Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Մի բան ասեմ գնանք նիրհենք:
Այսօր մի քննարկման էի, որից հետո մասնակիցներից մեկն ասաց, որ ընդհանուր ընկեր ունենք: Հիշողություններ արթնացան: Տխուր հիշողություններ, որովհետև այդ ընկերը արդեն երկար ժամանակ անվերադարձ Հայաստանում չէ:
Մարդկանց կորցնելու մասին երկար եմ մտածել ու ինչպես մյուս հարցերում փորձում եմ գլխումս թվային ձևակերպումը տալ այս երևույթի, որ ավելի ընկալելի դառնա:
Մարդկանց հետ հարաբերությունների կառուցումը և ընկերությունը նման է ներդրման, որտեղ ներդրված կապիտալը համատեղ ծախսած ժամանակն է, համատեղ ապրած զգացմունքներն, ուրախ և տխուր պահերը, միմյանց աջակցությունը և միմյանց գոյությամբ հանգստությունը: Այս ամբողջությունը վերածվում է մի անտեսանելի կապիտալի, որի արդյունքը քաղում են երկուստեք` միմյանց բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելու, կյանքի որոշակի պահերին ու փուլերում փոխադարձ մասնակցություն ապահովելու միջոցով:
Եվ ինչքան շատ են նման մարդիկ այնքան քեզ ավելի ինքնավստահ ես զգում, կյանքի դժվարություններից չես վախենում, գիտես, որ ծայրահեղ բարդ դեպքերում իրենք կան, կան նաև ուրախության ժամանակ: Ուրախությունն էլ միայնակ չի լինում վայելել:
Երբ սա թվային տեսքի ես բերում և համեմատում սովորական ներդրման հետ, ապա հարազատ մարդու կորուստը` լինի դա տարածական, թե ֆիզիկական, նմանվում է կորստով ներդրման, երբ կորցնում ես ոչ միայն ներդրված կապիտալը, այլ նաև դրանից բարիքներ քաղելու հնարավորությունը:
Սովորական ներդրման կորուստը գումարն է, որը հնարավոր է այլ ձևերով և ժամանակի մեջ հետ բերել: Իսկ մարդու կորուստը անհնարին է որևէ կերպ հատուցել: Իհարկե շարունակաբար մենք հանդիպում ենք այլ մարդկանց և նրանց հետ հարաբերություններ կառուցում, սակայն շատ կորուստներ տեսած մարդը այլևս խուսափում է մեծ ներդրումներից:
Մենք բոլորս` հայաստանցիներս, ինչ-որ տարիքից սկսած դառնում ենք բազում կորուստներ տեսած և նոր ներդրումներից խուսափող և հերթական կորստի վախով ապրող անհատներ:
Հայաստան աշխարհը և մենք` հայերս, ապրում ենք ամենօրյա կորստով և կորստի վախով, ավելին քան որևէ այլ աշխարհագրական տարածք` պետություն և ժողովուրդ»: