Սեքսն այն կախարդական բանալիներից է, որը կարող է կյանքում բարձրագույն հաճույքի դռներ բացել, սակայն կարող է և տառապանքների պատճառ դառնալ։ Այն պետք է ներառի չորս ասպեկտ (բացի սերունդ տալուց)։ Եթե նշված ասպեկտներից անգամ մեկը դուրս է մնում, ապա ամբողջ համակարգը վաղ թե ուշ քանդվում է։
Սեքսի չորս առաքելություններն են՝
- քաղցի հագեցում (պահանջմունքի բավարարում),
- շփում և մտերմություն (զույգերի շփումը մարմնական և հուզական մակարդակներում),
- հաճույք և բավարարվածություն,
- երջանկության հորմոնների արտազատում (էնդորֆիններ, դոֆամին, սերոտոնին)։
Շատերը սեքսին մի իմաստ են տալիս միայն՝ պահանջմունքի բավարարում։ Այդ դեպքում այն ոչ լիարժեք հաճույք է պատճառում, ոչ շփումն է ապահովում, ոչ էլ «երջանկության հորմոններ» է արտադրում։ Արդյունքի հետևից վազելով նրանք բավարարվում են միայն ռեֆլեկտոր օրգազմով՝ թյուրիմացաբար այն սեքս կոչելով և համարելով, որ այն միավորում է երկուսին։ Այն միասին լինելու ակնթարթային պատրանք է ստեղծում, որից հետո մենակության խորն զգացում և դատարկություն է առաջանում, ինչն էլ ամեն մեկը լցնում է ինչպես կարողանում է։ Մեկը լցնում է աշխատանքով, ալկոհոլով և տարաբնույթ կախվածություններով, մյուսն էլ՝ պոռնոգրաֆիկ ֆիլմերով և շարունակական դավաճանություններով՝ ցանկանալով նոր ու սուր մի բան գտնել։
Սեքսուալ հարաբերության հիմնական բաղադրիչները, որոնք սեքսին իմաստ են հաղորդում, քնքշությունն է, մտերմությունը և ագրեսիվությունը։
Քնքշանքը (քնքշությունը բառերի, ժեստերի, շոյանքների, ուշադրության միջոցովտալու և ընդունելու կարողությունը) տարրական ու հիմնական որակ է, առանց որի դժվար է սեքսը պատկերացնելը։
Մտերմությունը (մյուսի մասին հոգ տանելու, նրա հետ ունեցածը կիսելու կարողությունն է՝ չվախենալով ինքն իրեն կորցնելուց) ներառում է վստահությունը, աֆեկտիվ, մարմնական, ինտելեկտուալ և հոգևոր ասպեկտները։
Սեքսն անհնար է պատկերացնել առանց առողջ ագրեսիայի, որը պետք է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց, որպեսզի արտահայտեն իրենց ցանկություններն ու ընդառաջ գնան իրար։ Սեքսուալ հարաբերության բոլոր բաղադրիչները փոխկապակցված են․ քնքշությունն ու մտերմությունը լիովին բացվում են միայն այն ժամանակ, երբ զույգն սկսում է հարգել իր ագրեսիվությունը։
Առողջ ագրեսիվության բացակայության դեպքում սեքսը վերածվում է ընկերական շփման (ագրեսիվության թույլ արտահայտման դեպքում), կամ էլ բռնության (եթե ագրեսիան չափազանց ուժեղ է արտահայտվում)։ Մտերմության բացակայության դեպքում կորչում է զույգի հուզական շփումը և այլևս անհնար է դառնում մյուսի մեջ իրեն գտնելը, մյուսի ներկայությունն զգալը, փոխադարձ թրթիռը՝ ջերմ, ապահով և հարազատ։ Եթե քնքշություն չի լինում, կորչում է մոգական հպումների, համբույրների և բառերի հաճույքն ու վայելքը։
Այդ երեք բաղադրիչները սեքսուալ հարաբերության հիմքն են, բայց դրանք բառի բուն իմաստով վառ գույներով լցնելու համար անհրաժեշտ է ժամանակ, ուշադրություն իքներդ ձեր և զուգընկերոջ հանդեպ և իհարկե «գրգռիչներ» բոլոր զգայարանների համար, որոնք օգնում են լինել «այստեղ և հիմա»․ ձայնային (հաճելի երաժշտություն, կրակի շշուկ, թռչունների դայլայլ, ալիքների խշշոց), համային (գինի, մրգեր, պանիր, շոկոլադ), հոտառական (օծանելիքի, ձեթի, բուրավետ ձողիկների, ծաղիկների բույր), տեսողական (գեղեցիկ ներքնաշոր, ժանյակ, մոմեր) և հատկապես մարմնական (երբ զուգընկերոջ (զուգընկերուհու) մարմնի ամեն մի մասին հատուկ ուշադրություն ես դարձնում՝ ստիպելով, որ նա իրեն կենդանի զգա․․․ Համբուրելով, ամբողջ մարմինը անուշաբույր յուղով պատելով, մարմնի ամեն մի մասին այնքան ժամանակ հատկացնելով, որքան որ կարիքը կա․․․ Ընդունելով, զգալով, ներկա լինելով)։
Միայն անշտապ, ժամանակը կանգնեցրած մարմինների և հոգիների այդ պարն է ի զորու իրենից հետո դեռևս զգացնել բուռն հաճույքի մարող համը և միմյանց մենակությունը դարձնել պակաս ցավոտ։