Երջանկության զգացողությունը էական կորելացիա չունի նաև ինտելեկտի հետ. Կարեն Անտաշյան
Advertisement 1000 x 90

Երջանկության զգացողությունը էական կորելացիա չունի նաև ինտելեկտի հետ. Կարեն Անտաշյան

Ըստ վերջին հետազոտությունների, երջանկության վրա ազդող գործոնները բաժանվում են երեք խմբի։ Առաջին խմբում մեզնից չկախված արտաքին միջավայրի գործոններն են, օրինակ ընտանիքը, որում ծնվել ենք, երկիրը՝ մշակութային, տնտեսական, կենցաղային հանգամանքները, և ինչպես պարզվում է, այս խմբի գործոնների ազդեցությունն ընդամենը 10% է մեր ընդհանուր երջանկության զգացողության վրա, այսինքն մարդիկ, ովքեր հեռանում են մի երկրից մյուսը երջանկության հետևից, միգուցե այլ հարցեր լուծում են, բայց գրեթե չեն լուծում ավելի երջանիկ լինելու խնդիրը։

Մյուս գործոնների մեծ խումբը, որ 50% ազդեցության ծածկույթ ունի՝ զուտ անհատական՝ խառնվածքային և ֆիզիոլոգիական գործոններն են, որ մեզ են փոխանցվում ժառանգաբար, ասենք մի իրավիճակում մեկը կարող է շատ երջանիկ համարել իրեն, իսկ մյուսը՝ լրիվ հակառակը՝ դժբախտ, այսինքն երբ ասում ենք ինքնաճանաչողություն, երևի հենց նկատի ունենք գեներով մեզ տրված այն բնական խոչընդոտների կամ խթանների ճանաչողությունը, որ մեզ այսպիսին կամ այնպիսին են դարձնում։ Մյուս գործոնների մեծ խումբը, որ զբաղեցնում է ազդոցության մնացած 40%-ը, գործոններն են, որ կախված են հենց մեզնից, մեր անհատական ընտրանքներից՝ ում հետ և ինչ հարաբերություններ ենք կառուցում, ինչ արժեքային համակարգ ենք ընտրում, ինչ նպատակներ ենք դնում և ինչ ինտենսիվությամբ ենք աշխատում դրանց հաղթահարման համար։

Այսինքն, մեր կյանքի բովանդակային մասը կազմող հանգամանքների գիտակցված ընտրությունն ու կառավարումը, որ միայն մենք կարող ենք անել, բարօրության այդ չափաբաժինը միայն մենք կարող ենք արտադրել ինքներս մեր համար և այստեղ մեծ դեր ունի սեփական ուղու սահմանումն և դրան նվիրվածությունը, թե ինչն ենք մենք խիստ կարևոր համարում և ինչքանով է մեր կյանքը սպառում ի նպաստ դրա, այսինքն կենսական հոսքի ապրումի ինտենսիվությունը։

Ի դեպ, ինչպես պարզվում է առողջության և փողի առկայությունը, որ մենք հաճախ սիրում ենք իրար մաղթել, էդքան էլ ակտիվ կապ չունի երջանկության զգացողության հետ։ Փողը էական գործոն է միայն մինչև որոշակի կենսամակարդակ, մինչև այսպես ասած միջին խավի առաստաղը, երբ առաջնային անհրաժեշտության կարիքների բավարարումն այլևս խնդիր չէ՝ փողը իբրև ինքնազգացողության էական գործոն գրեթե մարում է։ Առողջության դեպքում էական է դրա սուբյեկտիվ ընկալումը, այսինքն ինքնազգացողությունը, քան օբյեկտիվ առողջական վիճակը։ Ի դեպ, պարզվել է նաև, որ երջանկության զգացողությունը էական կորելացիա չունի նաև ինտելեկտի հետ։

Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր