Գյումրեցիները քանդված տնակների մեխերով փորձում են արվեստի գործեր ստեղծել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Գյումրեցիները քանդված տնակների մեխերով փորձում են արվեստի գործեր ստեղծել. armeniasputnik.am

Քանդված տնակների մեխերը «Գյումրին իմ տունն է» նախաձեռնության անդամների երևակայության արդյունքում ստեղծագործությունների շարքի են վերածվել։

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ մի օր քանդել են ժամանակավոր կացարանը, որում ապրել է Արսեն Վարդանյանի ընտանիքը: Արսենն ամեն օր գնացել է տնակի տարածք՝ վերհիշելու այնտեղ ապրած տարիները։ Ամեն անգամ նոր բնակարան է վերադարձել` տնակից մնացած մեխերն իր հետ բերելով:

«Շատ գյումրեցիների պես ես էլ եմ դոմիկի բնակիչ եղել: Երկար ընդմիջումից հետո, երբ գնացի մեր տնակի տարածք, նկատեցի, որ այնտեղ տնակից մնացել են միայն մեխերը: Որոշեցի դրանք հավաքել ու ստեղծագործությունների շարք ստանալ»,- Sputnik Արմենիային պատմեց Արսենը։

Առաջին գործը, որ ստեղծեցին Արսենն ու ընկերները, ժամացույց էր, որը պատրաստվեց ոչ միայն քանդված տնակների մեխերով, այլ նաև տնակի փայտով ու հին վառարանի մասերով: Արսենի խոսքով` ժամացույցը խորհրդանշում էր երկրաշարժից հետո շարունակվող կյանքը։

Մեխերով ժամացույց

 

Հետո նոր գաղափարներ ծնվեցին՝ լրացնելով մեխերի հիշողությունների շարքը՝ «Երկու քարի արանքում», «ճամպրուկներ», «Դուռը», «Լևի լույս» և այլն: Մտքերը ծնվում են մեխի ձևից:

«Լավ արձագանքներ ունենք: Շատ գյումրեցիներ, որոնք հիմա արտերկրում են ապրում, Facebook-ով գրում են, իրենց տնակի տեղն են բացատրում, ուզում են տեսնել` ինչ է մնացել այդ հատվածից: Սա միայն շարք չէ։ Մենք կարծում ենք, որ այս հիշողությունների գաղափարի շուրջ նաև մարդկանց ենք համախմբում»,- ասում է Արսենը:

Ստեղծված աշխատանքներն այս պահին չեն վաճառում։ Նրանք պատրաստվում են ապագայում ցուցահանդեսով ներկայացնել իրենց գործերը։

armeniasputnik.am