Գուցե շատերին դուր չի գա ասածս, մանավանդ, ասողը ազգագրության մեջ է. բայց ըստ իս Յար Խուշտա պարի կիրառումն արդեն նմանեցնում եմ բոշի եղին, երբ այն ավելանում է։
Մանավանդ ծիծաղելի է, կամ, ավելի ճիշտ ողբալի է, երբ բուռն պաթոսով այն պարում ենք էրգրի հայկական մշակույթի որևէ ավերակի մեջ կամ կողքը։ Սա նման է կռվից հետո օդում բռունցք թափահարելուն, երբ ծեծվել ես, հակառակորդներդ էլ գնացել են։
Այս պարը պարում ենք ցանկացած միջոցառման համար կազմակերպված համերգի վերջում, համարյա բոլոր համերգներում, հարսանիքում և ամենուր, որտեղ պար կա, պարում ենք որպես հաղթական ավարտ, ընդ որում յուրաքանչյուր պարազույգ աշխատում է ցուցադրել պարաշարժման իր հունարը։ Ստացվում է շիլափնթոր մի բան, միասնության, միաբանված պայքարի ոչ մի զգացում, համատարած ցուցամոլություն, ուր ամեն պարող իր ուժն է ցուցադրում, իր առավելությունը։
Իսկը հայավարի, ուր ամեն հայ իրեն թագավոր է կարծում։ Մենք ավելի լավ պարեր ունենք, օրինակ ամուր պատի պես Մշո Խըռ պարն ավելի ազդեցիկ է, Քոչարին նույնպես։
Կարող են քարկոծել ինձ, բայց չեմ կարողանում տանել ավերակների մեջ Յար խոշտայով հոխորտալը։ Հիմա էլ մտածում են փառատոն անել։
ԻՆՉ անհեթեթություն է, ծիծաղելի լինելեու աստիճան, տեսնես ում խորհուրդն է լսել վարչապետը։ Խորհրդականներ ունենք՝ աշխարհը չունի։ Մի ծիծաղեցրեք աշխարհին մեզ վրա։
Հա էդպիսի մի տեսահոլովակ էլ ունի մեր հայ երգչուհիներից մեկը։
Ճակատի մի կողմում թուրքերն են, մինչև ատամները զինված, հրանոթներ և այլն, իսկ դիմացի բլուրին պարում են հայերը, պարողների ոտքերի թնդյունից պատերը փլվում են թուրքերի գլխին ու սրանք խուճապահար փախչում են։
«Հիանալի մտահղացում», էլ զենքը ինչներիս է պետք, երբ պարով կարող ենք հաղթել, պարտության մատնել թուրքերին։
Մտածել է պետք։ Հիմա Յար խուշտա փառատոնն է։
Էստեղ են ասել,
Ծաղկեց Մարոյի բախչեն։
Երգիչ Սարգիս Ալավերդյանի ֆեյսբուքյան էջից: