Հայաստանը առաջին անգամ Վերին Լարսում ներկայացուցիչ կունենա։ Այս պաշտոնում նշանակվել է Արամ Թանանյանը՝ երեք տարի ժամկետով, որը նախօրեին գործադիրի նիստից հետո հայտարարեց, որ այսօր Լարսի անցակետում գրանցվող ցանկացած խնդիր լուծվում է հեռակա կարգով, իսկ ներկայացուցիչ ունենալու պարագայում հնարավորություն կստեղծվի դեմ առ դեմ քննարկելու բոլոր խնդիրները, որոնք ավելի արագ, օպերատիվ եւ հիմնավորված գործողություններ են ենթադրում։
Ի՞նչ կտա գործարարներին Հայաստան–Հյուսիս միջանցքով փոխադրումներ իրականացնելու համար Հայաստանի ներկայացուցիչը, քանի որ փոխադրումների հետ կապված խնդիրները ծագում են տարվա ցանկացած եղանակի՝ տարբեր պատճառաբանություններով։
Հերբերտ Համբարձումյանը՝ «Փոխադրող ընկերությունների» ղեկավարը, որը 18 տարի է զբաղվում է բեռների փոխադրմամբ, Վերին Լարսի անցակետում երկու ֆորսմաժորային իրավիճակ է առանձնացնում․ առաջին՝ առատ տեղացած ձյան պատճառով ճանապարհների փակում, եւ սեզոնային եղանակով պայմանավորված զբոսաշրջիկների հոսքի ավելացում, որը ռուս–վրացական սահմանակետում մեքենաների կուտակումների է բերում։ Ըստ Համբարձումյանի, Լարսում Հայաստանի ներկայացուցիչը կօգնի հայ փոխադրողներին ոչ թե նշված ֆորսմաժորային իրավիճակներից դուրս գալ, այլ տեղում ծագող ընթացակարգային հարցերին անմիջական լուծում տալ։
«Մենք կողմ ենք նման որոշմանը, Հայաստանի ներկայացուցիչը կօգնի մաքսային որոշ ձեւակերպումների արագացման հարցում, որոնք ծագում են սահմանակետում, տարբեր հարցերի վերաբերյալ։ Մեքենաների կուտակումների արդյունքում պարբերաբար հնչող այս ձեւակերպումը, որ քանի օր է բերքը մնացել է սահմանին եւ փչացել է, այդ հարցերը կլուծվեն արագացված ընթացակարգով, եթե դրանք չեն առաջացել սահմանը հատելու այլ պահանջների հետ։ Մինչ կցորդի նշանակումը, ընթացիկ հարցերը երկար ժամանակում էին լուծվում, իսկ այս նշանակմամբ՝ արագ լուծում կտրվի»։
Ինչ է իրենից ենթադրում՝ «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային ներկայացուցչության գործառույթը։ Ինչպես այսօր ՊԵԿ–ից փոխանցեցին եւ նախօրեին հայտնել էր նաեւ Արամ Թանանյանը, լիազորությունների հարցը դեռ վերջնականորեն չի սահմանվել, բայց այսուհետ Վերին Լարսի անցակետում գրանցվող ցանկացած խնդրի դեպքում հայ փոխադրողները, եւ ոչ միայն, իրենց հարցերին լուծում կտան ոչ թե հեռակա միջամտությամբ, այլ` ուղիղ։
« Առաջին իսկ քայլով պետք է ուսումնասիրել նախ ինչ իրավիճակ է ստեղծվել, եւ խնդիրներից ելնելով հասկանալ՝ ի՞նչ պետք է անել, ինչու դա չի բավարարում, ապահովում մեր տնտեսական անվտանգությունը, մշակել համապատասխան միջոցառումների ցանկ, այնուհետեւ՝ ձեռնամուխ կլինենք իրականացմանը»։
Ըստ Արամ Թանանյանի, գործարարների, փոխադրող ընկերությունների կարծիքները, մեղադրանքները կամփոփվեն, կընդունվեն համապատասխան որոշումներ․
«Կաշխատենք վերացնել թերացումները, խոչընդոտները, որպեսզի տնտեսվարողներն արագ հասնեն Հայաստան եւ հակառակը։ Հնարավոր է` ոմանց կողմից կլինեն դիտավորության էլեմենտներ, որովհետեւ տնտեսվարողները շփվում են տարբեր ատյանների եւ մարմինների հետ»։
«Բեռնափոխադրող ընկերությունների» ղեկավարը բացառեց կոռուպցիոն դրսեւորումները, կուտակումները հիմնականում պայմանավորեց սկզբում նշած երկու ֆորսմաժորային իրավիճակներով։
Ամբողջությամբ՝ armradio.am