Գիտնականները մշակել են միջերկրածովյան սննդակարգի հատուկ տարբերակ նրանց համար, ովքեր չեն կարողանում հրաժարվել մսային ուտեստներից:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, որոշ երկրներում միսը գերիշխում է սննդակարգում: Նման երկրներից մեկն Ավստրալիան է, որտեղի վիճակագրության համաձայն, մեկ հոգին տարեկան շուրջ 100 կգ միս է ուտում: Հայտնի է, որ կարմիր մսի մեծ քանակությամբ օգտագործումն այնքան էլ օգտակար չէ առողջության համար:
Ամենից առողջարար դիետան ողջ աշխարհում համարվում է միջերկրածովյան: Այն օգտակար է սրտի, անոթների և գլխուղեղի առողջության համար:
Նման սննդակարգը ներառում է ձիթապտղի յուղ, մրգեր, բանջարեղեն, ընկուզեղեն, սերմեր, ամբողջական ալյուրից պատրաստված հաց, պաստա, ձավարեղեն, ձկան, ծովամթերքի և կարմիր գինու չափավոր օգտագործում:
Ավստրալացի գիտնականները ստեղծել են այս սննդակարգի փոփոխված տարբերակը մսակերների համար: Այն թույլատրում է հիմնական ուտելիքներից բացի շաբաթական օգտագործել 250 գրամ ոչ յուղոտ խոզի միս: Դա հարմար է նաև այն մարդկանց համար, որոնք ձուկ կամ կարմիր միս չեն ուտում:
Հեղինակները գիտափորձ են իրականացրել 45-80 տարեկան 35 մասնակիցների շրջանում, որի արդյունքներով պարզվել է, որ մսի սիրահարները նման սննդակարգ պահելով կարող են առողջ մնալ: