Հովհաննես Ավետիսյան. «…Փորձում են Թուրքիային հնարավորինս կառավարելի դարձնել և նրա վրա ազդեցության լծակներ ունենալ»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «…Փորձում են Թուրքիային հնարավորինս կառավարելի դարձնել և նրա վրա ազդեցության լծակներ ունենալ»

ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունման մասով մի բան ասեմ: Նախ ասեմ, որ քաղաքագետ չեմ, գրածս ռազմավարական ծրագրավորման տեսանյունից է, որի մեջ էլ մասնագիտացած եմ:

Ամերիկյան հետախուզական և հետազոտական հատուկ ծառայությունների հրապարակումներում Թուրքիան տարածաշրջանային խաղացող է դիտարկվում, որի կշիռը նախատեսվում է, որ հետզհետե ավելի է մեծանալու, ինչը կարող է նաև հանգեցնել գերտերությանը առանձնահատուկ ազդեցության:

Քանի որ, ԱՄՆ-ում կառավարական շրջանակները սա լավ գիտեն, նրանք փորձում են Թուրքիային հնարավորինս կառավարելի դարձնել և նրա վրա ազդեցության լծակներ ունենալ:

Սիրիայի տարածք մուտք գործելը և քրդերի նկատմամբ ռազմական ուժի կիրառումը, ինչքան էլ ԱՄՆ հետ համաձայնեցված է, նրանց անհանգստացնում է: Այս առումով Հայոց Ցեղասպանության հարցը ԱՄՆ համար գործիք է, որ կարող է գործադրվել Թուրքիային ավելի կառավարելի դարձնելու համար:

Հետևաբար, տրամաբանական է, որ Կոնգրեսի կողմից այս բանաձևի ընդունումը հաջորդում է Թուրքիայի նախաձեռնած ռազմական լայնածավալ գործողությանը: Կարծում եմ Կոնգրեսը ու եթե նույնիսկ Սենատը բանաձևը ընդունի, ապա դա այն նպատակով, որ լրացուցիչ գործիք ստեղծեն ԱՄՆ նախագահի համար Թուրքիայի վրա ավելի մեծ ազդեցություն ունենալու գործում:

Հետևաբար, այս ամենում ես չեմ հասկանում, որն է մեր ոգևորությունը, երբ իրականում, Կոնգրեսի այս քայլը ազդարարում է, որ Թուրքիան ավելի ուժեղ և մեզ համար ավելի վտանգավոր է դարձել: Իսկ այս ամենում, մենք ընդամենը խաղաքարտ ենք, նստած նայում ենք թե մեզ վերաբերվող հարցերը ոնց են մանիպուլացնում իրենց շահերը առաջ տանելու համար:

Այնժամ, երբ մենք մեծ ու հեռու մտածել կսովորենք ու նաև ռազմավարական հեռանկարային պլաններ իրագործել և պետություն կառուցել, միգուցե այս ամենից մենք էլ շահենք և դառնանք խաղի մասնակից, այլ ոչ թե մնանք խաղաքարտ:

Բայց քանի դեռ այս ամենը չկա, կդիտենք, թե ոնց են մեզ հերթական անգամ մատի վրա խաղացնում:

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր