Թրավել բլոգեր Լիլիթ Խաչատուրյանին ամբողջ Հայաստանով ճանապարհորդելը օգնել է հասկանալ, որ երկրում կան շատ յուրահատուկ հետաքրքրություններ, պատմություններ, որոնց մասին կարելի է անդադար խոսել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Լիլիթը պատմեց իր բլոգեր դառնալու որոշման, Հայաստանի մարզերի բնակիչների, սովորույթների ու ավանդույթների տարբերությունների, տպավորությունների և ներքին զբոսաշրջությունը խթանելու իր ցանկության մասին:
Ջերմուկից սկսվեց թրավել բլոգերի իմ ճանապարհը
Շատ պատահական ստացվեց թրավել բլոգեր դառնալս: Ամեն ինչ սկսվեց զբոսաշրջության կոմիտեում իմ աշխատելու տարիների ընթացքում: Մենք այդ ժամանակ ներքին զբոսաշրջության զարգացման «Բացահայտիր երկիրը» ծրագիր ունեինք: Մենք տեղի լրագրողների համար 3 օրով մեդիա տուրեր էինք կազմակերպում, որպեսզի ավելի շատ լուսաբանվի ու քաղաքացիներն ավելի տեղեկացված լինեն և իրենք էլ որոշեն բացահայտել իրենց հայրենիքը: Այդ ժամանակ հասկացա, որ մենք ունենք խնդիր, քանի որ հենց տեղացին չի ճանաչում այն վայրը, որտեղ ապրում է: Այժմ չեմ աշխատում Զբոսաշրջության կոմիտեում, բայց նպատակս մնացել է նույնը՝ ցույց տալ և ճանաչելի դարձնել հայերի համար մեր Հայաստանը: Առաջին անգամ նյութ գրեցի, երբ գնացել էի Ջերմուկ ուղղակի հանգիստս անցկացնելու և այնտեղ ինձ հետ հետաքրքրիր բաներ պատահեցին և այդ ժամանակ ավելի ուշադիր էի ամեն ինչի նկատմամբ, քան նախորդ անգամները: Մտածեցի, որ հետաքրքիր կլինի մարդկանց պատմել, թե ճամփորդելիս ինչ հետաքրքություններ կան երթուղային տաքսուց սկսած մինչև ճանապարհորդության ավարտը: Իմ այցը Ջերմուկ համեմված էր արկածներով ու «համով» պատմություններով:
Իմ բլոգում միայն Գառնու տաճարի մասին չեմ գրում
Հիմնականում գրում եմ հայաստանաբնակների համար, սակայն ինձ կարդում են նաև սփյուռքում ապրող մեր հայրենակիցները. իմ բլոգի միջոցով բարձրացնում եմ Հայաստանի ներքին զբոսաշրջության ճանաչելիության հարցը: Իմ բլոգում միայն Գառնու տաճարի մասին չեմ գրում, այլև օրինակ՝ Գոմք գյուղի, Արփի լճի, որոնց մասին քիչ է խոսվում և լուսաբանվում:
Ճանապարհորդելիս ինքս ինձ եմ բացահայտում
Յուրաքանչյուր ճանապարհորդություն յուրովի է իր տեսակի մեջ, անգամ, եթե գնում եմ նույն տեղը, որտեղ արդեն մի քանի անգամ եղել եմ: Ամեն անգամ շփվում եմ նոր մարդկանց հետ՝ տեղաբնակների, ովքեր իրենց հայացքով ներկայացնում են տվյալ վայրը: Բացահայտումներս լինում են տարբեր՝ ծանոթանում եմ տեղի բարբառին, ուտեստներին, ավանդույթներին, տեղի լեգենդներին: Մի բան էլ կա, երբ հետևում ես Հայաստանի մյուս քաղաքների կամ գյուղերի բնակիչների նիստ ու կացին, նրանց ապրելակերպին, աշխատանքին, հասկանում ես, որ կյանքում շատ ավելի ծանր ու բարդ բաներ կան, քան այն, որ մենք Երևանում համարում ենք խնդիր: Բայց կարող եմ ասել, որ առաջին հերթին ամեն ճանապարհորդության ընթացքում կամ հետո ինքս ինձ եմ բացահայտում:
Ցանկանում եմ անդրադառնալ արկածային զբոսաշրջությանը
Շատ եմ ուզում անդրադառնալ արկածային զբոսաշրջությանը, կարծում եմ արդեն մյուս տարի այդ բացը կլրացնեմ ու ինձ համար կբացահայտեմ Արագածը, Խուստուփը: Այս վայրերն եմ ընտրել, քանի որ ինձ համար սա մարտահրավեր է, արդյոք կկարողանամ բարձրանալ այդ լեռները: Չգիտեմ ինչպես կմեկնաբանեն պրոֆեսիոնալ լեռնագնացներն ու քայլարշավորդները, բայց իմ կարծիքով՝ լեռներ բարձրանալիս, ճանապարհին դու սկսում ես հասկանալ, կկարողանաս հաղթահարել այդ ճանապարհը, թե ոչ: Նմանատիպ ճանապարհորդություններից հետո սկսում ես գիտակցել, որ քո մեջ ձևավորվում է հոգեկան մի ուժ, որը հետագայում այլ գործերում քեզ օգնում է, դառնում ես ավելի համարձակ, գործունյա, վախերդ «նահանջում են», որովհետև հետ դառնալու մասին այլևս չես մտածում:
Պետք է միշտ գտնել տարբերակներ նպատակներին հասնելու համար
Վերջերս Դսեղում էի և հետաքրքիր միտք ծագեց ինձ մոտ, երբ Գիքորի ճանապարհով 7 կմ քայլեցի, Դսեղով շրջապտույտ տվեցի ու ճանապարհին ինչ-որ մի պահ հասկացա, որ հոգնել եմ ու չեմ ցանկանում այլևս քայլել: Ես ինքս ինձ համար խաղ մտածեցի, որ պետք է գտնեմ ճանապարհին գծանշված բոլոր կետերը, որոնցով անցել է Գիքորը և հասկացա, որ այդ կերպ ավելի է հետաքրքրանում քայլարշավս ու պետք չէ կեսից հետ կանգնել: Միշտ պետք է գտնել տարբերակներ՝ նպատակներին հասնելու համար:
Բացասական տպավորություններ երբեք չեմ ունենում
Բացասական տպավորություններ երբեք չեմ ունենում, քանի որ, առհասարակ, սկսել եմ այդ հարցին այլ կերպ նայել: Իմ ճանապարհորդություններից ոչ մի սպասելիք չեմ ունենում, որովհետև դեպքեր են լինում, որ լսում կամ կարդում ես որևէ վայրի մասին կամ լավ բաներ կամ ուռճացված ու քեզ համար հակառակ պատկերն է լինում: Ամեն մարդ իր համար հատուկ բանի մեջ է հետաքրքրություն տեսնում, հենց այդ պատճառով առանց սպասելիքների եմ գնում գյուղեր ու քաղաքներ: Ինձ, միանշանակ, զարմացնում են իմ այցելած վայրերի տեղաբնակների հյուրասիրությունը, իրենց համար բացարձակ անծանոթ մարդկանց հետ շփումը, երբ քեզ անմիջապես տան անդամի նման են ընդունում:
Հյուրատներում մնալը հետաքրքրություններով ու բացահայտումներով լի է
Հյուրատներում սիրում եմ մնալ, քանի որ երեկոյան, երբ հավաքվում ենք մի բաժակ թեյի սեղանի շուրջ, տեղաբնակները ինձ հարցնում են իրենց գյուղի կամ քաղաքի մասին իմ բացահայտումների մասին կամ իրենք են հետաքրքիր պատմություններ պատմում: Օրինակ, երբ Դսեղում էի, մի մարդու տուն մտանք, անգամ չէի մնալու այնտեղ, տան տերն անմիջապես մեզ հայտնեց, որ կով է առել ու ասաց. «մի հատ կնայե՞ս, սիրո՞ւն ա»: Ինձ համար հյուրատներում մնալը հետաքրքրություններով ու բացահայտումներով լի է, որովհետև մարդիկ ավելի պարզ են, բարի են, անկեղծ են: Երևան վերադառնալուց հետո, արդեն մի փոքր դժվար է լինում շփվել մարդկանց հետ: Մայրաքաղաքում չկա այդ մտերմությունն ու ազնվությունը, մի փորք պակասում է:
Հայաստանում հանգստանալը միանշանակ թանկ չէ
Երբ դեռ աշխատում էի Զբոսաշրջության պետական կոմիտեում, մեզ շատ էին դիմում այդ հարցով: Վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանում հանգստանալը թանկ չէ: Ցանկացած գրպանի համար տարբերակներ կան մեր երկրում, ընդամենը պետք է փնտրել: Թանկարժեք հյուրանոցների կողքին միշտ էլ կան այլ հյուրանոցներ կամ հյուրատներ, որտեղ շատ մաքուր, հարմարավետ և հաճելի է մնալ: Իմ բլոգում այս խնդրի համար ունեմ «Ինչ արժի» խորագիր, որտեղ գրում եմ, թե ինչպես կարելի է «Ա» կետից «Բ» կետ հասնել մատչելի եղանակով: Ես ճանապարհորդում եմ երթուղայինով, գրում եմ, թե որտեղ եմ սնվում, որտեղ եմ գիշերում և այդ ամենը որքան արժե: Սնվելու հետ կապված ասեմ, որ Դիլիջանում անպայման պետք է փորձել եգիպտացորեն:
Տարբեր վայրերից ինձ համար հուշանվերներ եմ բերում
Ճանապարհորդելիս ինձ հետ միշտ համակարգիչս է ու որևէ գիրք, թալիսման չունեմ: Վերադառնալուց միշտ հուշանվերներ եմ բերում, որոնք ինքս եմ փորձում պատրաստել՝ սկսած լավաշ թխելուց մինչև կավագործություն: Մեր մարզերում կա «փորձառություններ» ասվածը և, օրինակ, Գյումրիում կավագործության էի գնացել, Ասլամազյան քույրերի թանգարանում մագնիս եմ սարքել, Հացիկ գյուղում տարազով տիկնիկ եմ սարքել և այլն:
Սահմանամերձ գյուղերում կյանքը բավականին գայթակղիչ է
Ճանապարհորդելու ընթացքում, մի օր հասկացա շատ գեղեցիկ վայրերում եմ լինում, բայց չեմ այցելում սահմանամերձ գյուղեր: Ինձ հետաքրքիր էր, թե սահմանին մեր հայրենակիցներն ինչպես են ապրում և ինչպիսին է իրենց առօրյան: Ինձ համար Հայաստանը սկսվում և ավարտվում է սահմանամերձ գյուղերով: Կարող եմ ասել, որ այդ գյուղերում հետաքրքրություններն այլ են և բավականին գայթակղիչ: Առաջին ճանապարհորդությունս եղել է դեպի Բերքաբեր, որտեղ արտադրում են օրգանիկ մեղր, արտահանում են Դուբայ, ձեռագործ տիկնիկներ են պատրաստում և արտահանում ԱՄՆ, արտահանում են նաև օրգանիկ արքայանարնջի չիր, գարեջրի համար նախատեսված չորացած ձուկ և մի շարք այլ բաներ: Նրանք շատ բաներ են անում, սակայն այդ մասին շատ քիչ է խոսվում, քանի որ լրագրողները, երբ այցելում են սահմանամերձ գյուղեր, հիմնականում հարցնում են, թե քանի կրակոց է եղել վերջին շրջանում, ինչ խնդիրներ ունեք և այդ լավ կողմը մնում է չլուսաբանված: Նախկինում կարծում էի, թե սահմանային գյուղերում շատ վտանգավոր է և հնարավոր է այլևս չվերադառնաս այնտեղից, սակայն ես անգամ սահմանային Ջողազի ջրամբարում ձկնորսության եմ գնացել: Սահմանին ապրող մարդիկ անգամ մոտիվացնում են, քանի որ նրանք այն անձինք են, ովքեր չգիտեն հաջորդ պահին ինչ կլինի և, երբ կարող է պատերազմ սկսել: Չնայած այդ ամենին, նրանք աշխատում են, արարում և մտածում են առաջ գնալու մասին:
Եղել եմ 10 սահմանամերձ գյուղում
Ճանապարհորդություններիս ընթացքում եղել եմ 10 սահմանամերձ գյուղում և դեռ շարունակելու եմ: Նպատակադրվել եմ 2020 թվականին գնալ մնացած բոլոր գյուղերը և գրածս բոլոր հոդվածներից մի գիրք կկազմեմ Հայաստանի սահմանների մասին: Եղել եմ Բերքաբեր, Վահան, Ծաղկավան, Խաչիկ և այլ գյուղերում:
Հայաստանի ու Արցախի միջև տարբերությունը թթի օղին է
Բացի ՀՀ տարածքում ճանապարհորդելուց, լինում եմ նաև Արցախում և տարբերություն չեմ դնում այդ երկու պետության միջև: Միակ տարբերությունը թթի օղին է, իսկ մարդկանց բարությունը, հյուրասեր լինելը լրիվ նույնն է: Ես ինձ ոչ մի տեղ օտար չեմ զգացել և չեմ զգում, քանի որ բոլոր այն մարդիկ ում հանդիպել եմ եղել են շատ հոգատար և բարի իմ հանդեպ: Եղել եմ Թալիշում, Տիգրանակերտում, Շուշիում, Ստեփանակերտում, Տող և Մխիթարաշեն գյուղերում և այլուր: Եղել եմ նաև Հունոտի կիրճում, որտեղ գնալու համար կա 3 ճանապարհ, սակայն մենք սովոր ենք գնալ մինչև «Զոնտիկներ»-ի հատված: Ես գնացել եմ մինչև այդտեղ, ինչից հետո բարձրացել եմ ու հասել մինչև Շուշի: Այն վարորդը, որ մեզ բերել էր Հունոտի կիրճի մոտ, զարմացել էր, թե ինչպես եմ հասել այնտեղ: Շարունակելու եմ ճանապարհորդություններս նաև դեպի Արցախ, որպեսզի սկսեմ բացահայտել նաև այն վայրերը, որոնք այդքան էլ զբոսաշրջային չեն և մարդիկ քիչ գիտեն այդ վայրերի մասին: