Տարեկան քանի՞ երեխա է ծնվել Հայաստանի ծննդատներում, որոնց պետական ֆինանսավորումը դադարեցվում է
Advertisement 1000 x 90

Տարեկան քանի՞ երեխա է ծնվել Հայաստանի ծննդատներում, որոնց պետական ֆինանսավորումը դադարեցվում է

Բուժկենտրոններում, որոնց պետական ֆինանսավորումը դադարեցվում է այս տարվանից, ավելի քիչ ծնունդներ են ընդունում, քան պահանջվում է Հայաստանի ծննդատների չափանիշներով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ Գառնիում, Ջերմուկում և Արագածում տարեկան ընդունվել է 1-2 ծնունդ, այդ պատճառով կարելի է համարել, որ այդտեղ ծննդատները գրեթե չեն աշխատել: Մարալիկում, Աչաջուրում և Արտենիում, նախարարի խոսքով, նույնիսկ հիվանդանոցներ չեն, այլ առողջության կենտրոններ. այդպես են վերանվանվել գյուղական ամբուլատորիաները: Այդ կենտրոններում ԽՍՀՄ ժամանակներից եղել են նաև ստացիոնար ծառայություններ, որոնց ոչ մեծ մասը պահպանվել է նաև այսօր: Սակայն այդ կենտրոններում լիարժեք ծննդատներ չկան, քանի որ այդտեղ ամեն տարի շատ քիչ երեխաներ են ծնվում, չկան տեխնիկական հագեցվածություն և մասնագետներ:

Նախարարի խոսքով՝ 2018 թվականին Մարալիկում ընդունել են 126 ծնունդ, 2019 թվականին՝ 102: Աչաջուրում՝ 88 և 79, համապատասխանաբար, Արտենիում՝ 41 և 26, Ծաղկահովիտում՝ 48 և 63, Արծվաբերդում՝ 14 և 10, Քաջարանում՝ 42 և 46, իսկ Եղվարդի «Նաիրիում»՝ 119 և 136: 2019-ին ծնունդների թիվը փոքր-ինչ աճել է միայն Եղվարդում և Ծաղկահովիտում:

Ընդ որում, նախարարի խոսքով, գործող չափանիշների համաձայն, ծննդատանը պետք է ամեն տարի ընդունվի առնվազն 150 ծնունդ, որպեսզի այն ստանա առաջին՝ ամենացածր չափանիշը: Նույնիսկ 150-ը շատ փոքր թիվ է, քանի որ դա ընդամենը 2 օրում ծնունդներ են, սակայն կենտրոնները, որտեղ ծնվում են 300 և ավելի երեխաներ (սկզբնապես հենց նման չափանիշ էր քննարկվում), ավելի քիչ են:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ վերոնշյալ ծննդատների խնդիրը ոչ միայն այն է, որ այդտեղ քիչ երեխաներ են ծնվում, իսկ դա ուղիղ կերպով ազդում է անձնակազմի փորձառության վրա, այլ նաև տեխնիկական հագեցվածությունը:

«Պատկերացրեք ծննդատուն, որտեղ չկա վիրահատարան: Ի՞նչ են այնտեղ անելու, եթե շտապ կեսարյան հատում պահանջվի: Ծննդաբերող կնոջն արնահոսելով այլ բուժկենտրո՞ն են տեղափոխելու: Ինչո՞ւ նման ռիսկի ենթարկել մոր և երեխայի կյանքը»,- հարց ուղղեց նախարարը:

Արսեն Թորոսյանը նաև քարտեզներ կազմեց և հաշվարկեց՝ որքան ժամանակ կպահանջվի երկրի որոշ բնակավայրերից խոշոր բուժկենտրոններ տեղափոխելու համար:

Նրա խոսքով՝ Աչաջուրի և Իջևանի միջև հեռավորությունը 16,9 կմ է, կարելի է հասնել 19 րոպեում: Եղվարդից մինչև Աբովյան՝ 16.6 կմ և 20 րոպե, Աշտարակ՝ 15.7 կմ և 21 րոպե, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»՝ 26.5 կմ և 34 րոպե: Արտենիից մինչև Թալին 17.6 կմ և 34 րոպե, կամ Արմավիր՝ 32 կմ և 35 րոպե:

Նախարարի խոսքով՝ Մարալիկից կարելի է հասնել Արթիկ (13.5 կմ և 20 րոպե), որտեղ կա 2-րդ չափանիշի ծննդատուն, ինչպես նաև Գյումրի, որտեղ 2 խոշոր բուժկենտրոն կա՝ մոտ 30 րոպե:

Նախարարը հավելեց, որ ծննդատների հետ, որտեղ ծնունդների թիվը առավելագույնս մոտ է 150-ին, դեռևս շարունակվում են բանակցությունները, և եթե նրանք կարողանան վերացնել տեխնիկական հագեցվածության հետ կապված խնդիրները, ապա դրանց ֆինանսավորումը կվերսկսվի:

med.news.am