«Ջերմատնային տնտեսություններն ունենալով մեծ արդյունավետություն, այսօր արդեն բիզնեսի տեսանկյունից դիտարկվում են շահութաբեր, եւ դրանց գործունեության խթանման ազդեցությունը կարող է նաեւ սովորական սպառողը զգալ: Բանջարեղենի առանձին տեսակների` լոլիկի, վարունգի, տաքդեղի և սմբուկի գները կտրուկ աճում են նոյեմբերից, ինչը վկայում է, որ հիմնականում բարձրանում են ծածկած գրունտի բանջարեղենի գները։ Ուստի ջերմատնային տնտեսությունների զարգացման խթանման արդյունքում կնվազեն նաեւ բանջարեղենի գները:
Ի դեպ, ջերմոցային տնտեսություն վարողների մեծ մասը նախկինի պես չեն դժգոհում ոլորտում առկա խնդիրներից, անհավասար մրցակցությունից, իրացման շուկաներից եւ արտահանման սակավ հնարավորություններից: Հակառակը, մի քանիսը «ՀՀ»-ի հետ զրույցում մատնանշեցին, որ նախորդ տարին բարենպաստ էր, եւ կարողացել են առկա մեծ պահանջարկի արդյունքում արտադրանքը սպառել միայն ներքին շուկայում: Իսկ այս տարի պատրաստվում են արտադրության ծավալներն ավելացնել, ասում են` շուկան է պահանջում:
Փոքր և միջին ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման, ջերմատնային տնտեսությունների մակերեսի ու արտադրության ծավալների ավելացման, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացման եւ գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացման նպատակով ներդրվել է «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրը, որի մեկնարկն այս ամսվանից է տրվել:
Պետությունն աջակցում է, տնտեսվարողին ձեռք մեկնում, մնում է, որ գյուղաբնակ ֆերմերը կարողանա ճիշտ ու արդյունավետ օգտվել ֆինանսական աջակցության գործիքներից` ընդլայնելով մասնավոր գործունեությունը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: