է գրված, իսկ նույն ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ էլ հայտարարեց, որ դեկանների ընտրությունը ադաթներին համապատասխան է տեղի ունենում՝ առանց համալսարանի կանոնադրությունը հաշվի առնելու, բայց մշտապես քննադատում է իր նախորդներին անգործության ու անտեղյակության համար:
Ի վերջո, պարոն Սերոբյանն այն անձն է, ով ուսանողների դեմքին փակում էր բուհի դռները, երբ վերջիններս դասադուլ էին անում և պայքարում նախկին ՀՀԿ-ական բեսպրեդելշչիկ ռեկտորի դեմ… Ախր շատ ծիծաղելի է այս ամենը…Վերջը լավ լինի…
Հ.Գ. Պարոն Սերոբյանը չի սիրում հայագիտական առարկաները, քանի որ վերջերս սկանդալի մեջ էր հայտնվել, իր facebook-յան ընկերներին «ԲարեմաղթանԳներ» հղելով…»: