1988-1990թթ. «բազմամշակութային» Բաքուն արյունահեղությունների, բռնությունների, կոտորածների քաղաք էր ոչ միայն հայերի, այլ նաև ռուսների, օսերի, հրեաների և այլ ազգերի ներկայացուցիչների համար։ Ջարդերի ականատեսները վկայում են, որ այդ օրերին քաղաքը շնչում էր ատելության մթնոլորտով. Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ վիրավորական պաստառներ, գրություններ հանդիպում էին ամենուր՝ տան պատերի վրա, փողոցներում, կրպակներում:
Ռուսաստանի գրողների միության «Литературная Россия» թերթը հավաքել է Բաքվի փախստականների վկայությունները, ովքեր ժամանակավորապես տեղավորվել էին տարբեր հյուրանոցներում և հանգստյան տներում։ Թերթի 1990թ. փետրվարի 2-ի համարում նշվում է, որ ՌԽՖՍՀ Նախարարների խորհրդի հրամանով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ փախստականների տեղավորման հարցերի կազմակերպման նպատակով։ Հունվարի 25-29-ը աշխատանքային խումբը Մոսկվայի, Կալինի, Ռյազանի, Կոստրոմայի մարզերի պանսիոնատներում, հանգստյան տներում և պիոներական ճամբարներում տեղավորել է 2796 քաղաքացիների, ովքեր ստիպված լքել էին Ադրբեջանը։ Փատացի, նրանց թիվը ավելի շատ էր. հազարից ավել մարդ գրանցվել, բայց տեղավորվել է ծանոթների կամ հարազատների մոտ, այս թիվը չի ներառում նաև զինծառայողների ընտանիքներին, ովքեր նույնպես դարձել են փախստականներ։ Նշենք նաև, որ խոսքը միայն Մոսկվայում և Մոսկվայի մերձակայքում բնակեցված փախստականների մասին է։ Հունվարի 18-22-ը Մոսկվայի մերձակայքում գտնվող պանսիոնատներում տեղավորվել է 800 հայ։
Վալենտինա Օկոլզինան, ով զինծառայողի կին էր, նշում է, որ հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը նրանց ադրբեջանցի ոստիկան հարևանը եկել է և զգուշացրել, որ հեռանան, թե չէ գիշերը նրանց համար վատ է լինելու.
«Այդպիսի վերաբերմունք չկար։ Նրանք [ադրբեջանցիները] գնդացիրներ էին դրել ծննդատան և նյարդաբանական հիվանդանոցի տանիքին և երբ կանայք երեխաների հետ դուրս էին գալիս, որպեսզի թաքնվեն զինվորական հատվածում, կրակում էին նրանց ուղղությամբ, իսկ երբ ադրբեջանցիներն էին դուրս գալիս իրենց մեքենաներից՝ դադարում էին կրակել», – նշում է Վ. Օկոլզինան:
Ամբողջությամբ՝ armenpress.am