Նոյեմբերի 29-ից Գանբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկը հարստացավ ևս մեկ աշխատանքով՝ Արմեն Էլբակյանի վարկածով ու բեմադրությամբ բեմ բարձրացավ Կեն Կիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» ստեղծագործությունը, որի գլխավոր դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանն է: Հատկանշական է, որ սա այն բացառիկ ներկայացումներից է, հատուկ որի համար երաժշտություն է գրվել. «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման երաժշտական ճաշակը վստահվել է ճանաչված կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանին: Ի դեպ, սա բեմադրիչի և կոմպոզիտորի երկրորդ համագործակցությունն է:
«Միմյանց հետ աշխատել ենք նաև «Մուսա լեռան 40 օրը» ներկայացման շրջանակներում: Այս անգամ էլ թեման ինձ շատ հարազատ ու հետաքրքիր էր, հաճույքով ընդունեցի Արմեն Էլբակյանի առաջարկը: Հատկապես, որ իր հետ աշխատելը շատ հեշտ է, երկուսս էլ արվեստին յուրահատուկ մոտեցում ունենք», – Aysor.am-ի հետ զրույցում նշեց Գ. Քյոսայանը:
Երաժշտությունը գրվել է 3 ամսվա ընթացքում: Ընդգծենք, որ սա ոչ թե մեկ ամբողջական երաժշտություն է, այլ՝ ներկայացման առանցքային յուրաքանչյուր դրվագ հատուկ իր համար գրված երաժշտություն ունի:
Երաժշտությունը հզոր ուժ ունի, այն կերպար ու միջավայր է ստեղծում, եթե, իհարկե, արհեստականորեն ներմուծված չէ ներկայացման մեջ: Ներկայացում-երաժշտություն տանդեմը ստացված է համարվում, երբ հասկանում ես, թե բեմում թևածող երաժշտությունը որքան համահունչ է բեմադրությանը: Իհարկե, հակառակ դեպքն էլ է լինում, բայց սա այն պարագան է, երբ երաժշտությունը ոչ միայն չի խանգարում, այլև՝ օգնում ու առավել ընկալելի է դարձնում բեմում կատարվող իրադարձության փիլիսոփայությունը:
Գարի Քյոսայանի երաժշտությունն ու «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրությունը ձեռք-ձեռքի տված՝ պատմում են հանուն ազատության և մարդասիրության պայքարի մասին. մեծ ցանկության դեպքում՝ մեկ հոգին կարող է պայքարել «սիստեմի» դեմ ու քանդել այն: Այն հայի այսօրվա ու վաղվա կերպարի արտացոլանքն է:
Ավելի մանրամասն՝ aysor.am