ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առողջ հասարակության մեջ քննարկման առաջին թեման պետք է լիներ դեմոգրաֆիան: Այսօր տվյալներ են հրապարակվել, որտեղ մշտական բնակչության թիվ 3 մլն-ից պակաս է: Հարգելի իշխանություններ, այս թեման դարձրեք քննարկման առարկա, այլ ոչ թե որ երկրից ու ու ինչով ենք առաջ անցել, թվերի «պատերազմը» հոգնեցնող է ու հասարակության շրջանում իշխանությոնների հրապարակած թվերը ենթագիտակցական մակարդակում հավատ չեն ներշնչել ու չի ներշնչում նաև հիմա, պատճառները շատ խորն են՝ գալիս է դեռևս սովետական տարիներից:
Հիմա դեմոգրաֆիայի մասին. կրկնում եմ տարիներ շարունակ՝ արտագաղթից բացի, ինչը շարունակվում է ներկա իշխանությունների օրոք, դեմոգրաֆիական ցածր աճի պատճառը սոցիալականը չեն միայն, կամ գոնե առաջին երեք հորիզոնականներում սոցիալականը չէ: Հայաստանը շարունակում է մնալ երեկա ունենալու համար ոչ հարմար երկիր, եթե չես ապրում գերդաստանով ու եթե տանը չունես օգնող՝ ստացվում է, որ ծնողներից մեկը պետք է երեք-չորս տարով մնա տանը ու երեխա մեծացնի: Բնական է, որ յուրաքանչյուր նորմալ մարդ ինքնադրսևորվելու, աշխատելու ու ստեղծագործելու մղում ունի, իսկ նման պայմաններում բավարարվում են մեկ, կամ մաքսիմում երկու երեխայով:
Աճ չկա ու չի կարող լինել: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, կարծում էի, որ այս հարցին կսկսեն ուշադրություն դարձնել, ու ծնելիության աճ կգրանցեինք, բայց սկզբունքորեն նույն քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր՝ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ գումարի չափի բարձրացումը լավ է, բայց դրանից պետք չէ սկսել: Բերեմ հասարակ օրինակ՝ սկսած Վարչապետի նստավայրից, մինչև գյուղական համայնքի վարչական շենքեր պետք է ունենան աշխատակիցների երեխաների համար կահավորված սենյակներ, որտեղ գործի եկող աշխատակիցը կարող է թողնել իր երեխային:
Սա մեծ ծախս չէ ու անելը հնարավոր է, սրան կհաջորդի օրենսդրական պահանջով այս ամենը մասնավորի վրա տարածելը, սկսեք հիմա, որ երկիրը փրկենք, այլապես 15-20 տարի հետո կլինենք երկու միլիոն իսկ մեր հարևանների ընդհանուր թիվը կհասնի 200 մլն-ի: Այս շեմին եթե մենք հասանք՝ ապա հետևանքները ծանր կլինեն: Վստահ եմ՝ ուսումնասիրություններ կան ու երկրի ղեկավարը կարող է ծանոթանալ դրանց:
Ստեղծեք հայ ծնողների համար իրենց երեխաներին հարմարավետ պայմաններում մեծացնելու հնարավորություն ու ամեն բան լավ կլինի: Կամ՝ ինչո՞ւ մեր պետական դպրոցները մինչև հիմա չեն ապահովվում երեխաներին դպրոց տանելու տրանսպորտով, ո՞նց է ստացվում, որ մասնավորը կարող է, մասնավորը հսկայական պահանջարկ ունի, իսկ պետական դպրոցները չեն կարղանում ապահովել, փորձեք, սահմանեք 3-5 հզ դրամ գումար ծնողների համար ու հարմարավետ դարձրեք մարդկանց կյանքը:
Մասնավոր դպրոցները ծաղկում են, ու ոչ թե այն բանի համար, որ լավ կրթություն են տալիս, այլ նրա համար, որ հարմարավետ են դարձնում իրենց աշակերտների ծնողների կյանքը: Իրական հեղափոխությունը պետք է փնտրել նման, առաջին հայացքից ոչ տեսանելի հարցերի կարգավորման մեջ՝ հակառակ դեպքում կշարունակվի արդեն առանց իշխանություններին հայհոյելու դարձած արտագաղթը:
Հ.Գ 1. Ներկա կառավորությունը մեր պատմության ամենաչամուսնացածների կառավարությունն է: Առանց հումորի՝ սա վատ ազդակ է, որը գալիս է վերևից, հաջողակ մարդու կերպարը պետք է շաղախված լինի ընտանիքի, երեխաների հետ: Կարծում եմ՝ հասկացաք ասելիքս
Հ.Գ 2. Պատգամավորներից մեկը բանակից ազատվելը փողով դարձնելու իմ հրապարակային գրառումը փորձեց դարձնել օրենսդրական նախաձեռնություն, ցավոք պոպուլիզը հաղթեց: Մարդիկ երկրից հարյուրներով լքում են նաև այդ պատճառով: Պատգամավորի ասածները լսեք առանց պոպուլիզի, հետո նայեք շուրջբոլորներդ, բացեք հարուստների ցանկը համոզվեք, որ իրենց երեխաները հիմա էլ չեն ծառայում ու քայլ արեք: Այս մասով առաջիկայում գրառումներ կանեմ: Տղեք սա Հայրենիք է, խոսքերը, ստատուսները, մանիպուլացիաները կգան ու կանցնեն, երկիրը պետք է փրկել»: