Վարորդների բալային համակարգի առավելություններն ու թերությունները ներկայացնում է փորձագետը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Վարորդների բալային համակարգի առավելություններն ու թերությունները ներկայացնում է փորձագետը. armeniasputnik.am

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները բալային համակարգով ֆիքսելու ներմուծումը թույլ կտա մի քիչ կարգի բերել ճանապարհներին տիրող վիճակը, բայց օրինագիծը մի շարք թերություններ ունի։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Պեդանյանը։

Հայաստանի կառավարությունն ավելի վաղ հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, որով նախատեսում է բալային համակարգի ներմուծում՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար։

Նոր կանոնների համաձայն, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորը սպառվի, նա 6 ամսով զրկվելու է վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը վերականգնվելու է, և դարձյալ տրվելու է 9 միավոր։ Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո։

«Ես միշտ համարել եմ և հիմա էլ նույն կարծիքին եմ, որ բալային համակարգն անհրաժեշտություն է Հայաստանի համար՝ ավտոմեքենաների սրընթաց աճող քանակի, կաշառքով վարորդական իրավունքի վկայական ստացած վարորդների ահռելի թվի պայմաններում։ Մեզ զսպող մեխանիզմ է պետք այն վարորդների դեպքում, որոնք սպառնալիք են ներկայացնում մարդկանց համար»,- ասաց Պեդանյանը։

Միաժամանակ, մեր զրուցակիցը կարծում է, որ օրինագիծը չի նախատեսում խախտումների հսկողության արդյունավետ մեխանիզմներ։ Օրինակ, շատ դեպքեր են լինում, երբ երթևեկության կանոնները խախտած վարորդը մեքենայի սեփականատերը չէ, իսկ տուգանքները ստանում է տրանսպորտային միջոցի տերը։ Հիմա եթե ուժի մեջ մտնի բալային համակարգը, ապա նման խախտումների դեպքում բալեր կհանվեն մեքենայի տիրոջից, եթե խախտողն անբարեխիղճ գտնվի և «մեղայականով» չներկայանա։

Պեդանյանի խոսքով՝ կարող են լինել դեպքեր, երբ ընտանիքում մի քանի վարորդ կա, և նրանք մեկ ավտոմեքենա են վարում, ընդ որում, նրանցից մեկը մշտապես խախտումներ է անում։ Այդ դեպքում մնացած վարորդներից յուրաքանչյուրն իր վրա է վերցնելու այդ խախտումները՝ կիսելով իրար մեջ այդ բալերը և «կոծկելով» խախտողի արարքները։ Արդյունքում վերջինը հնարավորություն կունենա մշտապես ավտոմեքենա վարել և խախտել կանոնները։

Փորձագետը ևս մի թերություն է համարում ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու տուգանքի չափը նվազեցնելը. ներկայում գործող 150 հազար դրամի փոխարեն հիմա վարորդներին կտուգանեն 29 հազար դրամով, ինչպես նաև կհանեն 4 բալ։ Պեդանյանը դա անընդունելի է համարում՝ նշելով, որ 29 հազար դրամը և 4 բալը հազիվ թե հետ պահեն վարորդներին տարեկան թեկուզ մեկ անգամ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու գայթակղությունից։

armeniasputnik.am