Մոնղոլները աշխարհը գրավել են կարգապահության շնորհիվ
Advertisement 1000 x 90

Մոնղոլները աշխարհը գրավել են կարգապահության շնորհիվ

ԷՍՊԻՍԻ ԲԱՆ

Ըստ միջնադարյան հեղինակների՝ մոնղոլներն ունեցել են հարյուր հազարավոր ձիավորներից բաղկացած ահռելի բանակ։ Հայտնի է, որ 13-14-րդ դարերում Մոնղոլիայի բնակչության թիվը չի հասել նույնիսկ մեկ միլիոնի, այնուհետ մոնղոլներն սկսել են ձուլվել իրենց իսկ նվաճած երկրների ժողովուրդների մեջ:

1220-ին Իրանական բարձրավանդակ, ապա Հայաստան ու Վրաստան ներխուժած մոնղոլական զորքի թիվը եղել է շուրջ 20 հազար (Ջեբե նոյոն), որը հայ-վրացական միացյալ ուժերին (Գեորգի IV Լաշա, Իվանե աթաբեկ) 1221 թ. Կոտմանի դաշտում ջարդելուց հետո՝ ուղղություն է վերցրել Հյուսիսային Կովկաս։

Նրանք կայծակնային արագությամբ զավթել են հսկայական տարածքներ։ Ընդամենը քսան տարում մոնղոլներն ավելի շատ հողեր են գրավել, քան հռոմեացիները՝ երեք հարյուր տարիների ընթացքում (Ք.ա. 190 – Ք.հ. 114 թթ.)։

Մոնղոլական բանակում տիրում էր բացառիկ կարգապահություն, ընդգծված հարգանք ու հավատարմություն խանին ու հրամանատարին։ Յուրաքանչյուր ռազմիկ ուներ առնվազն երեք ձի՝ երկու արագավազ ձի (մարտաձի) ու մեկ բեռնաձի (գրաստ)։

Մոնղոլները մարտական ձիերին չէին ծանրաբեռնում, որպեսզի մարտի ժամանակ ֆիզիկական լավ վիճակում գտնվեն: Ձիերի քանակն էլ մոնղոլական հեծելազորի մեծաթիվ լինելու տպավորություն էր թողնում, այնինչ Խաղաղ օվկիանոսից մինչեւ Լեհաստան ու Ասորիք ձգվող ահռելի տերության մեջ բուն մոնղոլական զորքի թիվը եղել է 150-200 հազար, որը հպատակեցրել է ավելի քան 150 միլիոն բնակչության (միայն Չինաստանը մոնղոլների ներխուժման օրերին ուներ շուրջ 120 միլիոն բնակչություն):

Այս պարագայում պետք է խոսել ոչ թե մոնղոլների մեծաթիվ բանակի, այլ լավ մարզված ու կարգապահ հեծելազորի կայծակնային արշավների, մարտավարական առումով գրագետ ու համարձակ գործողությունների մասին։

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր