Ներկայումս ոչ միայն ՀՀ-ում, այլև ողջ աշխարհում որոշակի լուրջ ու կայացած լիդերների պակաս է նկատվում։ Խոսքը նաև ըստ տարիքային ցենզի լիդերության մասին է, երբ առավել երիտասարդ սեկտորի մոտ առկա է որոշակի լճացում: Հետխորհրդային երկրներում ակնհայտ առկա է այդ ճգնաժամը, քանի որ գործող համակարգերում հիմնական դերակատարները 50-ից բարձր տարիք ունեցող անձինք են, կամ, այլ կերպ ասած՝ «սովետական շկոլայի» վերջին մոհիկանները:
Յուրաքանչյուր քաղաքական գործչի համար առանցքային գործոն է սկզբունքայնությունն ու սեփական խոսքերին բոլոր ժամանակներում տեր դառնալը, սակայն քաղաքականության մեջ քանիցս ականատես ենք եղել, թե ինչպես են քաղաքական գործիչները դավաճանում սեփական իդեաներին, ինչպես նաև բացահայտ ճամբարափոխ լինում։
Շատ ենք խոսել այն մասին, որ իր քաղաքական անսկզբունքայնությամբ բավական աչքի է ընկնում նաև Նիկոլ Փաշինյանը, ով լինելով ՀՀ քաղաքական դաշտի ընդգծված հակառուս գործիչներից մեկը՝ այսօր խոսում է հայ-ռուսական փայլուն հարաբերությունների մասին։ Մարդ, ով իր ողջ գործունեության ընթացքում քննադատել է ԵԱՏՄ-ն, այսօր այդ կառույցի հաշվին փորձում է սեփական քաղաքական կապիտալն ուժեղացնել։ Փաշինյանի այս հայտարարությունների շարքից է նաև 2016-ի հայտնի այն հայտարարությունը, երբ խորհրդարանի բարձր ամբիոնից բղավում էր, թե Ապրիլյան պատերազմի օրերին «տանկերում դիզվառելիք չի եղել», «զինվորները կռվել են բահերով», «պատերազմը հրահրել է Ռուսաստանը՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար»։ Ահա այս վերջին պնդումն է, որ Փաշինյանի կողմից մինչև բոլորովին վերջերս անընդհատ անտեսվում ու շրջանցվում էր։
2019-ին, երբ Փաշինյանն արդեն իշխանության էր, նախաձեռնեց և կյանքի կոչեց 2016թ. ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը: Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե հասունացել է այդ իրադարձություններին առնչվող մի շարք հարցերին պատասխաններ տալու ժամանակը: Միանշանակ է, որ այս հանձնաժողովը բացահայտ քաղաքական ենթատեքստեր հետապնդող կառույց է և իշխանությունների համար լրացուցիչ գործիք է՝ իրենց համար ռիսկային համարվող և անցանկալի անձանց ինչ-որ կերպ արհեստական շահարկման ու հանրային թիրախ դարձնելու նպատակով։
Կապանյան ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք Փաշինյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ Ապրիլյան պատերազմը սանձազերծվել և կազմակերպվել է Ռուսաստանի կողմից, Փաշինյանը չտվեց հոդաբաշխ պատասխան։ Նախ հարցադրման հենց առաջին վայրկյանից միանշանակ էր, որ «ժողովրդի վարչապետը» դիսկոմֆորտ վիճակում է և հարցի հնչեցման ժամանակահատվածում փորձում էր համապատասխան տարբերակի ընտրություն կատարել։ Այդ մի քանի տասնյակ վայրկյանները բավարար էին, որպեսզի «մեծ մանիպուլյատորը» կարողանար հստակեցնել իր ասելիքը և ստի և «կռուտիտի» հերթական չափաբաժինը հանրության առաջ ի ցույց դնել։ Այդ դրվագում Նիկոլ Փաշինյանն իրեն դրեց «ուժեղ տղու» տեղ և հայտարարեց, թե՝ «այն, ինչ ասել եմ 2016-ին, շարունակում է մնալ ուժի մեջ», և ինքը «չի հրաժարվում այդ գաղափարից»։
Այստեղ, սակայն, մի հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ, որը հանրության ու լրատվամիջոցների աչքից սպրդեց․ խոսքը Փաշինյանի այն պնդման մասին է, ըստ որի՝ նա ռուսական ղեկավար շրջանակներում այս հարցի վերաբերյալ իր տեսակետը հստակ ներկայացրել է, ինչպես նաև բացահայտ նշել իր մտահոգությունների մասին։
Այս թեմայի հետ կապված զարմանալին այն է, որ Փաշինյանը նշում է, թե իրենց հանդիպումների ժամանակ ռուսական շրջանակներից ինքը ստացել է իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։
Ակամայից սա քաղաքական զարգացումներին ուշադիր հետևող մարդկանց մոտ մի տեսակ դեժավյու է հիշեցնում, երբ 2018-ին ԱԺ-ում ընտրվում էր ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, և ԱԺ-ում միայն Նիկոլն էր՝ իր «Ելք»-ի պատգամավորների հետ, ամբիոններից հայտարարում, թե Սարգսյանը չունի ՀՀ քաղաքացի լինելու համապատասխան փաստաթուղթը, իր բառերով ասած՝ «царь не настоящий», և նմանօրինակ մի շարք պնդումներ, իսկ արդեն այս ելույթից երկու ամիս անց, արդեն վարչապետի կարգավիճակով հանդիպեց նախագահ Արմեն Սարգսյանի հետ և «համոզվեց», որ քաղաքացիության հետ կապված այդ կասկածելի փաստաթուղթն իրականում գույություն ունի։
Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը խոսել է ռուսական շրջանակների հետ, ըստ էության, նրա հերթական մանիպուլյացիաների շարքից է և իրականության հետ ոչ մի աղերս իրականում չունի, քանի որ նախ՝ դեռևս 2016-ին, երբ նա անում էր այդ արտահայտությունը, միանգամայն պարզ էր, որ դա ուղղակի հանրային ուշադրությունը շեղելու հնարք է։ Այսինքն՝ դեռևս 4 տարի առաջ ասված ստի հիման վրա Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական սուտ պնդումն առաջ տարավ, քանի որ նա նույնիսկ տեսականորեն ի զորու չէր նման հարցապնդումներ առաջ քաշել, ավելին՝ ռուսական շրջանակներից համապատասխան պարզաբանում պահանջել։
Այսօր ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանը փաստացի մնացել է միայնակ՝ հայտնվելով նույն քաղաքական տեղապտույտի մեջ։ Իրականում Նիկոլ Փաշինյանը ներկա պահին չունի հստակ քաղաքական սատարում՝ անգամ սեփական թիմի ներսում, բոլորը մի յուրահատուկ զգուշավորություն են պահպանում՝ քաջ գիտակցելով, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո պետք է պատասխանատվություն կրեն։ Նախօրեին Երևանի ավագանիում «Իմ քայլը» խմբակցության 19-ամյա երիտասարդի էքսցենտրիկ պահվածքը տալիս է փաշինյանական թիմի դասական գնահատականը։
Արմեն Հովասափյան