Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
«Իրականում «ինստիտուտներ» կային։
Անթերի չէին, բայց կային։ Հետևում էին դաշտին (ավելի ճիշտ՝ դաշտերին), փորձում էին սպառնալիքները նկատել և չեզոքացնել դեռ երբ դրանք «թույլ սիգնալների» փուլում էին։ Բնականաբար, միշտ չէր ստացվում, լինում էր, որ փոքր թեման «մեծանում, դառնում էր պառավոզ» ©։
Այդ խորհրդավոր «ինստիտուտները», ի դեպ, այնպես չէ, որ մեկ օրում են հայտնվել, այնպես չէ, որ այսօր որոշեցիր ու վաղը կունենաս ինստիտուտ՝ համակարգված աշխատող, այսպես ասած՝ մարտունակ, կառույց։
Ծը… Տարիների աշխատանք է համակարգը ստեղծելը, աշխատանքային ռելսերի վրա դնելը։ Իհարկե, քանդել կարելի է շաբաթների ընթացքում։
Շատ-շատ կարևոր է, որ ինստիտուտն ունենա ինստիտուցիոնալ հիշողություն. այսինքն անդադար կուտակի և մշակի նախորդ գիտելիքը, և դրա հիման վրա նոր գիտելիք սինթեզի, որն էլ փոխանցի ինստիտուտի աշխատակիցների նոր սերունդներին։
Ընդ որում այս անտեր տեղեկատվական ոլորտում ունիվերսալ, միշտ աշխատող լուծումներ չկան, որովհետև միլիոն գործոն կա։ Այն, ինչ երեկ աշխատեց, այսօր կարող է դեռ մի բան էլ հակառակը՝ գործը փչացնել։ Ամեն անգամ պետք է գցել-բռնել, տարբերակներ դիտարկել, փորձել մի քանի քայլ առաջ մտածել։
Մի կարևոր նրբություն էլ կա տեղեկատվության հետ աշխատանքում. մեկ կառույցը բավական չէ։ Պետք են նույն գործողություններն իրարից անկախ կրկնող կառույցներ։ Որ իրար սխալների վրա բռնեն, իրար հակասեն, վիճեն իրար հետ։ Սա շատ կարևոր է։
Ավելին՝ առավել կրիտիկական հարցերում պետք է նաև կողքից էլ անկախ ու թարմ տեսակետով փորձագետների ներգրավես, որ տհաճ հարցեր տա ու կարող է պարզվել, որ բոլորը սխալվում էին (գուգլեք groupthink-ն ինչ է)։
Պետք է նաև հասկանալ, որ ամեն մի կառույց ունի նաև իր նեղ շահերը և երբեմն իր տված տեղեկատվական, վերլուծական պրոդուկտը կարող է իր մեջ ունենալ այդ շահերի ազդեցությունը, ինչն էլ իր հերթին կարող է բացասաբար ազդել վերլուծության օբյեկտիվության վրա։
Ամենավատ բանը ղեկավարի համար՝ բոլոր կառույցների հանգուցային պաշտոններում դնել միայն «հավատարիմ շողոքորթողների», որոնք միշտ ամեն հարցում համաձայն են, կամ էլ պատժել անհամաձայնության համար։
Ու սենց լիքը նրբություններ կան, որոնք եթե հաշվի չես առնում, մի հատ բլինչիկ սարքելու ֆոտոն դառնում ա հայոց հարց, որի համար ստիպված ես լինում հարյուր անգամ արդարանալ։
Հ.Գ. Ինստիտուտ(ներ) ունենալն էլ դեռ ամենը չէ. պետք է կարողանալ դրանցից օգտվել։ Եթե ինստիտուտները կան, բայց իրենց վերլուծություններն ամիսներով չես կարդում, չես արձագանքում, հարցեր չես տալիս, ապա ինչքան ինստիտուտ ուզում ես ունեցիր, մե՛կ է տակ ես տալու։»