Միայնակ է Միացյալ Նահանգների հինգ մեծահասակներից մեկը։ Միայնությունը կապված է դեպրեսիայի, սիրտ-անոթային հիվանդությունների, դեմենցիայի, ինչպես նաև այլ հիվանդությունների հետ։ Հետազոտողների թիմը Penn Medicine-ից որոշել է պարզել, թե ինչ թեմաներ կարող են կապված լինել միայնության հետ կոնտենտի միջոցով, որը տեղադրվել և հասանելի է Թվիթերի օգտատերերի կողմից, գրում է MedicalXpress-ը։
Կիրառելով թվիթների լեզվաբանական վերլուծական մոդելներ՝ հետազոտողները պարզել են, որ Թվիթերում միայնության մասին գրող օգտատերերը շատ ավելի հաճախ գրում են հոգեկան բարեկեցության և այնպիսի բաների մասին, ինչպիսին են հոգեակտիվ նյութերի օգտագործումը և անքնությունը։ Աշխատանքի արդյունքները, որոնք հրապարակվել են BMJ Open-ում, կարող են հանգեցնել օգտատերերին ավելի հեշտ հայտնաբերելուն և նրանց աջակցելուն, անգամ եթե նրանք Թվիթերում բացահայտ չեն գրում միայնության զգացողության մասին։
«Միայնությունը կարող է դանդաղ մարդասպան լինել, քանի որ դրա հետ կապված բժշկական որոշ խնդիրներ կարող են ի հայտ գալ տասնամյակներ հետո,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Շարաթ Չանդրա Գունտուկուն։- Եթե մենք կարողանանք հայտնաբերել միայնակ մարդկանց և միջամտել նախքան նրանց առողջության հետ կապված խնդիրների առաջանալը, դա կարող է երկարատև հետևանքներ ունենալ առողջությունը պահպանելու համար»։
Պարզելով սոցիալական ցանցերում տեղադրված և միայնակ մարդկանց հետ կապված բնորոշ թեմաներն ու լեզվաբանական մարքերները՝ թիմը բացահայտեց որոշ բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են «միայնության կանխատեսման համակարգի» կառուցման համար։
«Սոցիալական ցանցերը կարող են հետազոտողներին և կլինիկաների աշխատակիցներին թույլ տալ պասիվ չափել միայնությունը ժամանակի ընթացքում»,- ասում է հետազոտության համահեղինակ Ռեյչլ Շնայդերը։
Կենտրոնանալով Փենսիլվանիայում Թվիթերի օգտատերերի վրա՝ թիմը գտավ 6202 մարդու, որոնց թվիթները ներառել են այնպիսի բառեր, ինչպես «միայնակ»-ը կամ «մենակ»-ը ավելի քան հինգ անգամ դիտարկվող 2012-2016 թվականների ընթացքում։ Համեմատելով Թվիթերի այդ օգտատերերի ժամանակային շրջանակը՝ հետազոտողները պարզեցին, որ «միայնակ» օգտատերերը Թվիթերում գրեթե երկու անգամ ավելի հաճախ են գրում, և շատ ավելի հաճախ դա անում են գիշերը։
Թվիթների վերլուծությունից հետո պարզվեց, որ միայնության մասին գրող օգտատերերը չափից ավելի մեծ կապ են ունեցել ցասման, դեպրեսիայի և տագնապի հետ «ոչ միայնակ» խմբի համեմատ։ Բացի այդ, միայնակների խումբը ավելի շատ է կապված եղել հարաբերությունների (օրինակ, այնպիսի նախադասությունների օգտագործմամբ, ինչպիսին են «ինչ-որ մեկին ցանկանում եմ» կամ «ոչ ոք չի ուզում»), հոգեակտիվ նյութերի օգտագործման («ծուխ», «խոտ» և/կամ «հարբած») և նրանց հույզերի կարգավորման խնդիրների («ես պարզապես ցանկանում եմ», «ես չեմ կարող» և/կամ հայհոյանքներ) մասին թվիթների հետ։
«Թվիթերում մենք հայտնաբերեցինք, որ միայնակ օգտատերերը սոցիալական աջակցության պահանջ ունեն, և թվում է, թե հայհոյանքների օգտագործումը և ցասման արտահայտումը նշանն են այն բանի, որ այդ աջակցությունը չկա»,- ասել է Գունտուկուն։