Ֆուտբոլը թիմային մարզաձև է, բայց ոչ բոլորն են այդպես մտածում. կան մի քանի մարդիկ, որոնց համար միևնույն են թիմային գործողությունները՝ գոնե որոշ դրվագներում: Նրանք միայնակ դուրս են գալիս երեք ֆուտբոլիստների դեմ, դիմում են անհատական գործողությունների՝ չնայած հարմար դիրքում կան խաղընկերներ, և հաճախ սեփական դարպասին ուղղված հակագրոհների պատճառ են դառնում։ Եթե թիմի մյուս ֆուտբոլիստներն անհատական գործողություններ են կատարում պաշտպանական նպատակներով, ապա այս ֆուտբոլիստները պաշտպանության մասին չեն մտածում։ Այսօր մենք խոսում ենք հենց նրանց մասին:
Նեյմարը (Բրազիլիա, «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ 2017 թվականին՝ 222 միլիոն եվրոյով)
Ընթացիկ շուկայական արժեքը`160,000,000 եվրո
Աշխատավարձ՝ տարեկան 37,000,000 եվրո
Նեյմարը երրորդ մրցաշրջանն անցկացնում է «Փարիզի Սեն Ժերմենում», և նա բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը 68 հանդիպում, խփել է 58 գոլ և կատարել է 36 գոլային փոխանցում: Եվ այս խաղացողի համար փարիզցիները վճարեցին ավելի քան 200 միլիոն եվրո: Արդյո՞ք այդ տրանսֆերն արդարացվեց: Իհարկե, բրազիլացին շատ ժամանակ է բաց թողել վնասվածքների պատճառով: Դա նրա երկրպագուների սիրելի արդարացումն է։ Սակայն, եթե այս տղան շատ «աչքի չընկներ» տեխնիկայի ցուցադրությամբ այնտեղ, որտեղ չկար դրա անհրաժեշտությունը, փորձեր սովորական, «երկրային» ձևով շրջանցել մրցակիցներին, գուցե նա այդքան շատ հարվածներ չստանար իր ոտքերին։
Բայց ոչ: Նեյմարը սիրում է ցուցադրել իրեն և ծաղրել խաղացողներին: Երբեմն հարձակվողի հնարքներն ու անցումները շատ արդյունավետ են, նա կարող է մի քանի խաղացողների շրջանցել և լավ դիրքի հասնել՝ հարվածելու համար, կամ 2-3 մրցակիցներին հաղթել և գնդակը փոխանցել այն խաղընկերոջը, որը լավ դիրքում է: Բայց սա բրազիլացու այսպիսի անհատական գործողությունների միայն մի կողմն է։ Վերջերս Նեյմարը սիրում է խորը իջնել, գրեթե հասնում է իր թիմի պաշտպաններին և նրանցից խնդրում է գնդակը, որից հետո սկսում է լատինաամերիկյան մենապարը. նա շտապում է դեպի մրցակցի դարպասը`շրջանցելով հակառակորդներին իրար հետևից: Սա դժվար թե դուր գա մրցակցին, և Նեյմարադոնային կանգնեցնելու փոխարեն՝ նրանք հարվածում են ֆուտբոլիստի ոտքերին, հրում են նրան, քաշում են մարզաշապիկից և խախտում են կանոնները։ Որոշ պահերի թվում է, որ խաղացողն ավելի շատ ժամանակ է անցկացնում խոտածածկին, քան խաղադաշտում:
Ոչ մեկին չի հաջողվում Նեյմարի գլխից հանել այդ պիժոնական ձևերը: Չնայած, եթե նա տեղափոխվի մեկ այլ թիմ, և մարզիչ, և ոչ թե Նեյմարը, թելադրի այնտեղ եղած պայմանները, ապա այդ էգոիզմը կարող է մարել բրազիլական ֆուտբոլի սուպերաստղի մոտ։
Նեյմարը լավագույններից մեկն է։ Չնայած ամենին, նա դեռ TOP է: Մնում է լուծել նրա բարդ բնավորության և կենսակերպի հարցերը, որին մենք արդեն անդրադարձել ենք։
Այո, Թոմաս Տուխելը նախանձելի իրավիճակում չէ: Այսպիսի բարդ ֆուտբոլիստի հետ, անշուշտ, նա չի շահելու Չեմպիոնների լիգայի երկար սպասված գավաթը, իսկ Լիգա 1-ում` այս անգամ, այնքան էլ պարզ չէ:
Պոլ Պոգբա (Ֆրանսիա, «Յուվենթուսից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» 2016 թվականին` 105 միլիոն եվրոյի դիմաց)
Ընթացիկ շուկայական արժեքը` 100,000,000 եվրո
Ֆուտբոլիստի աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» ՝ տարեկան 16,8 միլիոն եվրո
Համաշխարհային ֆուտբոլի 2-րդ աստղային պիժոնը: Պոլ Պոգբան վերակենդանացրեց իր նախկին փառքը Օլե-Գունար Սուլշերի գալուց հետո: 2018-2019 մրցաշրջանը, պարզվեց, որ ֆրանսիացու կարիերայում ամենաարդյունավետն է։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղում նա խփել է 16 գոլ և կատարել է 11 գոլային փոխանցում։ Բայց ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը վնասվածքների և այլ պատճառներով խաղացել է ընդամենը 8 հանդիպումում ՝ ոչ մի գոլ չխփելով (նրա հաշվին կա 2 գոլային փոխանցում): Ըստ լուրերի՝ Պոլը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» գավաթներ նվաճելու համար: Նման խաղով «կարմիր սատանաների» ղեկավարներն ավելի լավ կլիներ հրաժեշտ տային իրենց աստղային առևտրային նախագծին։ Չնայած, ինչպես նախորդ մրցաշրջանը ցույց տվեց, Պոգբան հսկայական տաղանդ է, ի՞նչ կարող ենք ասել՝ համաշխարհային աստղ՝ առանց հեգնանքի։
Պոգբան հրաշալի կիսապաշտպան է՝ հիանալի տեխնիկայով, դրիբլինգով, հիանալի հարվածով, հիանալի խաղով երկրորդ հարկում և ռմբարկուի համար անհրաժեշտ տաքարյունությամբ։ Ֆուտբոլիստը կարող է խաղալ պաշտպանի, կիսապաշտպանի, հետ քաշված կիսապաշտպանի կամ փլեյմեյքերի դիրքերում: Երբ Պոլը սկսում է ցուցադրել իր տեխնիկան սուր գրոհի ժամանակ, դա դեռ գլխացավանքի մի մասն է։ Երբ նա սկսում է ոչ անհրաժեշտ տեխնիկա ցուցադրել դաշտի կենտրոնում կամ սեփական տուգանայինում, այդ դեպքում մարզչի, թիմի խաղացողների և «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների նյարդերը սկսում են լարվել։
Պոգբան հաջողակ է, դժվար է վիճել դրա հետ: Նա հաճախ դուրս է գալիս այնպիսի վտանգավոր իրավիճակներից, երբ նույնիսկ Մեսսին հաստատ կկորցներ գնդակը: Երկար ոտքերը և լավ ֆիզիկական վիճակը թույլ են տալիս Պոգբային թողնել մրցակիցներին առանց ոչ մի բանի։ Պոլը Նեյմարից շատ ավելի քիչ է կորցնում գնդակը, և այդպիսի էգոիստ չէ: Ունենալով հիանալի կարճ և երկար փոխանցումներ, ֆրանսիացին, ավելի հավանական է, որ գնդակը կփոխանցի լավ դիրքում գտնվող խաղընկերոջը, քան ինքը կհարվածի։ Պոլի մեծ խնդիրն այն է, որ նա չի ցանկանում պաշտպանվել, երբ նա կորցնում է գնդակը հենց իր սխալի պատճառով: Մասնագետները նշում են, որ ավելի լավ է Պոգբային դնել հարձակման գծում, որտեղ նրա ՕԳԳ-ն ավելի բարձր կլինի, իսկ նրա պատճառով ստեղծված վտանգավոր իրավիճակները՝ ավելի քիչ։
Վինիսիուս Ջունիոր՝ աճող պիժոն
«Ռեալ» Բրազիլիայի երիտասարդ տաղանդը եկավ 2018 թվականի ամռանը «Ֆլամենգոյից»՝ 45 միլիոն եվրոյի դիմաց: Արդեն առաջին մրցաշրջանում Վինիսիուսը ստացավ մարզիչների` Լոպետեգիի և Սոլգադոյի վստահությունը։ Նրանք հավատում էին երիտասարդի մեգա-խոստումնալից ներուժին և հնարավորություն էին տալիս ապացուցել իրեն: Բայց Զինեդին Զիդանի գալուց հետո պատանին սկսեց շատ ավելի քիչ խաղալ, կարող ենք ասել, որ նա ամբողջովին վերածվեց պահեստային ֆուտբոլիստի: Ֆրանսիացու նման որոշումը նորմալ է թվում, քանի որ դաշտում Վինիսիուսի գործողությունները հաճախ արդյունավետ չեն:
Հաշվի առնելով բրազիլացու երիտասարդ տարիքը, փորձի բացակայությունը հատկապես այդպիսի բարձր մակարդակում՝ նա հաճախ չի անում այն, ինչ անհրաժեշտ է: Այս տղան օժտված է հիանալի տեխնիկայով և դրիբլինգով, և նա ունի լավ արագություն։ Բայց հաճախ Վինիսիուսը սիրում է անհատական գործողություններ և կորցնում է գնդակը այն ժամանակ, երբ թիմը նրանից ակնկալում է անցում, որպեսզի գնդակը փոխանցի գրեթե դատարկ դարպասի առաջ կանգնած խաղընկերոջը, բայց նա այդպես չի անում։ Նույնիսկ, երբ բրազիլացին տուգանային հրապարակում շրջանցում է 2-3 մրցակիցներին, նա խնդիրներ ունի որոշակի գոտում փոխանցումներ կատարելու ճշգրտության և նպատակահարմարության հետ:
Հիմա Ջունիորը պատրաստ չէ խաղալ մեկնարկային կազմում, քանի որ նա խաղում է ցավալիորեն անփույթ: Մի կողմից՝ սա սրամիտ բրազիլական տեխնիկա է և այնպիսի լեգենդների է հիշեցնում, ինչպիսիք են Պելեն և Գարինկան, բայց մյուս կողմից՝ ցածր արդյունավետություն, թիմի համար քիչ օգուտ և նաև վտանգավոր հակագրոհներ սեփական դարպասին։ Բայց Վինիսիուսը դեռ երիտասարդ է, հնարավոր է՝ մոտ ապագայում նա կհասկանա, որ Լա Լիգան բրազիլական լիգա չէ, իսկական աստղ դառնալու համար հարկավոր է ոչ միայն պարծենալ տեխնիկայով, այլև լինել օգտակար թիմի խաղացող՝ զոհաբերելով անհատական գործողությունները թիմային արդյունքի համար։
Սիրարփի Աղաբաբյան