Հովհաննես Ավետիսյան. «Փաստերի մասին»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Փաստերի մասին»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը գրել է.

«Համաձայն պաշտոնական տվյալների (նախնական)` 2018 թ. դրությամբ Հայաստանում աշխատանքային ռեսուրսները կազմում են բնակչության 68%-ը, որից տնտեսապես ակտիվ է բնակչության 57%-ը: Տնտեսապես ակտիվ բնակչության մեջ գործազուրկ է 20.4%-ը: Հայաստանի այս ցուցանիշն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների շրջանում, ինչպես նաև հարևան երկրների հետ համեմատելիս: Ընդ որում, գործազուրկների մեջ 15-34 տարեկան երիտասարդների մասնաբաժինը 45 % է: Աշխատանքային ռեսուրսների 43%-ը տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունն է: Այս խմբում մեծ թիվ են կազմում կանայք, որոնց 38%-ը տնային տնտեսությունում ծանրաբեռնվածության, երեխայի կամ տան անդամի խնամքով զբաղվելու պատճառով չեն կարողանում աշխատել, ինչպես նաև անձինք, ովքեր հուսահատվել են և այլևս չեն հավատում, թե աշխատանք կգտնեն, ուստի չեն փնտրում: Առկա տվյալների վերլուծությունը փաստում է, որ Հայաստանում, ինչպես այլ զարգացող երկրներում, խնդիր է ինչպես ցիկլիկ, այնպես էլ կառուցվածքային գործազրկությունը:
Գործազրկության և տնտեսապես ոչ ակտիվ բնակչության բարձր տեսակարար կշիռների բերված թվերը վեր են հանում հետևյալ մտահոգությունները.
1. Հայաստանում 2013 թ. սկսած արձանագրվել է տնտեսական աճի ոչ շատ ցածր ցուցանիշ, այդուհանդերձ աճը անբավարար չափով է զուգակցվել նոր աշխատատեղերի ստեղծմամբ:
2. Զբաղվածության ոլորտը կամ առավել լայն իմաստով՝ աշխատաշուկայի քաղաքականության իրականացումը, վերջին տարիների ընթացքում պատշաճ ուշադրության չի արժանացել: Առկա է ոլորտը բնութագրող ցուցանիշների բաց կամ ցուցանիշներ, որոնք ամբողջական չեն, ինչպես օրինակ` աշխատուժի պահանջարկի մասին տեղեկատվությունը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում պետական քաղաքականություն մշակելիս:
3. Զբաղվածության պետական ծրագրերը կա′մ գրավիչ չեն, կա′մ դրանց մասին իրազեկվածության մակարդակը ցածր է: Բացի այդ` առկա ծրագրերը մեծամասամբ թիրախավորում են սոցիալապես խոցելի խմբերին, մինչդեռ այս առումով պետությունը պիտի սահմանի նաև այլ առաջնահերթություններ,
4. Գործազրկության նվազեցման գործում կարևոր դերակատարություն ունի հատկապես կրթության ոլորտը։ Ներկայումս խզված է կրթություն-աշխատաշուկա կապը, մինչդեռ որակյալ կրթությունն ունակ է ոչ միայն լավ աշխատող, այլև լավ գործատու պատրաստելու, ինչպես օրինակ` ձեռներեցության հմտությունների խթանման միջոցով ՓՄՁ ոլորտի զարգացմանը նպաստելը և այլն:

Սա ես չեմ ասում, սա մեջբերված է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1753-Լ որոշմամբ ընդունված «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունից»:



Նման նյութեր