1980 թվականին ծնվել է մորս առաջնեկը։ Արտաշատի ծննդատանը։ 4 կգ 500 գրամ քաշով, տոտիկային դիրքով ծնված երեխան մոտ 40 օր հետո հենց հիվանդանոցում մահացել է ծննդաբերության ժամանակ բժիշկների թույլ տված բիրտ անփութության, ծննդկանին անտերության մատնվելու պատճառով։ Մի ղասաբ բժշկուհի կա, որի «համբավը» մինչեւ էսօր թնդում է, եւ որի ձեռքով էս տարիների ընթացքում շատուշատ երեխաներ են «վարի գնացել» ,մարզային իշխանությունների հովանավորյալն էր։ 1920-ին կառուցված , ողբալի վիճակում գտնվող սույն բուժհաստատությունը ընդամենը մի քանի տարի առաջ՝ 2016-ին, է վերանորոգվել ու վերազինվել։ Ես էդ բժշկուհու հետ զրուցել ու իր մասին տարիներ առաջ նյութ եմ գրել․․․ Բայց այդպես էլ չհիշեցրի եղբորս դեպքը։ Նյութի հղումը կգտնեմ, կդնեմ մի առիթով։
Ես ծնվել եմ Երեւանի հիվանդանոցներից մեկում, նախածննդաբերական լուրջ միջամտությունից՝ պտղաշրջումից հետո։ Մայրս, որ մինեւ էսօր մորմոքում է իր առաջնեկի համար, սարսռում, ասում է․ «Եթե քեզ էլ էդ անտերանոցում ունենայի․․․ հաստատ ես էլ, դու էլ չէինք լինի»։
Փոքր եղբայրս ծնվել է Վեդիի ծննդատանը, 1986-ին։ Հենց հիվանդանոցում վարակվել է աղիքային սեպսիսով։ Մայրս ծննդաբերությունից մի քանի օր նորից հայաստանյան տարբեր հիվանդանոցներում էր, պայքարում էր երեխայի կյանքի համար։ Փառք Աստծո, ամեն ինչ կարգին է, եղբորս կյանքի առաջին մի քանի ամիսների դաժանության մասին վկայում են ձեռքերի վրա եղած տասնյակ սպիերը։ Կաթիլայինների ասեցղների հետքերն են։
Ինչու եմ էսքան ինտիմ մանրամասներ հանրայնացնում նեղ անձնական կյանքի՞ց․․․ Ուղղակի անձնական օրինակով, որպես երեք երեխայի մայր կարող եմ պնդել, որ ծննդաբերությունը ամենամեծ փորձությունն է կնոջ ու նաեւ նրա ընտանիքի, հարազատների, ընկերների, ողջ գերդաստանի համար, երեխայի կամ ծննդկանի կորստյան անամոքելի ցավը՝ բոլորինը։ Ու մեծագույն բարեբախտություն է, երբ էդ փորձության միջից դուրս ես գալիս լավ համբավ ունեցող հիվանդանոցում, շնորհիվ իրենց գործի գիտակ, հումանիստ, պարզապես մարդ կոչումը կրող բժիշկների օգնությամբ։
Շնորհակալություն, հարգելի՛ բժիշկներ։ Ես /մենք/ կյանքով եմ /ենք/ Ձեզ պարտական։
Լրագրող Հեղինե Մանուկյանի ֆեյսբուքյան էջից: