1990 թ.-ի հունվարը դարձավ Բաքվում հայերի արդեն երրորդ ծրագրված և կազմակերպված ջարդերի գագաթնակետը, սակայն հայերի նկատմամբ բռնությունների ալիքը սկսվել էր դեռևս 1988 թ.-ից, երբ Սումգայիթին, Կիրովաբադին և Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերին զուգահեռ Բաքվի հայկական համայնքը ևս հայտնվել էր Ադրբեջանի ագրեսիվ և ռասիստական քաղաքականության թիրախում: Ոչ ամբողջական ցուցակների համաձայն՝ միայն 1989թ. մայիսից մինչև դեկտեմբեր Բաքվում սպանվել է շուրջ 60 հայ:
Ներկայումս Ադրբեջանը ոչ միայն պետական մակարդակում վարում է նույն ռասիստական քաղաքականությունը, այլ նաև ամեն ջանք գործադրում է խեղաթյուրելու հայերի ջարդերի վերաբերյալ իրականությունը՝ առաջ քաշելով այնպիսի կեղծ և հակագիտական թեզեր, թե «հայերն են սկսել առաջինը», «անգամ Բաքվում հայերն են իրականացրել իրենց ջարդերը» և այլն: Սակայն առկա բազմաթիվ փաստերը և վկայությունները ի ցույց են դնում իրական պատկերը:
Ջարդերի ծավալման սկզբնական փուլն իր մաշկի վրա զգացել է նաև Թրիկ Մուքանյանը, ով այն ժամանակ իր ընտանիքի հետ բնակվել է Բաքվում: Մուքանյանների ընտանիքը մեկն էր այն ընտանիքներից, որոնք հասցրեցին մինչև ջարդերի ծավալումը լքել Բաքուն՝ իրենց բնակարանը փոխանակելով Հայաստանում ապրող ադրբեջանցու գյուղական տան հետ Հայաստանում: Էրիկը հիշում է, որ ադրբեջանցին անգամ հասցրել է սակարկել իր գյուղական անշուք տան համար:
Էրիկը նշում է, որ Բաքվում ջարդերի առաջին նախանշանները սկսեցին պարզորոշ երևալ 1988թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթի ջարդերից անմիջապես հետո: Հարևանները սկսել էին հայերին մեղադրել ամենատարբեր մեղքերի համար: Այդ ժամանակ, Է. Մուքանյանի խոսքերով, Բաքվի շատ հայեր չէին պատկերացնում՝ ինչ զարգացումներ կարող է ստանալ այս ամենը:
Էրիկը նշում է, որ այդ ժամանակ իր հայրը այդ ժամանակ Կիևում գործուղման էր: իրենք զանգահարել են նրան և պատմել ինչ է կատարվում, բայց նա չի հավատացել: «Բոլշևիկ մարդ ա եղել էլի, դե կոմունիստ», – նշում է Էրիկը: Հետո, երբ հայրը վերադարձել է և տեսել ինչ է կատարվում՝ անմիջապես հավաքել է ողջ ընտանիքին և ուղարկել օդանավակայան և ասել. «Ավելի լավ է դուք օդանավակայանում ապրեք, քան տանը»: «Մենք երեք օր ապրեցինք օդանավակայանում», – հիշում է Էրիկը:
Ամբողջությամբ՝ armenpress.am