Վարդգես Օվյան. «Միշտ էլ ծանր է կարծրատիպերին ձեռնոց նետելը և այնքան էլ հաճելի չէ պարբերաբար սպիտակ ագռավի կարգավիճակում հայտնվելը»
Advertisement 1000 x 90

Վարդգես Օվյան. «Միշտ էլ ծանր է կարծրատիպերին ձեռնոց նետելը և այնքան էլ հաճելի չէ պարբերաբար սպիտակ ագռավի կարգավիճակում հայտնվելը»

Վարդգես Օվյանը ֆեյսբուքում գրել է.

«Միշտ էլ ծանր է կարծրատիպերին ձեռնոց նետելը և այնքան էլ հաճելի չէ պարբերաբար սպիտակ ագռավի կարգավիճակում հայտնվելը։ Բայց այլ կերպ չեմ կարող։ Նաիրի Զարյանի ստեղծագործություններից եմ վերընթերցում և կրկին համոզվում, որ ինչքան էլ այսօր նրան «իզգոյ» դարձնենք, այնուամենայնիվ նա տաղանդավոր գրող է։ Հատկապես Եղիշե Չարենցի ողբերգական վախճանի գործում իրոք դեր են խաղացել Զարյանի հոդվածները, Չարենցի հետ վերջինիս գրական լեզվակռիվները։ Դա օգտագործել են Չարենցին «ժողովրդի թշնամի» դարձնելու և հոշոտելու համար։ Բայց, մյուս կողմից, գիտենք, որ ստալինյան անձի պաշտամունքի տարիներին սպանել են նաև մեծն Թումանյանի երեք զավակներին, ու ակամա մտածում ես՝ եթե Չարենց-Զարյան անհանդուրժողականությունը չլիներ, արդյո՞ք մի այլ Զարյան չէր գտնվելու… Նաև գիտենք, որ այդ հարցում Չարենցն էլ մեղանչումներ է ունեցել, և Լեռ Կամսարի դեմ գրած նրա նամակն այնքան էլ շատ չի տարբերվում Զարյանի հոդված-նամակներից…
Եվ այն փաստը, որ բնակչության թվի համեմատ 1937-ի անմեղ զոհերի թվով հայերն առաջին տեղում են նախկին խորհրդային ժողովուրդների ցանկում, խորհելու լուրջ տեղիք է տալիս։ Արդյո՞ք դա ազգային խորը արմատներ չունի։ Արդյո՞ք այդ ամենում մեծ դերակատարություն չեն ունեցել նախանձը, հայրենակցի հաջողությունը հիվանդագին ընդունելու, այլոց կործանման ու նրա դիակի վրայով վեր սողալու հակումը, ցանկացած հարցում քավության նոխազ փնտրելը և սեփական չկայացածությունը, մեջը կուտակած չարությունն ու ողջ թույնն այդ քավության նոխազի վրա բարդելը։

Իսկապես շատ ծանր թեմա է սա և տխուր մտորումների տեղիք է տալիս, որովհետև այդ «հիվանդությունը» մեզանում միշտ եղել է և այսօր էլ կա՝ արմանբաբաջանյանների տեսքով, երբ կրկին օրակարգում է դիմացինին ամեն կերպ ոչնչացնելու, վերացնելու մոլուցքը։ Հասարակական-քաղաքական կյանքն այսօր լեցուն է քավության նոխազներով՝ մանվելներով, քոչարյաններով, վանեցյաններով, հրայրթովմասյաններով… Խնդիրն այն չէ, թե վերջիններից ով որքանով է մեղավոր և ինչում է մեղավոր։ Խնդիրն այն է, որ ներքաղաքական, հանրային կյանքում առկա բոլոր ձախողումների համար սեփական մեղավորությունից դուրս այլ պատճառներ ու մեղավորներ են պետք, պարզապես քավության նոխազներ են պետք, և սովորաբար նրանք միշտ գտնվում են՝ իշխանությունների մատնացույցով…
Այս տարածքում ևս ինչ-որ մարդուկներ և մարդանմաններ իրենցից մղոններով բարձր մարդկանց վրա են վայրահաչել՝ ինչպես շնիկները լուսնի վրա։ Որոշ կենդանիների աչքից ես ևս չեմ վրիպել։ Բայց դե, ամենևին չեմ զարմանում, որովհետև անգամ մեծն Թումանյանի նյարդերն էին կրծում ինչ-որ ողորմելի դրամբյաններ, որ պատմության մեջ են մնացել ընդամենը որպես Մեծ լոռեցու վրա վայրահաչողներ։

Ես բացարձակապես դեղատոմս չունեմ։ Չգիտեմ ինչպես կարող ենք ազգովի ազատվել այս ներազգային ախտից։ Ընդամենը գիտեմ, որ յուրաքանչյուրն ի՛նքը պիտի փորձի ՄԱՐԴ լինել։ Թումանյանի ասած՝ «ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։

Հ.Գ. – Ի դեպ, իմ լավ ընկերների ներողամտությունն եմ հայցում, որ մի ամիս է չեմ կարողանում արձագանքել նրանց գրառումներին. առողջական խնդիրների պատճառով շատ քիչ եմ լինում ՖԲ-ում»։



Նման նյութեր