Ճապոնական մշակույթի սիրահարները երեխաների ձեռքով պատրաստված օրիգամիների շնորհիվ մտովի ծագող արևի երկիր տեղափոխվելու հնարավորություն ստացան։
«Ճապոնական մշակույթն ունի խորը արմատներ, առեղծվածային է։ Հուսով ենք՝ մեր համագործակցության շրջանակներում կստանանք գրականություն, կկազմակերպենք միջոցառումներ,որպեսզի Ճապոնիան մեզ մոտ լինի, մենք՝ Ճապոնիային»,- ասում է Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը։
Որքան էլ հայաստանցիներին հետաքրքիր է Ճապոնիան, այնուամենայնիվ՝ ճապոնական մշակույթն ուսումնասիրելու բավարար պայմաններ չկան Հայաստանում։ Այդ նկատել է անգամ մեր երկրում Ճապոնիայի դեսպանը, որը հայերեն է սովորում։
«Ցավոք, շատ քիչ հնարավորություն կա Ճապոնիայի մասին սովորելու, շատ քիչ ճապոնագետներ կան Հայաստանում։ Դեսպանատունը մեծ ջանքեր է գործադրում ճապոնագիտության զարգացման համար»,- ասում է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին։
Ազգային գրադարանի այցելուներին ամենից շատ գրավել էին օրիգամիները, որոնց ծագման վերաբերյալ բազմաթիվ լեգենդներ կան։
Ընդունված է համարել, որ թղթի հայտնագործումից հետո այն ճապոնացիների շրջանում տարածում է գտել դեռևս նախորդ հազարամյակի սկզբին։
Սամուրայները թղթե տուփերով փաթեթավորած նվերներ էին տալիս միմյանց, հետագայում թղթե թիթեռները ճապոնական հարսանիքների անբաժան մասը դարձան։ Թարգմանաբար օրիգամին նշանակում է ծալված թուղթ, այն պատրաստելիս մկրատ և սոսինձ օգտագործել չի կարելի:
Օրիգամիներից մեկն այսուհետ կդառնա Ազգային Գրադարանի տնօրենի սեփականությունը։ Նվերը նրան հաջողություն պետք է բերի։
Լուսանկարները՝ Լուսին Դավթյանի